ani v. shahbazyan malishka

Աշխարհը մեր միջով

Ըհըն: Հասա կանգառ: Ինչպես միշտ՝ շնչակտուր եմ: Գիտեմ, որ չեմ ուշանալու, բայց չէ, պետք է միշտ վազելով գնամ: Թե ինչի՝ ես էլ չգիտեմ: Այս կանգառը չեմ սիրում, որովհետև միշտ քաոսային է ու վտանգավոր: Իսկ ես իմ սովորության համաձայն ճանապարհն անցնում եմ այն ժամանակ, երբ ուզում եմ, չնայած՝ մեքենաներն ինձ միշտ զիջում են: Ինչևէ: Բայց ինչ հետաքրքիր տեղում եմ կանգնած, այստեղով անցնում են աշխարհի ամենատարբեր մարդիկ և ամենատարբեր հոգեվիճակները: Սա այն ճանապարհն է, որը մեր գյուղի՝ Մալիշկայի տակով է անցնում: Դե, ինչպես գիտեք (կամ՝ չգիտեք), Մալիշկան փռված է մեծ ճանապարհի եզրին: Իսկ այս ճանապարհով մարդիկ ուր ասես գնում են: Ճամփաների խաչմերուկում կանգնած՝ 15 րոպեն էլ է բավական հասկանալու համար, որ բոլորի հուզմունքը, ուրախությունը, տագնապը, սպասումն ու տխրությունը հենց այս ճանապարհով է անցնում: Չէ, լիովին չի անցնում, մի փոքրիկ հետք այստեղ հաստատ մնում է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան զգացմունքներ ու հոգեվիճակներ կան այստեղ թաքնված: Առևտրի են գնում, հայրենիք են գալիս, գնում են կռիվ, զոհված ու վիրավոր են տեղափոխում: Մեկը գնում է աշխատանք փնտրելու, մյուսը՝ շտապում է տեսնել իր սիրած աղջկան, մեկը՝ ներկաթաթախ ու դողացող ձեռքերով բռնել է կտավը և տանում է վաճառելու, մեկն էլ թոռնիկ է ունեցել ու շտապում է նրան առաջինը տեսնել, մի զբոսաշրջիկ է, ով գնում է Ջերմուկի տեսարժան վայրերը տեսնելու, մի ընտանիք, որ գնում է Արցախ՝ տեսնելու, թե ինչպես է իրենց որդին հայրենիքին երդում տալիս, մեկը բարեհաջող քննությունից հետո ուրախ գնում է տուն, մյուսը՝ օդանավակայան: Այն մեկը լուսանկարիչ է, գնում է աշնանային ֆոտոշարք անելու, մյուսն էլ ես եմ, արդեն 15 րոպե սպասում եմ ավտոբուսին:

Մենք այստեղ կանգնած՝ աշխարհը գալիս մեր միջով անցնում է: Սկսեցի սիրել այս կանգառը: