arpine mikayelyan

Դու չնկատեցիր

Դու քայլում ես փողոցով, ու հանկարծ մի շուն դուրս է գալիս քո առաջ: Դու վախից մի կողմ ես թռչում, գոռում, աղաղակում, իսկ կողքից էլ մեկը անխղճորեն քարով հարվածում է ու հեռացնում այդ անմեղ արարածին քո ճանապարհից։ Տե՛ս, հիմա դու ինքնավստահ և հանգստացած շարունակում ես քայլել, բայց դու բաց թողեցիր, դու չտեսար ամենակարևորը, որը թաքնված էր շան աչքերում, այն աչքերում, որոնք քեզ էին նայում՝ կարեկցանք ակնկալելով։ Ախր, նա չէր պատրաստվում քեզ վրա հարձակվել ու կծել, այլ գուցե մեկ կտոր չորացած հաց խնդրելու համար էր եկել, գուցե քեզ էր նայում, քանի որ վստահ էր, որ դու կդառնաս իր ընկերը, չէ՞ որ ամենահավատարիմ կենդանին է։ Չէ, կարիք չկա, որովհետև դու չնկատեցիր։

Հաջորդ վայրկյանին հանկարծ քեզ է մոտենում մի մարդ, ով գուցե քո օգնության կարիքն ունի, բայց այնքան է շփոթված, որ հուզմունքից չի կարողանում խոսել ու հեռանում է։ Մտածում ես, թե ժամանակի կորուստ էր, կամ գուցե այլ բան, բայց դու կրկին չնկատեցիր այն, ինչը պետք էր առաջինը նկատեիր։ Գուցե նա այնքան խելացի էր, գուցե դու իրոք կարողանայիր օգնել, բայց չէ՞ որ դու չտեսար նրա իրական ներաշխարհը, դու նույնիսկ նրան հետ չպահեցիր, երբ նա նույնքան անվստահ քայլերով հեռացավ, ինչպես և եկել էր։

Ահա երեկո է, լուսինն այնքան պայծառ է, որ ուզում ես թռչել ու հասնել նրան, իսկ այն ծառերի մասին, որոնց ճյուղերի շարժումից ստեղծվում է կախարդական մեղեդի ու հաճելի զով, դու անգամ մեկ վայրկյան չես մտածում, որ շատ հնարավոր է՝ մի քանի օրից այդ ծառը չորանա, քանի որ դրան դիտում են որպես իր պարտականություններին պարտաճանաչորեն հետևող ռոբոտ, չէ՞ որ այն պարզապես մի սովորական կանաչ արարած է։ Ցավալի է, դու չնկատեցիր, որ դրա ոտքերի մոտ հողը ծարավից ճաքել է, և դու չես ջրի այն հաջորդ առավոտ, որովհետև չնկատեցիր ու վերջ։

Աննկատ մնացին նաև հին կազմով, բայց ոսկե պարունակությամբ այն գրքերը, որ բարի պապիկը ամիսներ շարունակ փայփայում է ու հույսը չի կտրում, որ մի օր դրանք կնկատվեն այն գեղեցիկ, գունագեղ ու նոր կազմով գրքերի և գերզարգացած սարքավորումների կողքին։

Մարդիկ քայլում են մռայլ դեմքերով, մեկը չի ժպտում մյուսին, քանզի կարծում է, թե դիմացինը այլ բան կմտածի. և դա շատ հնարավոր է, որովհետև շատերը չեն ընկալում այն համախմբելու ու ջերմացնելու զորությունը, որ ժպիտն ունի իր մեջ։ Նույնիսկ այն կրպակի աշխատակցուհին չի ուզում նկատել դա՝ աջ ու ձախ փնթփնթալով, որ իր խանութ մտնում են առանց իմանալու, թե ինչ են ուզում, և որ ինքը ժամանակ չունի կանգնելու ու սպասելու, թե երբ գնորդը կկողմնորոշվի։ Դե հա, չի էլ նկատում, որ էդպես վիրավորում է իր դիմաց կանգնած մարդուն:

Հիշում ես կյանքիդ դառը դեպքերը, հիշում վատն ու մութը, ու քեզ զգում ես ամենադժբախտ մարդն այս աշխարհում։ Էլի դժգոհ ես ու էլի չես մտածում, որ ամեն օր մարդիկ կորցնում են մերձավորներ, երիտասարդ զինվորներ, մանկահասակ երեխաներ, բայց նրանք շարունակում են ապրել, իսկ դու դեռ փնփնթո՞ւմ ես։ Ո՛չ, դու չփորձեցիր հիշել կյանքիդ լավագույն դեպքերն ու ամենամեծ նվաճումները, որոնք կստիպեին քեզ տխրելու փոխարեն նոր կյանքով լցվել ու հստակ քայլերով առաջ շարժվել։

Դու չտեսար լավը, չտեսար այն, ինչը պետք է տեսնեիր, ու ինչն իրականում այնքան տեսանելի է, բայց ցավոք, ամեն ինչ գնաց բնականոն հունով, ու դու կրկին ու կրկին չնկատեցիր։

Կարելի է թվել այս աննկատելիների շարքը, ու ահա, այդ ժամանակ ևս մեկ բան մենք չենք նկատի։

Չնկատեցիր, չես նկատում ու չես նկատի, եթե չուզես։ Ու ահա, կյանքը թռչում է, բայց ցավոք այն փյունիկի պես չէ։ Այն նորից թևեր չի առնում, իսկ ամենացավալին այն է, որ անցնում է սահուն ու աննկատ, ու  ամենակարևորը, չնկատելու սավանի ներքո։