Mane Babajanyan

Անտարբեր սահադաշտը

Քաղաքիս մարդկանց անտարբերությունն ինձ զարմացնում է: Գիտե՞ս ուզում եմ քեզ հետ ևս կիսվել: Կլսե՞ս: Լա՛վ, հիմա կպատմեմ:

Այ, տե՛ս, օրինակ՝ երեկ, երբ գնում էի դասի, ընկա: Ամբողջ փողոցը սառցադաշտի էր վերածված: Անկեղծ ասած՝ հեռվից, երբ նայում ես, շատ գեղեցիկ է թվում։ Կարծես հեքիաթից լինի։ Ամբողջը ճերմակ է: Բայց դե, դա միայն առաջին հայացքից, իրականում, երբ ընկնում ես, այդ գեղեցիկ հեքիաթն ասես մեկ վայրկյանում անհետանում է:

Առաջին բանը, որ անցավ մտքովս՝ մեղադրանքներն ու բողոքներն էին, թե ինչո՞ւ են ճանապարհներն այս վիճակում: Երևի շատերդ ինձ հասկանում եք, չէ՞: Բայց սրանով պատմությունս դժվար թե ավարտվի: Լա՛վ, լա՛վ, հիմա ամբողջը կպատմեմ։ Երբ կանգնեցի ու շարունակեցի ճանապարհս, ավելի ահավոր մի բանի ականատես էղա: Տեղի էր ունեցել ավտովթար. 8 մեքենա իրար էին բախվել՝ պատճառն իհարկե, չմաքրված ճանապարհներն էին: Երբ ոստիկանները մեքենաները դուրս բերեցին ճանապարհի կենտրոնից, միայն դրանից րոպեներ հետո վերջապես ժամանեց ճանապարհամաքրման մեքենան ու սկսեց աղ ու ավազով ծածկել այդ «վթարների սահադաշտը»: Դե, հետո էլ, որ խնդիր առաջանար, երևի կասեին․«Ճանապարհը մաքրված էր, մենք մեղավոր չենք»: Հավատացե՛ք, չէի զարմանա: Դե, բարեբախտաբար զոհեր չկային, բայց դա չի արդարացնում նրանց անուշադրությունն ու անպարտաճանաչությունը:

Այսօր կրկին անցնում էի նույն ճանապարհով, ու նույն «սահադաշտն» էր: Սկսեցի մտքումս դժգոհել ու բողոքել, որ երեկվա դեպքից դասեր չեն քաղում: Ու հենց այդ պահին, ի զարմանս ինձ, հայտնվեց մեքենան ու սկսեց իրականացնել իր «պարտականությունները»: Բացի այդ, ամեն փողոցում մեկ-երկու ոստիկան կանգնած, հսկում էին երթևեկությունը:

Լավ է գոնե սխալներից դասեր են քաղում, եթե ոչ՝ հաջորդ վթարի ժամանակ դժվար թե կրկին բախտները բերեր: