elada petrosyan

Արզակա՞ն, թե՞ Աղվերան

Արզակա՞ն, թե՞ Աղվերան… Իրականում այս երկու անվանումները տանում են միևնույն վայրը՝ Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին տեղավորված, Կոտայքի մարզի Արզական գյուղ: Բայց, չգիտես՝ ինչու, մարդկանց ավելի հայտնի է Աղվերան անվանումը, որը բնակիչների զայրութի պատճառն է դառնում:

Ըստ մեծերի պատմածի՝ Աղվերան անունը դեռ հին ժամանակվանից է եկել, երբ մի քանի թուրքեր եկել են այստեղ, սարերում մնացել և հենց իրենք էլ այդ անունը կնքել են: Հետագայում բերանից բերան փոխանցվելով՝ այն դարձել է էլ ավելի հայտնի, քան Արզական անվանումը:

Երբ Արզականի բնակիչերից որևէ մեկին հարցնում են, թե որտեղից է, լսելով Արզական անվանումը՝ զարմանում են՝ դա որտե՞ղ է, ո՞ր մարզում է գտնվում: Բայց երբ դժգոհ դեմքով արտասանում ես Աղվերան անվանումը, խոսակիցդ գոհ ժպտում է՝ հա՜, ես եղել եմ այդտեղ, հոյակապ բնություն ունեք, տաք ջրեր, իրական դրախտը ա՛յ Աղվերանն է: Իսկ երբ այդ ամենից հետո պատմում ես դիմացիդ մարդուն, որ Աղվերան անվանումը թուրքական է, զարմանում են, բայց միևնույնն է՝ նրանք կրկին օգտագործում են Աղվերան անվանումը, քանի որ դա «պրիստիժի» հարց է… Մի քանի հանգստի գոտիներ հենց Աղվերան անվանումն են կրում, այլ ոչ թե Արզական, այդ պատճառով Աղվերանն էլ ավելի մեծ տարածում է ստանում:

Լա՛վ, անտեսելով Աղվերան անվանումը՝ խոսեմ Արզական գյուղի հիմնադրման, բնության, տնտեսության, հանգստի գոտիների, բնակչության և մշակութային ժառանգության մասին:

Գյուղի միջով հոսում է Դալար գետը, որը, սկիզբ առնելով Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտից, գյուղի վերջնամասում միանում է Հրազդան մայր գետին ու նրա հետ շարունակում ճանապարհը: Արզականը՝ որպես բնակավայր, հնամյա պատմություն ունի: Ըստ պատմիչների վկայության՝ Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Երկրորդը, շրջելով իր տիրույթում, հիանում է իր տեղանքով և որոշում հենց այստեղ կառուցել իր պալատը: Պալատն իր անունով էլ անվանակոչել է Արտավազդական: Այժմ պալատի տեղը հայտնի չէ, սակայն գետի մոտ կառուցված գյուղը, ինչպես տեսնում եք, մինչ օրս գոյատևում է: Հետագայում Արզական գյուղն ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդի ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։

Արզականում կան տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող պատմական հուշարձաններ՝ ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, և Զորավար Անդրանիկին նվիրված հուշաքար: Իսկ գյուղի սրբավայրերից հայտնի են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Աստվածածին (Չորուտի վանք) եկեղեցին, Սուրբ Ստեփանոս (Սուրբ Աստվածածին, Սուրբ Թադևոս առաքյալ) եկեղեցին, Եկեղեցական համալիր «Գհուկի վանքը» (Բոլորահար): Եկեղեցիների, աղոթատեղիների, վանքերի ու մատուռների հետազոտություններից պարզվել է, որ վանքերից մի քանիսը կառուցվել են հեթանոսական տաճարների հիմքի վրա:

Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։ Ներկայումս Արզականում ապրում է 3000 մարդ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ, այգեգործությամբ, Արզականում զարգացած է նաև անասնապահությունը: Գյուղը նախկինում հայտնի է եղել իր խնձորի այգիներով, անգամ Նաիրի Զարյանը, համից հիացած, բանաստեղծություն է գրել «Արզականի խնձորենիները» վերնագրով:

Իսկ Արզականի հանգստյան գոտիներում կան բազմաթիվ առողջարաններ ու ամառանոցներ, տաք ջրի աղբյուրներ, որոնցից ոչ բոլորն են վճարովի: Դալար գետի կողքին կա մի տաք ջրի աղբյուր, որն անցած տարի ցամաքել էր, բայց այս տարի, հավանաբար՝ երկրաշարժերի թեթև ցնցումներից նորից ցայտում է: Այդ ջրի ջերմաստիճանը հասնում է 47-50 աստիճանի, այն կարող են օգտագործել բուժիչ նպատակներով, բայց, ցավոք սրտի, այդ տաք ջուրը թափվում է գետը: Հիմնականում հանգստացողներն ընտրում են Արզականը հենց տաք ջրերի համար: Հանգստավայրերը աշխատատեղ են հանդիսանում բնակիչների համար, գյուղում կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ, բայց գրեթե չկան մշտապես հեռացողներ:

Նաև հպարտորեն կարող եմ շեշտել, որ Արզականը համարվում է մարզի բարեկարգ բնակավայրերից մեկը՝ դա նաև այն պատճառով, որ գյուղամիջյան ընդհանուր ճանապարհը վերանորոգված է, ունի գիշերային լուսավորության համակարգ:

Գյուղում նաև առկա է բուժամբուլատորիա, որը գտնվում է բարեկարգ վիճակում: Արզականը ունի մեծ դպրոց, որը կրում է նույն դպրոցն ավարտած, Արցախյան պատերազմի հետոս, Խ. Խաչատրյանի անունը: Դպրոցն ու մանկապարտեզը նույնպես գտնվում են բարեկարգ վիճակում:

Նաև կարող եմ վստահորեն ասել, որ մենք՝ արզականցիներս, հյուրասեր ենք, լայնախոհ, և իզուր չեն ասում, որ Արզականն իրական դրախտավայր է բոլոր այցելուների համար: