tatevikChukhuryan

Բա դիպլո՞մը, բա գիտելի՞քը

Հավանաբար առավոտ էր: Երևանյան շոգ առավոտներից մեկը: 17-ի երեխեքով պիտի գնայինք ֆոտոարշավի: Բաժանվեցինք խմբերի ու գնացինք տարբեր ուղղություններով: Մենք՝ Լիլիթի գլխավորությամբ, քայլեցինք դեպի Կոնդ՝ ֆոտոների հետաքրքիր գաղափարներ գտնելու հույսերով լցված: Ֆոտոարշավների ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ նոր ընկերներիդ ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն ես ստանում: Ու այդպես նկարելով ու ծանոթանալով քայլում էինք: Երևանյան նոր գույներ բացահայտեցինք, առօրյայի հետաքրքիր տարրեր: Այն էլ ինչ գույներ էին, է՜… Բայց այդ ուրախ գույների կողքին հասցրեցինք նկատել նաև տխրության նուրբ երանգները:

Երևանյան փողոցներից մեկում՝ իսկ ավելի կոնկրետ Սարյանում, մի պապիկի հանդիպեցինք՝ գրիչ էր վաճառում:

-Էրեխե՜ք ջան, 3 գրիչը 200 դրամով եմ տալիս: Երկուսն իրար հետ 200 եղավ, տեսեք՝ արդյունքում մեկն էլ շահում եք:
-Հա, բայց էդ գրիչը 30 դրամ արժե,- չդիմացավ ու ասաց երեխեքից մեկը:

Դե բոլորս էլ գիտենք՝ գրիչը 30 դրամ արժե, բայց էդ մարդն էլ պիտի մի ձև ապրի, չէ՞: Երբ իրեն նկարելու թույլտվություն խնդրեցինք, մեզ հետ հաճելի զրույց սկսեց ու տարբեր բնագավառներից հարցեր սկսեց տալ.

-Էրեխե՛ք ջան, բա գիտե՞ք՝ էս փողոցը ում անունով ա:
-Հա, ո՞նց չէ, հենա գրված ա՝ Սարյան:

Հետո Սարյանի անունը հարցրեց, Սարյանի հոր անունը ու հարցերի թեման կտրուկ փոխեց. անցավ գրականությանը, քիմիային, ֆիզիկային: Ու էդպես ամեն բնագավառից մի դժվար հարց գտնում էր, իսկ հարցերի մեծ մասին մենք էդպես էլ չկարողացանք պատասխանել:
Մենք իհարկե կշարունակեինք հաճելի զրույցը, բայց ժամանակ չկար՝ պիտի առաջ շարժվեինք: Շնորհակալություն ասացինք ֆոտոների համար ու շարունակեցինք մեր ճանապարհը: Մենք շարունակում էինք քայլել, բայց մտքումս դեռ այդ մարդն էր: Մտածում եմ՝ տարօրինակ է, չէ՞, էս մարդը էսքան բան գիտի, բայց էստեղ գրիչ է վաճառում: Բայց հետո մի բան եմ հիշում, ու էդ տարօրինակությունը միանգամից անհետանում է: Միտքս են գալիս մեր պատմության դասախոսի խոսքերը, էն խոսքերը, որ մեզ ասաց համալսարան գալու հենց առաջին օրը, հենց առաջին դասին:
-Էրեխե՛ք ջան, ձեր 85 տոկոսը պոտենցիալ գործազուրկներ են:
Մենք բոլորս ժպտացինք, այդ թվում նաև ես: Բայց էլի միամիտի պես մտածեցի՝ բա դիպլո՞մը, բա գիտելի՞քը:
Երկու տարի է անցել, բայց պատմության դասախոսի խոսքերը դեռ չեմ մոռացել, դեռ հիշում եմ, բայց արդեն առանց ժպիտի…