Արվեստն ավազում

-Մյուս տարվա համար նախատեսում ենք նկարել ավազանկարչական մուլտ: Արդեն ունենք սցենարը և նաև որոշ կադրեր ենք պատրաստել,- այս մասին հայտնում է ավազանկարչուհի Լիլիթ Ստեփանյանը և ավելացնում,- անիմացիան կլինի ավելի շատ հեքիաթային ու այլաբանական ժանրով, իսկ ավելի ուշ նախապատրաստում ենք մանկական ներկայացում, որտեղ կօգտագործենք ավազանկարչական տարրեր:
Ըստ Լիլիթի, ավազանկարչությունը սկիզբ է առել Կանադայում, իսկ Հայաստան տեղափոխվել է Ռուսաստանից: ‹‹Հայկական ոճը բավական տարբեր է, թե′ նկարելու, թե′ տեխնիկայի և թե′ ավազի բաղադրության առումով,- նշում է ավազանկարչուհին,- մեր աշխատանքային ավազն ավելի նուրբ է, հարմար տարբեր երանգներ ստանալու համար, իսկ ռուսականը փոքր-ինչ ավելի կոշտ է ու ամուր››:
Ավազանկարչության հումքը՝ ավազը, ծովի նույն ավազը չէ: Այն բարձրակարգ տեսակի է, մի քանի մաքրման փուլ է անցնում մինչ հայտնվելը ավազանկարչի ձեռքերում: Ավազանկարիչ լինելու գլխավոր պայմանը պրոֆեսիոնալ նկարիչ լինելն է: -Ավազի վրա նկարելը ավելի դժվար է, որովհետև այս դեպքում միջնորդավորված գործիք չունենք, շատ ջնջումներ կամ ուղղումներ անելու հնարավորություն էլ չկա: Այստեղ թե′ մեր մատիտը, և թե′ ռետինը մեր ձեռքերն են,- պարզաբանում է մեր հերոսը:
Ավազանկարիչ լինելու երկրորդ պայմանը, ըստ Լիլիթի, վառ երևակայություն ունենալն է: Կրեատիվությունը, ստեղծագործական ճաշակն ու երաժշտությունը զգալը ամբողջացնում են այս մասնագիտության անհրաժեշտ որակները:
Յուրաքանչյուր ավազանկարչի տեխնիկան տարբեր է:
-Ինձ ավելի հարմար է նկարել ցուցամատով, մեկ ուրիշին` ափերով, երրորդին` ճկույթով,- նշում է ավազանկարչուհին,- ինձ համար դրանից ավելի կարևոր է իմ աշխատանքի որակը: Ես մինչև ավազին անցնելը նույն աշխատանքն անում եմ թղթի վրա՝ նկարում եմ, հղկում, կադրավորում, ջնջում ու նորից փորձում և հետո նոր միայն սկսում աշխատել ավազով:
Մատների ճկունությունը ավազանկարչի հաջողության գրավականն է: Ինչպես ասում է պրոֆեսիոնալ ավազանկարչուհին՝ այս հատկությունը մարդուն ի ծնե է տրվում: Իհարկե, այն զարգացնելու հնարավորություն այնուամենայնիվ կա, սակայն մատների նուրբ ու զգացական շարժումները պետք է բխեն մարդու հոգուց: Այժմ ավազանկարչությունը Հայաստանում բավական տարածված է և նույնիսկ մրցունակ է արտասահմանյան շուկաներում:
Ավազանկարչությունը իր ուրույն տեղը պետք է գտնի թատրոնում՝ դառնալով արվեստի լիարժեք տեսակ: