Seroj araqelyan

Արդեն մի գյուղացի ենք

Երևի տեղյակ կլինեք, որ ՀՀ կառավարությունը օրենք ընդունեց, որ որոշ համայնքներ պետք է միանան: Այդ թվում նաև մեր գյուղը՝ Բաղանիսը: Համայնքների միացման լուրը բնականաբար վատ անդրադարձ ունեցավ գյուղացիների վրա, քանի-որ բոլորի մտքին այն էր, որ էլ ուշադրության կենտրոնում չեն լինելու: Այն ժամանակ մեկ գյուղ մեկ անուն էր, իսկ հիմա չորս գյուղ՝ մեկ անուն: Մինչ որոշման ընդունելը գյուղացիները ցույցեր կազմակերպեցին՝ պլակատներ գրելով «Դեմ ենք միացմանը», Նոյեմբերյան քաղաքի մեջ ճանապարհ փակեցին, բայց այդ ամենը ոչինչ չփոխեց, համայնքները միացվեցին:

Էն ժամանակ, որ գյուղապետի ընտրություններ էր լինում, հիմա էլ չի լինելու: Համայնքների խոշորացման վատ կողմերից են՝ որ գյուղապետ չի լինելու, քաղաքապետի կողմից ավագանի է ընտրվելու ով կղեկավարի այդ տարածքը: Մինչդեռ մեր գյուղապետը հովանավորներ էր գտնում գյուղի խնդիրները լուծելու համար, անգամ ֆեյսբուքով, և մենք՝ Բաղանիսի թղթակիցներս հաճախ ենք այդ մասին գրել:  էն ժամանակ նշվում էր գյուղի անունը, իսկ հիմա ասում են անվանվելու է Նոյեմբերյանի համայնք:  «Առաջ, երբ ինչ-որ հարց կամ խնդիր էր լինում՝ դիմում էինք գյուղապետին, հիմա դիմելու ենք ավագանուն, ով պետք է տեղեկացնի քաղաքապետին»,- ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Չգիտեմ՝ հիմա, որ հարցնեն, թե որտեղ եմ նկարչության գնում, ի՞նչ ասեմ. կողքի գյո՞ւղ, բայց չէ՞որ մենք արդեն մի գյուղ ենք. էլ Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար կամ Ջուջևան չի լինելու, արդեն Նոյեմբերյան է: Մեկի մոտ էլ ասեն նոյեմբերյանցի, կասեն հենց Նոյեմբերյան քաղաքում ա ապրում: Երբ գնում եմ նկարչության, էնտեղի ընկերներս կատակում են. «Ի՞նչ կա համագյուղացի, ո՞նց ես»,- ու էդպես ամեն տեսնելիս:

Ճիշտ է, ճանապարհի մոտից հանելու են ցուցանակները, որոնց վրա գրված է լինելու Բաղանիս, Ոսկևան, Ջուջևան, բայց մեկ է, Բաղանիսը մնալու է Բաղանիս, Ոսկևանը՝ Ոսկևան: