manik poghosyan

Աշխարհի ամենահարուստ երեխաները

Գիտեք, աշխարհում ամենահարուստ երեխաները տատ ունեցող երեխաներն են։ Տատիկի համար կարևոր չէ՝ դու կուշտ ես, տաք ես հագնված, թե դաս ես արել, մեկ է, ինքը ասելու է՝ հաց կեր, շոր հագի, վեր կաց դաս արա։

Առհասարակ, մանկությունիցս քիչ բան եմ հիշում, եղածն էլ տատիս հետ է կապված, տատիս թխած հացի, պատմած պատմությունների։ Մինչև հիմա տատիս թխած հացի համը բերանումս է։ Էն փռան հացի, որի համար իրար հետևից ինը թոռները հերթ էին կանգնում, թե երբ պետք է լինի, որ տաք հաց ու պանիր ուտեն։ Չեք պատկերացնի, բայց դա աշխարհի ամենալավ ուտելիքն էր։

Տատս 70 տարեկան է, բայց իրեն հարցնես՝ կասի՝ հոգով ձեզանից ջահել եմ։ Մինչև հիմա ծոռանը կդնի ոտքերին ու «հայ նա նինայ» երգելով կպարացնի, ինքն էլ հետը կպարի։ Տատիս եռանդի կեսը գոնե ունենայինք։

Ուզո՞ւմ եք 10 տարով ջահելանալ, ուզո՞ւմ եք մի շաբաթ անդադար ծիծաղել, մի օրով եկեք տատիս մոտ, աշխարհում ուրիշ տեղ իր պատմություններից չեք լսի։ Էնքան հաճելի է, երբ փողոցով քեզ համար կքայլես, մեկ էլ հանկարծ մեկը կհարցնի՝ Լիդա տատը ո՞նց ա, ու դու քեզանից գոհ կպատասխանես՝ լավ ա, տատիս ինչ ա եղել։

Թոռների կռիվն էլ եղել ու մնում է, թե ում է ավելի շատ սիրում Լիդա տատը։ Իսկ այդ հարցը ամեն անգամ տալիս տատս պատասխանում է․

-9 մատ ունեմ, վե՞ր մատս կտրեմ, վեր արին չկյա։

Հիմա, երբ մի քիչ մեծացել եմ, հասկանում եմ, որ դեմքիդ կնճիռների պատճառը էդ նույն ինը թոռներն են։ Էն նույն թոռները, որոնք ուրախությունդ են։

Մենակ մի բան եմ ուզում․ ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, ամեն անգամ տուն վերադառնալիս, միշտ նույն բազկաթոռին նստած լինես, տատ։

Նույն բազկաթոռին, տա՜տ…