Արզականի հերոսները

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

2015 թվականի հունվարի 20-ը սովորական օր չէր:

Արզականում այդ օրը մի խումբ տղաներ էին զորակոչվում բանակ, որոնց մեջ էր եղբայրս՝ Սանասար Պետրոսյանը: Հպարտությամբ եմ այս ամենը ասում, չնայած որ այդ օրը շատ հուզված էի և չեմ էլ հիշում, թե ինչպես եմ եղբորս ճանապարհել: Միայն հիշում եմ, որ բոլոր նորակոչիկները և իրենց հարազատները՝ այդ թվում մենք, հավաքվել էինք կամուրջի մոտ և դհոլ-զուռնայով ճանապարհում էինք նրանց և մաղթում խաղաղ ծառայություն:

2016 թվականի մարտին ստացանք մի նամակ: Այն սովորական նամակ չէր, այլ շնորհակալական նամակ էր՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, որտեղ շնորհակալություն էր հայտնվում ծնողներից՝ Պետրոսյաններիցս, Սանասարի լավ ծառայության համար: Մենք բոլորս միասին կարդացինք շնորհակալագիրը: Այնտեղ այնպիսի բառերով էր բնութագրվում եղբայրս, որ անգամ կարդալուց հուզվեցինք, հետո եղբորիցս զանգ եկավ, հայրս վերցրեց:

-Հա՛, տղես:

- Պա՛պ, տղեդ մեդալներ ա ստացել:

-Ի՞նչ մեդալ, տղա՛ ջան:

-Պա՛պ, ուրեմն՝ «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ», տենց էլի՛ …

Էլ ավելի հպարտացանք այս ամենը իմանալով, սակայն մի քանի օր անց

18-19 տարեկան զինվորները 2016 թվականի ապրիլին «ճաշակեցին» քառօրյա պատերազմի համը:

Չեմ էլ կարող ներկայացնել, թե այդ օրերին զինվորների ծնողների վիճակը ինչպիսին էր: Մեր տանը այսպիսի վիճակ էր տիրում՝ հայրս համակարգչի և հեռուստացույցի դիմացից այն կողմ չէր գնում: Մայրս ու տատս ոչինչ չէին խոսում, ընդամենը խաղաղություն էին աղերսում:

Ապրիլի 4-ին դպրոցից եկա տուն: Տան մի մասում տղամարդիկ հավաքվել, քարտեզն էին ուսումնասիրում, իսկ մյուս մասը՝ քննարկում էր այդ օրերին կատարված գործողությունները, իսկ ես՝ ոչինչ չէի խոսում:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այն տղաները, ովքեր 2015 թվականի հունվարին առանց վախի զգացումի, անգամ, կատակելով մեկնում էին բանակ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդեն հերոսներ էին՝ Վարդգես Գրիգորյանը, Խոսրով Աբրահամյանը, Արման Առաքելյանը, Ռոմիկ Մկրտչյանը, Արամ Հունանյանը, Մհեր Մկրտչյանը, Ֆրունզե Աթանեսյանը, Ռազմիկ Խլղաթյանը, Հարություն Հարությունյանը, Սանասար Պետրոսյանը, Ռազմիկ Ավետիսյանը, Գարիկ Հարությունյանը և, թող ներեն այն հերոսները, որոնց անունները չնշվեցին այստեղ, բայց նրանց բոլորի անունները արդեն հավերժացվել է հայոց պատմության անմոռանալի էջերում:

Արդեն 25 տարի է, որ Հայաստանը ձեռք է բերել իր անկախությունը և այդ 25 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած շքերթին մասնակից էր նաև եղբայրս՝ որպես կարգապահ և խիզախ զինվոր:

Եվ որպես զինվորի քույր, ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել անկախության տոնի առթիվ: Թող ոչ մի զինվոր թշնամու գնդակին չհանդիպի: Նաև շնորհավորում եմ մեր հերոսներին, ովքեր իրենց սխրանքներով ապացուցեցին, որ հայ ազգը անպարտելի է՝ մեր այսօրվա հերոսացած զինվորների շնորհիվ: