Առաջին հաղթանակը

Դիաննա Ստեփանյանն ապրում է Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղում: Այս տարի նա դարձել է ասմունքի մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող:

-Դիաննա, կպատմե՞ս մրցույթի մասին:

-Այս տարվա ասմունքի մարզային փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնկացում էին ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ջավախքի աշակերտները, որոնց թիվը հասնում էր 2800-ի: Վայոց Ձորի մարզում նրանց թիվը 60-ն էր, որոնցից 6 լավագույնն անցան հանրապետական փուլ, նրանցից մեկը ես էի: Մայիսի 10-ին կայացավ ասմունքի մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին մոտ 89 աշակերտ: Այդ 89 աշակերտներից 10-րդ հոբելյանական գալահամերգին մասնակցեցին 43-ը, որոնք էլ ճանաչվեցին հաղթողներ: Ես 43-ից մեկն էի:

-Ինչպե՞ս եղավ, որ մասնակցեցիր մրցույթին:

-Ես ասմունքի մրցույթին մասնակցում եմ 2-րդ անգամ: 2016թ-ին ինձ չհաջողվեց հաղթել մարզային փուլում: Այդ անգամ կարծես ինչ-որ մեծ միջոցառման փորձ լիներ, իսկ այս տարի ես այնպիսի զգացում ունեի, ասես արդեն փորձաշրջան եմ անցել, և ինձ մնում է միայն հաղթել:

-Իսկ ի՞նչ ես ասմունքել:

-Ասմունքել եմ Սիլվա Կապուտիկյանի «Սիրո երգը» և «Ես չե՛մ վախենում թշնամիներից», Մարո Մարգարյանի «Արտերի ճամփին», «Ես չպահեցի ինձ քրոջ նման» բանաստեղծությունները:

-Ինչպիսի՞ զգացողություններ ես ունեցել:

-Գիտե՞ս, Տաթև ջան, ես արտասանելիս և երգելիս նայում եմ ուղիղ ժյուրիին և հանդիսատեսին: Բեմի վրա ես զգում էի, որ հաղթելու եմ, որովհետև ժյուրիի անդամները հավանության նշաններ էին անում: Մինչև արդյունքներն իմանալը հակասական մտքեր էին ծնվում իմ մեջ, զգացողություններս չեմ կարող նկարագրել:

-Ի՞նչ ես ստացել որպես պարգև:

-Որպես պարգև ես ստացել եմ խրախուսական մրցանակ՝ 10 անուն գեղարվեստական գրքեր և բջջային հեռախոս:

-Ինչպե՞ս ընդունեցին դպրոցում, գյուղում և ընտանիքում քո հաղթանակը:

-Դպրոցում թե՛ աշակերտ, թե՛ ուսուցիչ, շատ ուրախ էին ինձ համար, բայց ուզում եմ առանձնացնել իմ գրականության ուսուցչուհուն՝ ընկեր Համբարձումյանին, ով ինձանից հետո ամենաուրախ մարդն էր: Նաև տնօրենիս, նա ինձ ընդունեց իր աշխատասենյակում: Ամեն քայլափոխի շնորհավորում էին:

Ընտանիքս… Չեմ ուզում խոսել, թե ինչպես ընդունեցին ինձ: Խնջույք կազմակերպեցին, նվերներ տվեցին: