gohar zaqaryan

Ես Գոհարն եմ

Ես Գոհար Զաքարյանն եմ, 15 տարեկան, ապրում եմ Հայաստանի ամենամեծ  գյուղերից մեկում (իհարկե, սա ասում եմ մեծ հպարտությամբ): Հիմա պատմեմ, թե ինչպես է անցնում իմ օրը: Արթնանում եմ վաղ առավոտյան զարթուցիչի անտանելի ձայնից, հագնվում եմ, կատարում իմ ամենօրյա մարմնամարզությունը: Այնուհետև նախաճաշում և գնում եմ դպրոց: Դպրոցում անցկացնում եմ օրվա մեծ մասը: Սովորում եմ 10-րդ դասարանում, 5 համադասարանցիներիս հետ: Այո, մենք 6 հոգով ենք ամբողջ դասարանում: Մենք բոլորս քույր և եղբայրներ ենք: Անհնար է ձանձրանալ կամ տխրել մեր դասարանում: 

7 ժամ դպրոցում անցկացնելուց հետո գալիս եմ տուն: Տան ավագ երեխան ես եմ, և ինչպես մայրիկս է ասում, բոլոր երեխաները ինձնից են օրինակ վերցնում: Դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հաճախ նաև նրանց սխալների և չարաճճի արարքների համար ես եմ պատժվում. չէ՞ որ ես եմ մեծը, ուրեմն, միշտ մեղավոր եմ: Այդ առումով շատ եմ նախանձում այն երեխաներին, ովքեր տան փոքրն են:

Ես գրեթե միշտ ծանրաբեռնված եմ դասերով, բայց արագ եմ սովորում և ժամանակին ավարտում: Ճիշտ է, ես սովորում եմ գերազանց, սակայն ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ իմ սիրելի առարկաները` հայոց լեզուն, գրականությունը, անգլերենը, հասարակագիտությունը, որոնք մեծ հաճույքով եմ սովորում: Ապագա մասնագիտությունս նույնպես կապում եմ այս առարկաների հետ:

Երբ դասերս շուտ եմ ավարտում, սիրում եմ գիրք կարդալ և կտրվել առօրյայից, սիրում եմ նաև համակարգչով զբաղվել, հետաքրքիր նյութեր եմ կարդում, թեստեր լրացնում, ինչպես նաև շփվում եմ ընկերներիս հետ: Սիրում եմ հաճախ մենակ մնալ, մտնում եմ իմ սենյակ, փակում դուռը, միացնում բարձր երաժշտություն և սկսում պարել: Հաճախ, երբ բարձր տրամադրություն եմ ունենում, սկսում եմ համեղ մրգային և բանջարեղենային աղցաններ պատրաստել: Ընտանիքիս անդամները փորձում են, ասում, որ համեղ է, սակայն վերջում ամբողջը ես եմ ուտում. միթե՞ նրանք չեն ուզում ինձ նեղանցնել…

Շատ երազանքներ ունեմ: Ուզում եմ առաջին հերթին լավ մարդ դառնալ, հասարակությանը պիտանի անձ լինել, լավ սովորել, լավ մասնագետ դառնալ: Երազում եմ հայտնի թարգմանչուհի դառնալ և շրջել ողջ աշխարհով, պատմել բոլորին մեր մի բուռ Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին: Վստահ եմ, որ իմ աշխատասիրության շնորհիվ իմ երազանքներն ու նպատակները կիրականանան: