«Ավրորայի» արշալույսը

Զրույց երիտասարդ պարուսույց Ալվարդ Համբարձումյանի հետ:

-Ինչպե՞ս սկսեցիր պարով զբաղվել:

-Պարել փոքր տարիքից եմ սիրել, և տատիկս դա լավ գիտեր: Նա էլ ինձ պես պարել շատ է սիրել: Պարելով գյուղի փոքրիկ խմբում, ունեցել է իր առաջին բեմելը, իսկ հետո ավելի կատարելագործվելով հաջորդել է իր պարուսույցին: Եվ չնայած նրան, որ հայրս դեմ էր իմ պարի գնալուն, տատիկս իր նպատակին կարողացավ հասնել, ինչի արդյունքում ես սկսեցի հաճախել պարի դասերի:

-Որտեղի՞ց սկսեց քո պարային ուղին:

-Պարային ուղիս սկսեց Ռաֆիկ Համբարձումյանի խմբից: Իսկ հետո մոտ 5 տարի պարել եմ Ծովինար Դավթյանի խմբում: Այդ ընթացքում շատ ելույթներ եմ ունեցել և մի շարք համերգների մասնակցել: Այդ ամենը սիրողական բնույթ էր կրում: Բայց պարը արդեն հասցրել էր իմ անբաժանելի մասը դառնալ, դրա համար որոշեցի, որ պետք է պրոֆեսիոնալ պարարվեստում լինեմ: Եվ առաջին ու ամենակարևոր քայլը դա Վանաձորի «Հորովել» երգի- պարի անսամբլի դպրոց-ստուդիան ընդունվելն էր: Այստեղ 4 տարվա ուսումնառությանս ընթացքում ստացա բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին: Այդ գիտելիքները կրկնապատկեցի և ավելի ամրապնդեցի արվեստի պետական ուսումնարանում: Հիմա ես պարարվեստի ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող եմ:

-Հիմա դու ինքդ ես դասավանդում, այդպես չէ՞:

-Այո, այս տարի ես իմ խումբը բացեցի: Եվ 14 փոքրիկներ 2 ամիս է, ինչ որպես պարողներ իրենց առաջին քայլերն են անում:

-Հե՞շտ էր խումբ հավաքելը, տարածք գտնելը:

-Չեմ կարող ասել, որ դժվար է եղել, որովհետև ինձ աջակցել են իմ բոլոր ընկերները, ծանոթները, իմ դպրոցի ուսուցիչները: Անշուշտ դժվարություններ էլ են եղել, բայց դրանք հաղթահարվել են:

-Իսկ դժվար չէ՞ այսքան վաղ տարիքից աշխատելը:

-Շատ տղաներ 14, 15 տարեկանից աշխատում են: Ի՞նչն է խանգարում ինձ աշխատել 17 տարեկանում: Միակ դժվարությունը այն է, որ շատերը լուրջ չեն ընդունում: Շատ ծնողներ կարծում են, որ այս տարիքում իմ գիտելիքները բավական չեն լինի երեխաների հետ աշխատելու համար: Բայց պետք է խոստովանեմ, որ այս երկու ամիսների ընթացքում մեծ աշխատանք եմ արել: Եվ կարծում եմ, որ այդ աշխատանքի պտուղները նոր տարում ակնհայտ կլինեն: -Ասում են միայն սկսելն է դժվար, չէի՞ր վախենում, որ կարող է չհաջողվեր:

-Ես մինչև հիմա էլ վախենում եմ, բայց ռիսկի գնալ պետք էր: Ես վախենում էի, որ այսքան շատ պարուսույցներ ունեցող քաղաքում չէի կարողանա խումբ հավաքել: Սկզբում սկսել եմ աշխատել երկու-երեք երեխայի հետ, հիմա նրանք տասնչորսն են: Միգուցե վաղը նրանք ավելի շատ կլինեն: Բայց առաջնայինը դա նրանց կատարողական որակն է, ոչ թե քանակը: Ես ուզում եմ, որ իմ խմբում պարող յուրաքանչյուր երեխայի կարողանամ փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, և ամենը, ինչ դեռ սովորելու եմ:

-Թող աշխատանքդ իր սպասված արդյունքը ունենա: Մոռացա հարցնել` խումբդ ինչպե՞ս ես կոչել:

-Ավրորա…