Ես Ալբինան եմ Լոր գյուղից

Ո՞վ եմ ես: Ինձ թվում է այս հարցին ես լիարժեք չեմ կարող պատասխանել: Սակայն ներկայանամ: Ես Ալբինան եմ, 14 տարեկան եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի Լոր գյուղում: Ապրում և սովորում եմ իմ հիասքանչ գյուղում: 9-րդ դասարանցի եմ, սիրում եմ պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու ու անգլերեն առարկաները: Սիրում եմ զբաղվել պարով և երգով, հաճախում եմ պարի դասերի: Սիրում եմ խաղալ սպորտային խաղեր, իսկ ամենաշատը` ֆուտբոլ: Հաճախ են ասում, որ ֆուտբոլը աղջիկների համար չէ, բայց ես համաձայն չեմ այդ կարծրատիպին: Ինձ թվում է, որ մարդը կարող է ազատ զբաղվել այն գործով, որը իրեն դուր է գալիս:

Ես շատ հետաքրքրասեր եմ, ցանկանում եմ տեղեկանալ ամեն ինչի մասին, անգամ այն բաների մասին, որ ինձ չեն վերաբերվում, նաև շատ շարժուն եմ, նույնիսկ պարապ ժամանակ ցանկանում եմ զբաղվել ինչ-որ բանով:

Օրերս շատ հետաքրքիր են անցնում դպրոցում: Մեր դասարանում սովորում ենք 4 հոգով` 3 աղջիկ և 1 տղա: Ես մեր դպրոցում ընտրվել եմ 2015-2016 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահ: Այդ գործով անցած տարի զբաղվում էր մեծ քույրիկս: Ինձ շատ հետաքրքրեց այդ ամենը, և որոշեցի, որ մյուս տարի անպայման կդնեմ իմ թեկնածությունը, և ես հասա իմ նպատակին:

Ինչպես բոլորը, այդպես էլ ես, ունեմ երազանքներ: Ցանկությունս մեծ է  սովորել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ինչո՞ւ եմ ընտրել հենց այդ մասնագիտությունը, որովհետև նշեցի, որ շատ շարժուն եմ… Ընտրածս մասնագիտությունը համապատասխանում է իմ եսին: Սկզբում նշեցի, թե «ով եմ ես» հարցին հստակ պատասխան չեմ կարող տալ, բայց փորձեցի այսքանով ներկայանալ:

Իրականում ինձ հուզող խնդիրները շատ են, բայց կկենտրոնանամ մեկի վրա: Դա անհավասարությունն է: Երբեք չեմ կարողացել հասկանալ այն մարդկանց, ովքեր իրենց միշտ բարձր են դասել մյուսներից: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ էլ ունի իր առավելությունները, որոնք չունի դիմացինը, բայց մի՞թե կարելի է ամեն պատեհ և անպատեհ առիթով հիշեցնել այդ մասին, իհարկե ոչ: Սա շատ մեծ տարածում գտած խնդիր է, ու երևի տարիների ընթացքում մարդկանց մեջ կփոխվի այդ վատ սովորությունը: