milena baghdasaryan

Դիպլոմը թևե՞ր է տալիս

-Մի՛լ, որոշել եմ աշխատել, օգնել մամայենց:

-Սո՛ն… Բայց դու…

-Դիպլոմ չունե՞մ: Մի՜լ, ես գիտելիք ունեմ: Ընտիր գիտելիք: Ու անպայման գործ գտնելու եմ, հաստատ որպես թարգմանիչ կվերցնեն ինձ:

Ընկերուհիս՝ ինքնուս լեզվաբան Սոնան, ծնողների ֆինանսական վատ վիճակի պատճառով որոշեց չդիմել համալսարան և լրացնել դրա բացը՝ դառնալով իր իսկ դասախոսն ու դեկանը: Ընկերներից վերցրած տասնյակ հիանալի գրքերի, համացանցում առկա հազարավոր աղբյուրների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ երեք տարում յուրացրեց գերմաներենի բոլոր առանձնահատկություններն ու բարդությունները:

-Մի՜լ, մրցույթում գերմաներենի ֆակուլտետի էրեխեքից բարձր եմ ստացել,- մի անգամ գրեթե թռչկոտելով ասաց ընկերուհիս: Այդ օրվա հաղթանակն առաջինն էր, բայց ոչ վերջինը:

Հաղթանակաները նրան ավելի ոգևորեցին, և արդեն հաստատակամ մղվեց աշխատանք փնտրելու երկարուձիգ գործին:

-Հը՞ն, ի՞նչ եղավ:

-Չէ՛, Մի՛լ, դիպլոմ չունեի, երևի վստահություն չներշնչեցի: Մի երկու տեղ էլ մտա, ասացին՝ կզանգեն: Կզանգե՜ն, բա չէ՜:

Իրեն սփոփելու համար քմծիծաղ տվեց, բայց արցունքները, քմծիծաղի ստվերից դուրս գալով, հայտնվեցին Սոնայի այտերին:

-Ախր, գոնե հնարավորություն տային, քննեին, ստիպեին հարցաշարը լրացնել, ինձ հետ գերմաներեն խոսեին: Կանեի, Մի՛լ, ամեն ինչ կանեի, շատերից լավ կանեի: Բայց մտածում են՝ նույնիսկ բակալավր չի ավարտել, դրանից ի՞նչ լեզվաբան: Բայց ախր, դիպլոմ շատերն ունեն, գիտելիք՝ քչերը:

Եվ իրոք, ի՞նչ առասպելական ուժ ունի այդ դիպլոմը, որ իր ներկայությամբ վառում է լուսացույցի կանաչը, իսկ բացակայությամբ՝ անանցանելի է դարձնում բոլոր լայն ու նեղ փողոցները: Իսկ գուցե առանց բարձրագույն կրթության և վկայականի է՞լ է հնարավոր լավ մասնագետ դառնալ, գուցե և ավելի ստեղծարար, հնարավոր կաղապարներից էլ դուրս: Գուցե փորձե՞նք և աշխատանքի ընդունելիս պահանջենք ոչ թե թուղթ, այլ կիրառելի գիտելիք, ու ստուգենք համապատասխան հմտություննե՞րը:

Եվ ո՞վ գիտե, գուցե այդժամ ունենանք ավելի հաջողակ հիմնարկներ, ստեղծարար աշխատակիցներ, ուսանող, ով կսովորի ոչ թե վկայականի ու համալսարանի, այլ իր և իր գիտելիքի համար, և, ի վերջո, համալսարան, որը կձգտի տալ ավելի որակյալ կրթություն, մնայուն և կիրառելի գիտելիք ու կպատրաստի մրցունակ ուսանողներ:

Եկեք փորձե՛նք: