Violeta Mkrtchyan

Բացահայտեք ձեր մեջ եղած վախը

Երբևէ չեմ պատկերացրել, որ իմ մեջ հնարավոր է լինի վախ որևէ բանի հանդեպ: Միշտ եղել եմ շատ անվախ, խիզախ և իմ կամքի տեր մարդ: Պետք չէ այդպես ասել, քանի դեռ տեղյակ չես դու ինքդ քեզնից: Փաստորեն ես տեղյակ չե՞մ ինձնից: Ձեզ կպատմեմ մի դեպք, որն ամբողջովին հեղափոխեց ինձ, ոչ միայն դա, այլև ինքս արդեն ճանաչեցի իմ իրական անձը:
Դասընկերներով էքսկուրսիա էինք գնացել: Սկզբում շրջեցինք Երևանի տեսարժան վայրերով, հետո՝ կեսօրին, որոշեցինք մի փոքր ադրենալին ստանալ և գնացինք «Հաղթանակի» զբոսայգի, այսպես կոչված՝ «Մոնումենտ»: Մի քանի կարուսել նստեցի, ոչինչ չեղավ, սակայն… Մի նոր ատրակցիոն էր բացվել, բոլորս փորձեցինք տեսնել, թե ինչպիսին է դա: Եվ ահա… Ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ՝ ահավոր էր, դեռ ուշքի չեմ գալիս: Այնքան էի վախից ճչացել և լաց եղել, որ նույնիսկ ձայնս էր կտրվել: Ինձ թվում է, հնարավոր չէ նստել այդ տեսակի կարուսել և չճչալ: Այնքան արագ էր շարժվում, բարձրանում էր շատ վերև և, պատկերացրեք, ոտքերս վերևում էին, և ես ամբողջովին օդում: Աչքերս պինդ-պինդ փակել էի, չէի շարժվում ընդհանրապես, բայց դրանք չէին օգնում, ես ահավոր վախեցած էի, չէի էլ կարող պատկերացնել, որ այդքան կվախենամ: Օդում կանգ էր առնում կարուսելը, և միանգամից արագ իջնում էր վար: Այդ վերևում կանգնած պահին ես մտածեցի, որ միգուցե ավարտվել է սահմանված ժամանակը, և աչքերս բացեցի ու ինչ տեսնեմ՝ բարձր, բարձր, շատ բարձր էր: Այս պահին էլ այդ ամբողջ տեսարանը աչքիս առաջ է գալիս: Երբ իջա, արդեն գլուխս պտտվում էր, և ինքնըստինքյան լացս գալիս էր: Մարմինս, ձեռքերս, ոտքերս դողում էին, և ես լաց էի լինում, որովհետև չգիտեի, որ ես այսքան վախկոտ աղջիկ եմ: Փաստորեն, այո, վախենում էի ամեն ինչից և չգիտեի, որ դա այդպես է: Մինչև հիմա ձեռքերս դողում են, նույնիսկ ինչ-որ բան նորմալ չեմ կարողնաում բռնել: Զարմանալի է, չէ՞: Երևի դուք էլ ինձ նման չեք վախենում ոչնչից, բայց հավատացեք, այդ ամենից հետո դուք նույնպես կվախենաք և բոլորովին կփոխվեք: Բացահայտեք ձեր մեջ եղած վախը: