arxiv

Բարձր տրամադրություն

Մենք այսօր բարձր տրամադրություն ունենք: Իսկ դո՞ւք: Ինչ-որ բաներ տխրեցնո՞ւմ են ձեզ: Գիտե՞ք, մեզ հետ էլ են այդպիսի պահեր լինում, բայց մենք փորձում ենք հաղթահարել դժվարությունները` չկորցնելով մեր բարձր տրամադրությունը: Եկե՛ք փորձենք միասին: Կարևորը` մի՛ վհատվեք:

 Նորից միայնակ

Մի անգամ տանը մենակ էի: Դասերս վերջացրել էի, իսկ ուրիշ անելու բան չկար: Երկու ժամ հետո քույրիկս ու մայրիկս եկան տուն: Քույրս մտավ և սկսեց հարցեր տալ.

-Մա՛շ, բա ի՞նչ էիր անում, բա նայեցի՞ր «iCarly»-ն, ինչի՞ մասին էր սերիան:

Ես էլ նրան պատասխանեցի.

-Չէ՛, «iCarly»-ն չնայեցի, բայց դասերս արեցի վերջացրեցի, իսկ դու` չէ:

Քույրս տխրեց և վազեց հեռուստացույցի մոտ.

-Ըհըն, դասերդ արեցիր, իսկ «iCarly»-ն վերջացավ…

Մեկ էլ խոհանոցից լսվեց մայրիկիս ձայնը. հեռախոսով էր խոսում.

-Հա՛, ժամը ութին ձեր տանը կլինենք: Դե, գալիս ենք:

Ես ուրախացած գնացի քրոջս հաղորդեմ, որ հյուր ենք գնում, բայց մայրիկս եկավ և ասաց.

-Նե՛լ, հագնվի՛ր, գնում ենք Զառայենց տուն: Մարինա՛ ջան, իսկ դու տանը մնա, լա՞վ:

Ես տխրեցի, որ նորից մենակ եմ տանը մնալու, իսկ քույրիկս հյուր է գնալու:

Մարինա Հարությունյան, 12 տարեկան

***

Ասում էի, չէ՞

 Երբ հայոց լեզվից գրավոր էի գրում «օ-ո» ուղղագրության թեմայով, ես այդ օրը շատ ուրախ էի: Կողքիս աղջիկ կար, ով ինձ խանգարում էր, բայց չնայած դրան` ես լավ գրեցի թելադրությունը: Հաջորդ օրն ընկեր Կարապետյանը մեզ հայտնեց, որ դասարանի մեծ մասը «երկուսի» է գրել: Ես զարմացա: Երբ ուսուցչուհին կարդում էր գնահատականները, ասաց.

-Կարեն` «երկուս», Միքայել` «հինգ», Էլզա` «մեկ», Ռաֆայել` «ութ». ապրե՛ս, Ռաֆայե՛լ, շատ լավ է: Տեսե՛ք, երեխանե՛ր, Ռաֆայելն ընդամենը մեկ տարի է, որ սովորում է հայերենը, բայց գրավորը ձեզանից լավ է գրել:

Գիտեի, էլի, որ լավ եմ գրել. չէի կարող այդքան բարձր տրամադրությամբ «երկուս» ստանալ:

Ռաֆայել Բաբլոյան, 10 տարեկան

***

Հիշելով անցած-գնացածը

Իմ տրամադրությունը մանրուքներից բարձրանում է: Օրինակ, մի շատ անհաջող օր առավոտից բախտս չէր բերում: Նախ, առավոտյան քնած էի մնացել, հետո անզգույշ գտնվելու հետևանքով զարթուցիչս ջարդեցի, տանից խելագարի պես դուրս վազեցի, հասա մեր բակի աղբարկղին և նկատեցի, որ կոշիկներս չեմ հագել: Հետո, երբ կանգառում կանգնած էի, ինձ մի մուրացկան մոտեցավ և սկսեց հացի փող մուրալ: Կարծես թարս լիներ, կանգառում ես նրա հետ մենակ էի, երթուղայինս էլ ուշանում էր: «Ուռա՜, վերջապես եկավ»,- ասացի մտքումս, երբ հեռվում տեսա իմ երթուղայինը: Բայց այստեղ էլ բախտս չբերեց. երթուղայինում ազատ տեղ չկար, այն լեփ-լեցուն էր և շատ դանդաղ էր ընթանում: Մի կերպ ես էլ խցկվեցի մեջը. ուրիշ ճար չունեի, ախր, արդեն շատ էի ուշացել դպրոցից: Դեռ չէինք հասել դպրոցի կանգառին, երբ երթուղայինը փչացավ: «Համա թե բախտս չի բերում, այ քեզ բան: Հիմա հաստատ ընկեր Բաբայանը, դպրոցի մուտքի մոտ կանգնած, ուշացողների անուններն իր ցուցակի մեջ է անցկացնում»,- մտածեցի ես:

Մի կերպ վազելով հասա դպրոց: Իմ մտավախություններն արդարացան: Իմ անունը գրեցին ուշացողների ցուցակի մեջ, հետն էլ մի լավ գոռացին վրաս: Այ այսպիսի առավոտ էր: Միշտ հիշելով այդ առավոտը` դեմքիս ժպիտ է հայտնվում: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ անհաջող օրվա հիշողությունը բարձրացնում է տրամադրությունս:

Թագուշ Բաղդասարյան, 16 տարեկան

***

Բախտս բերեց

Ես պատրաստվեցի, որ գնամ դասի: Այդ օրը մենք քիմիա ունեինք, բայց ես քիմիայի տնայինները չէի կատարել, իսկ ուսուցչուհին զգուշացրել էր, որ ինձ հարցնելու է միանգամից երկու դաս և ստուգելու է տանը հանձնարարված խնդիրների լուծումները: Ռուսերենից հետո մի փոքր վախեցած և անտրամադիր բարձրացա քիմիայի կաբինետ: Արդեն պատրաստվում էի դասին, երբ ուսմասվարը մտավ և ասաց, որ քիմիա չի լինելու: Հետո հանրահաշվից և հայոց պատմությունից ստացա բարձր գնահատականներ: Կարճ ասած, այդ օրը բախտս շատ բերեց:

Նորայր Բարոյան, 13 տարեկան

***

«Իննի» հետևանքը

Հայոց պատմությունից հանձնարարված էր իմ սիրած թեման` Տիգրան Մեծի մասին: Ես օրագիրս դրեցի ուսուցչուհու սեղանին և սկսեցի դասը պատմել: Ուսուցչուհին ասաց.

-Ապրես, «ինը»: Եթե ուզում ես, կարողանում ես:

Իմ դեմքին ժպիտ հայտնվեց:

Զանգը հնչեց: Ես տուն գնացի: Երթուղայինում բոլորը դեմքիս էին նայում: Բայց ինչո՞ւ, չհասկացա պատճառը: Երբ մեր շենքի մուտքի աստիճաններով վերև էի բարձրանում, մեր հարևանը հայտնվեց դիմացս և ժպիտը դեմքին ասաց.

-Ո՞նց ես, Գևո՛րգ ջան:

-Լավ,- պատասխանեցի ես:

Մտա տուն, և մայրիկս հարցրեց.

-Ո՞նց ես: Բան ա եղե՞լ:

Երբ շրջվեցի հայելու կողմը, տեսնեմ` դեմքիս ժպիտը դեռ մնացել է: Նոր հասկացա, թե ինչու էին բոլորը դեմքիս նայում:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ուրախ ժամանց

Դեկտեմբեր ամիսն էր: Արդեն արձակուրդ էր: Ծնողներիս համոզում էի, որ թույլատրեն ընկերներիս կազմակերպած հավաքին գնալ: Բոլորն ինձ էին սպասում, թե երբ եմ թույլտվություն ստանալու: Ախր, շա՜տ մեծ հավաք էր կազմակերպվել, բոլորն էլ գնալու էին: Հեռախոսս այլևս ուժ չուներ` դիմադրելու զանգերին: Երկար համոզելով` վերջապես արժանացա այս խոսքերին. «Հա՛, լավ, գնա՛»: Ուրախությունից ճչացի և դուրս վազեցի: Ուղևորվում էի դեպի Կարապի լիճ: Այնտեղ ինձ դիմավորեցին ընկերներս, որոնցից շատերին առաջին անգամ էի տեսնում երկար ժամանակ ինտերնետով շփումից հետո: Մենք գնացինք Հյուսիսային պողոտա` ևս երկուսին դիմավորելու: Շատ էի կարոտել նրանցից հատկապես մեկին, և երբ տեսանք իրար, գոռալով վազեցինք և այնքան ոգևորված գրկախառնվեցինք, որ փողոցով անցնողները հրճված մեզ էին նայում: Իրար ձեռք բռնած` քայլեցինք Հանրապետության հրապարակ, այնտեղ թափառելուց և մնացածներին հանդիպելուց հետո որոշեցինք, որ պետք է Մանկական երկաթուղի գնանք: Արդեն բավականին շատ էինք` մոտ երեսուն հոգի: Տղաներից մեկն իր հեռախոսին բարձրախոս էր միացրել և անընդհատ երգեր էր փոխում: Երկար շարքով թռչկոտելով` մտանք մեր շարքից տասն անգամ երկար թունելը: Հերթական անգամ թունելի պատերն էինք նախշում, երբ հանկարծ լույսերն անջատեցին: Բոլորս ճչալով և ծիծաղելով սկսեցինք վազել դեպի թունելի մյուս ծայրը: Երբ հասանք այգի, առանձնապես ոչինչ չարեցինք. միայն երազկոտ աչքերով գնացքի ռելսերին էինք նայում: Վերադառնալիս ես և ընկերուհիներիցս մեկը նստեցինք նույն երթուղայինը: Զարմանալին այն էր, որ դեռ ոչ մեկիս էլ չէին զանգել տանից և հարցրել, թե որտեղ ենք: Երթուղայինում մի լավ չաչանակեցինք: Ընկերուհուս հետ բաժանվելուց հետո վերադարձա տուն, իսկ մայրիկս նույնիսկ մոռացել էր իմ բացակայության մասին:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

Արժանի ներում

Մոտավորապես հինգ-վեց տարեկան էի: Իմ հեթական չարության հետևանքով նորից հայտնվեցի ննջասենյակում` փակի տակ: Դուռը երեք բանալիով վրաս չէին փակում, բայց այնքան համարձակություն չունեի, որ սենյակից դուրս գայի: Անգործությունից արդեն գժվում էի, և մի միտք ծագեց. «Նրանք բոլորն էլ վրաս բարկացած են, բայց եթե ես ինչ-որ մի լավ բան անեմ, հաստատ կներեն: Բայց ի՞նչ անեմ»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո վազեցի գրասեղանի մոտ, վերցրեցի գունավոր թղթերը և սկսեցի կտրատել: Սկզբում սլաքներ կտրատեցի, հետո` մարմին` առանձին ձեռքերով, ոտքերով և գլխով: Այնուհետև այդ թղթե մարմնին հագցրեցի քույրիկիս գիշերանոցը և դրեցի անկողնու մեջ: Շատ էի վախենում սենյակից դուրս գալ. բա որ նկատե՞ն: Բայց պետք է շարեի սլաքները հատակին` ճաշասենյակից մինչև ննջարան: Հաղթահարելով իմ մեջ այդ վախը` ի վերջո ես շարեցի այդ սլաքները և գնացի «քնելու»:

Երբ բոլոր սերիալները վերջացան, և քույրիկներս որոշեցին գալ ննջասենյակ, նրանք անմիջապես նկատեցին ուղեցույցները, որոնք տանում էին դեպի քրոջս` Նարեի մահճակալը: Մի քանի վայրկյան լռությունից հետո հնչեց քույրիկներիս բարձր ծիծաղը: Եվ ես ինձ համարեցի ներված:

Լուսինե Ալեքսանյան, 13 տարեկան

***

Տարօրինա՞կ եմ…

-Բարի լույս, մա՛մ ջան, ո՞նց ես, գիտեմ, որ լավ ես, ես էլ եմ լավ, մա՛մ, ես քեզ էնքան եմ սիրում, չես պատկերացնի:

-Հա՞յկ, էսօր ի՞նչ ա եղել հետդ:

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Ինձ թվում ա` մի քիչ տարօրինակ ես քեզ պահում:

-Հը՞…,- չհասկացա ես:

-Ասում եմ` դե, էսօր ոնց որ դու չլինես:

-Գիտեմ,- ասացի,- գնամ լվացվեմ:

-Խոզանակդ չմոռանաս,- հիշեցրեց մայրս:

-Արդեն վերցրել եմ, մա՛մ ջան:

Մի քանի րոպե անց դուրս եկա լողասենյակից ու սկսեցի մրթմրթալ.

-Մա՛մ, էսօր ի՞նչ ես սարքել ուտելու:

-Վերմիշել,- հանգիստ պատասխանեց մայրս:

-Ո՜ւֆ, էլի՞ իմ ամենաչսիրած ուտելիքը,- հոգնած բացականչեցի ես:

-Հա՞յկ, ի՞նչ եղավ հետդ:

-Ի՞նչի՞:

-Մի տեսակ տարօրինակ ես:

Ու ես հասկացա. պետք է միշտ միջին տրամադրություն ունենամ, որովհետև չեմ ուզում մարդկանց մոտ տարօրինակի տպավորություն թողնել:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Երկա՜ր ճամփորդություն

Երբ արտասահման էինք մեկնում, ես արագ անցա անձնագրային անցակետը: Իսկ մայրիկիս կանգնեցրեցին. պարզվեց, որ մայրիկիս նույն անուն ազգանուն հայրանունով մի կին Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է: Նրան տարան` ստուգելու: Ես նստեցի ու մտածեցի. «Ախր, եթե մայրիկիս տանեն բանտ նստեցնեն, ես ի՞նչ եմ անելու: Խեղճ մամաս բանտում հացի ու ջրի վրա է նստելու, ես էլ տանը մենակ կմնամ պապայիս հետ: Ո՞նց եմ ապրելու…»:

Վերջապես եկավ ոստիկանը, իսկ նրա հետ` մայրիկս: Ինձ թվում էր, որ մայրիկիս ձեռքերին ձեռնաշղթաներ են, բայց իրականում այդպես չէր: Պարզվել էր, որ հետախուզվող կնոջ ծննդյան օրը մայրիկիս ծննդյան օրվանից մեկ օր առաջ էր: Ես ուրախությունից թռվռում էի: Բայց իզուր, քանի որ մենք շատ հեռու էինք թռչում` ԱՄՆ, և չորս օդանավակայաններում էլ մայրիկիս ստուգեցին:

Մարիա Զաքարյան, 12 տարեկան

***

Անակնկալ

Ես ու քույրս նստած բողոքում էինք գլխացավից, երբ հանկարծ առույգացա: Տեղիցս վեր թռա և երբ ուզում էի ասել, թե ինչ եղավ ինձ հետ, դռան զանգը հնչեց:

-Լենան ա,- ասաց քույրս: (Լենան մորաքրոջս աղջիկն է):

Ես միանգամից վազեցի դռան մոտ:

-Լե՛ն, Լե՛ն, շուտ արի՛, արա՛գ, արա՛գ,- դուռը բացելով` բղավեցի ես:

-Ի՞նչ ա եղել, հանգստացի՛,- անհանգստացավ Լենան:

Ներս մտնելուն պես նա ասաց.

-Երեխե՛ք, չգիտեմ` հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էսօր ձեր մամայի ու պապայի ամուսնության քսանամյակն ա:

-Լենա՛, լավ, էլի, էս կես ժամ ա` կենտրոնանում եմ, որ ասեմ, իսկ դու…,- նեղացա ես:

-Կներես, որ իմանայի` էդ ես ասելու, չէի ասի: Լավ, կարևոր չի, ավելի լավ ա` մտածեք` ի՞նչ անենք, որ ձեր մամային ուրախացնենք:

Տարբեր առաջարկներ եղան, սակայն բոլորը մերժվեցին: Եվ վերջապես.

-Մտածեցի՜,- բացականչեցի ես այնքան բարձր, որ Լենան ու Հասմիկը` քույրս, տեղից վեր թռան,- եկեք գնանք խանութ, կարմիր վարդ առնենք, շոկոլադե տորթ, որ վարդը տորթի սև ֆոնի վրա ավելի սիրուն լինի, լույսերը կանջատենք, սենյակը մութ կլինի, ու 20 թվով մոմերը կխրենք տորթի մեջ:

-Շատ լավ ա, Մա՛ր, ապրե՛ս, տենց էլ կանենք,- արձագանքեց Լենան:

Ես ու Լենան գնացինք խանութ, իսկ Հասմիկը մնաց տանը, ինչպես ինքն է ասում` «շատ ավելի կարևոր»` մաքրության գործերի համար:

-Ուրեմն դու կլինես սենյակում, ես ու Հասմիկը կգնանք դուռը բացելու, հետո շարֆով աչքերը կկապենք, ու ես դուռը կթխկթխկացնեմ, դու մագնիտոֆոնը կմիացնես, կսկսվի Չելենտանոյի երգը, որը մաման շատ ա սիրում: Դե, պարզ ա, բոլոր լույսերն անջատված կլինեն, մոմերը կվառվեն, մենք մամայի աչքերը կբացենք ու կշնորհավորենք: Չէ՛, չէ՛, ավելի լավ ա…

-Մարիա՛մ, վե՛րջ տուր, ամեն ինչ կանենք, ու շատ լավ կլինի,- ասաց Լենան:

Քառասուն րոպեից մենք արդեն ամեն ինչ պատրաստել էինք: Անհամբեր սպասում էինք մայրիկին:

Մոտավորապես կես ժամ կատարյալ լռություն էր տիրում, և վերջապես երեքիս համբերության բաժակն էլ լցվեց:

-Զանգում եմ մամային,- հեռախոսը վերցնելով` ասաց Հասմիկը:

-Հա՛, զանգի՛,- համաձայնեցինք մենք:

Բոլորիս ոգևորվածությունն անցավ, երբ իմացանք, որ դեռ մեկ ժամ պետք է սպասնեք: Բայց երբ հնչեց դռան զանգը, բոլորիս մոտ վերականգնվեց բարձր տրամադրությունը, և այդպիսի տրամադրությամբ իրականացրեցինք մեր պլանավորածը:

Մարիամ Նալբանդյան, 11 տարեկան

 2011թ.