Դեպի Հնդկաստան

Դեռ մանկուց սիրել եմ Հնդկաստանը, երազել եմ գոնե մի քանի րոպեով հայտնվել Հնդկաստանում, տեսնել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչ են ուտում, ինչով են զբաղվում…

Ես ապրում էի իմ երազանքով։ Երբ մարդկանց մոտ վստահ ասում էի, որ կգա մի օր, և ես կգնամ Հնդկաստան, նրանք ծիծաղում էին, իսկ ես ավելի ու ավելի էի տրամադրվում։ Եվ ի՞նչ։ Մի անգամ մի հայտարարություն տեսա «Տնից հեռու» կազմակերպության էջում՝ «Խմբակային ճանապարհորդություն դեպի Հնդկաստան»: Գիտե՞ք, շատ էի ցանկանում գնալ, բայց կային երկու խանգարող հանգամանքներ՝ փոքր էի և համարձակություն էլ չունեի ծնողներիս հարցնելու։ Փորձեցի համակերպվել այդ մտքի հետ, բայց չստացվեց։ Սկսեցի հետևել նրանց ճամփորդությանը, և ամեն անգամ իմ ֆեյսբուքյան էջում տարածում էի տարբեր նորություններ՝ կապված դեպի Հնդկաստան ճանապարհորդության հետ։ Չորս անգամ տարբեր խմբեր գնացին և հիացած վերադարձան։ Եվ եկավ այդքան սպասված հինգերորդ ճամփորդության ժամանակը։ Ինչո՞ւ սպասված, որովհետև երազանքները վաղ թե ուշ կատարվում են, և այո, համարձակվեցի հայտնել ծնողներիս, որ այս անգամ ուզում եմ գնալ (թեև ամեն անգամ էլ ցանկանում էի)։ Ճիշտ է, վախենում էին միայնակ ուղարկել ուրիշ երկիր, բայց հանուն իմ երջանկության համաձայնեցին, և ինձ վստահեցին նրանց։ Գիտե՞ք, բոլորն ասում էին՝ որ գնաս, հիասթափվելու ես, կարծես հենց նոր էին վերադարձել Հնդկաստանից, ասում էին՝ մենակ ի՞նչ ես անելու, և էլի այդպիսի խոսքեր։ Մի պահ սկսեցի կասկածել երազանքիս, հետո սթափվեցի և գնացի դրա հետևից:

Արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանում եմ, և հիացմունքս այնքան մեծ է, որ չկարողացա սպասել մինչև տուն, որոշեցի գրել, և բոլորին պատմել այս հրաշք երկրի, մեր խմբի և խմբի ղեկավարների մասին։ Այս մի քանի օրվա ընթացքում հասցրինք դառնալ մի ընտանիք, ունենալ անմոռանալի օրեր, որոնք դեռ շարունակվում են: Կարծում եմ՝ ուրիշ մարդկանց հետ այս երկիրը չէի էլ կարողանա բացահայտել, որովհետև թիմս ամեն ինչ անում է, որ առօրյան հագեցած և ուրախ անցնի՝ առանց թերությունների: Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանին, այո, այն իմ պատկերացրած Հնդկաստանը չէր, այլ ավելին էր։ Ներկա գտնվեցինք հնդկական հարսանիքների, ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերում են… Իսկ հիմա ուզում եմ վստահ ասել, որ երազանքները կատարվում են, ուղղակի պետք է մի քիչ սպասել, հավատալ: