Shushan nersisyan

Բալենու օրագրից

Ինձ գտնելու համար տարվա եղանակներից քեզ բաժին հասավ գարունը, իսկ դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի…

***

Սիրուն էի ու միայնակ: Իմ կողքին ոչ մի ծառ չկար:

Տարվա բոլոր հնարավոր ու անհնար եղանակներն ապրել էի միայնակ: Բնության բոլոր մարտահրավերների դեմ մենակ եմ եղել: Մենակ եմ եղել մեղմ քամիների ու ուժեղ փոթորիկների ժամանակ (փոթորկին դիմանալ դեռ մի տեղ հնարավոր էր, մեղմ քամիները չէր կարելի միայնակ վայելել), մենակ եմ եղել ամռան ամենատաք արևների ու գարնանային անձրևների ժամանակ, մենակ եմ եղել աշնանն ու ձմռանը:
Ոչ ոք երբեք չէր տեսել, թե ես ինչպես եմ ծաղկում, որովհետև գիշերը բոլորը քնում են, իսկ ես մշտապես գիշերն էի ծաղկում: Սիրուն էի ծաղկում (ես այդ մասին լսում էի անընդհատ, երբ անցորդներն ինձ մոտ մի քիչ ավելի երկար էին կանգնում): Ասում են, որ ես ժպտում էի անկեղծ ու սիրուն, ու որ իմ բոլոր թերթիկներից սեր էր կաթում:

Ես ժպտում էի, ու անցորդները սիրահարվում էին: Ես դա տեսել եմ…

Ինձնով հիացել են, ես՝ չէ: Ժամանակավոր հրապուրանքներն ինձ համար չէին: Ես էի այդպես որոշել, ու դա ինձ դուր էր գալիս այնքան ժամանակ, մինչև իմ տեսադաշտում չհայտնվեց նոր ծառ:

***
Գարնանային մի օր ինչ-որ անծանոթներ եկան՝ բահերով զինված մարդիկ, իրենց հետ ջուր էին բերել ու մի ծառ: Մի քանի ժամում հողը փորեցին, փխրեցրին, խոնավացրին, ու իմ տեսադաշտում նոր ծառ հայտնվեց: Ես այլևս մենակ չէի:
Մենք չէինք խոսում իրար հետ մի պարզ պատճառով. մենք խոսել չգիտեինք, բայց հասկանում էինք իրար ու շատ լավ էինք հասկանում: Մենք չնկատեցինք էլ, թե ինչպես մտերմացանք, բայց ես զգում էի, որ հայտնվել եմ իմ նոր հարևանի ծառային էության մեջ:

Այդ տարի առաջին անգամ ես երկար, շատ երկար մնացի ծաղկած, երևի որովհետև զգում էի, որ այդ գարունն իմ կյանքի վերջին գարունն էր, երբ ինձ վիճակված էր ծաղկել: Ու ես սկսեցի սովորել իմ նոր կարգավիճակին, իմ՝ այլևս մենակ չլինելուն…

***
Մի օր զգացի, որ քո նոր տեղը քեզ դուր չի գալիս, ու դու ուզում ես տեղափոխվել: Ես չէի հավատում, որովհետև ընտելացել էի քո ներկայությանը: Ես սովորել էի, որ քամիների ժամանակ ես այլևս ստիպված չեմ լինելու միայնակ մնալ, այլ կպչելու եմ քեզ, հետո դժվարությամբ եմ ճյուղերս պոկելու քեզնից: Վերջին փոթորկից հետո որոշել էինք չառանձնացնել մեր ճյուղերը, ես այդպես ավելի պաշտպանված էի: Ես սովորել էի այլևս մենակ չլինելուն: Բայց քո ծառային էությունը արժանի չէր իմ հավատարմությանը: Դու որոշել էիր գնալ:

Ինձ համար ամենաերկարը ճյուղերն առանձնացնելու ցավոտ գործընթացն էր: Այնքան զգուշությամբ էիր առանձնացնում իմ ճյուղերը քեզնից, այնքան նուրբ, որ չվնասես: Բայց վնասեցիր: Ճյուղերից մի քանիսն այնպես էին խճճվել, որ առանձնացնելու համար ստիպված եղար քեզ ուժով պոկել ինձնից: Մեզ առանձնացրիր՝ իմ մի քանի ճյուղը խճճված թողնելով քո ճյուղերի մեջ:
Ինձ այդպես, ինչպես դու, ոչ մի քամի երբեք թափ չէր տվել: Իմ թերթիկները մի քանի վայրկյանում թափվեցին, ու ես ամբողջությամբ մերկացա: Ես դարձյալ մնացի միայնակ, որովհետև դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի:
Ես դարձյալ մնացի միայնակ: Իմ կողքին դարձյալ ոչ մի ծառ չկար:

***

Այս տարվա գարնանը ես առաջին անգամ չծաղկեցի: Չուզեցի ծաղկել: Իմ ապրվելիք հետագա գարունները սովորական գարուններ են լինելու, իսկ քանի որ սովորական գարուններ աշխարհում չկան, ուրեմն իմ կյանքում այլևս գարուններ չեն լինելու:
Ես որոշել եմ: Չորանում եմ: Աստիճանաբար, դանդաղ, տխուր:

***

Ինձ կորցնելու համար նույնպես տարվա եղանակներից քեզ բաժին կհասնի գարունը, որովհետև դու չսովորեցիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի։