arxiv

Ես և հեռուստացույցը

Կրկնվող պատմություն

Երբ ես դպրոցից տուն եմ գալիս, հաճախ տանը բացի տատիկիցս մարդ չի լինում, բոլորն աշխատանքի են: Ես օգտվում եմ առիթից, պայուսակս գցում եմ բազմոցին, հաց եմ ուտում, նստում հեռուստացույցի առաջ, որպեսզի նայեմ սիրածս սերիալը: Այդ ընթացքում տատիկս մի քանի անգամ գալիս է ու հարցնում.

-Մերի՛ ջան, դասերդ արե՞լ ես:

Ես գլուխս թափահարում եմ՝ հասկացնելով, որ չեմ արել: Նա, բարկությունը զսպելով, գնում է լվացք անելու:

Մոտ երկու ժամ անց ես էլի հեռւստացույցի առջև ֆիլմ եմ դիտում: Բայց տատիկիս համբերությունն անսպառ չէ, նա արագ քայլերով գալիս է սենյակ և ասում.

-Դե, հերիք ա, գլուխս տարար, գնա՛ դաս արա: Ամբողջ օրը սերիալ, սերիալ…

Նրա ճառն ընդհատում է բջջայինիս զանգը: Զանգում է մեր դասարանի Էլենը, ում բոլորը Կոնչիտա են ասում՝ ինձնից ավելի սերիալամոլ լինելու պատճառով:

-Կոնչիտա՞,- զանգին պատասխանում եմ ես:

-Դե, գնա՛ էստեղից,- բացականչում է տատիկս:

Ես շուտ թռնում եմ մյուս սենյակ, քանի ծեծ չեմ կերել, իսկ տատիկս դեռ մրթմրթում է.

-Էս ձեր սերունդը… Բոլորիդ ուշքումիտքը սերիալն ա, տեսնես՝ էս հեռուստատեսությունը չլիներ, դուք ի՞նչ էիք անելու…

Բայց ինքը՝ տատիկս, առանց հեռուստացույցի ապրել չի կարող. դիտում է առավոտվա «Բարի լույս»-ից մինչև մյուս ամսվա պրոֆիլակտիկան:

Մերի Սիմոնյան, 15 տարեկան

***

Իմ վախերը

«1-02» հաղորդումը ես և՛ սիրում եմ, և՛ վախենում եմ, որովհետև տեսածս ամեն պահի կարող է իմ աչքի առջև կատարվել: Ամեն անգամ նայելուց առաջ մտածում եմ. «Արժի՞, նայե՞մ, թե՞ չէ: Եթե չնայեմ, չեմ վախենա, բայց, ախր, շատ հետաքրքիր է»: Եվ, վերջիվերջո, նայում եմ:

Մի անգամ երեկոյան ես տանը մենակ էի: Ես վախենում եմ երեկոյան տանը մենակ մնալուց: Վախենում եմ ոչ թե նրանից, որ հրեշները կամ գողերը կգան մեր տուն, այլ այն փաստը, որ կարող է հանկարծ լույսերն անջատվեն, ինձ սարսափեցնում է:

Շուտով պետք է սկսվեր «1-02-ը»: Ե՛վ վախենում էի լույսերի անջատվելուց, և՛ վախենում էի «1-02»-ը դիտելուց, մանավանդ, որ պետք է մենակ նայեի: Առաջ գոնե տան անդամներից մեկը հետս նայում էր, և այդքան շատ չէի մտահոգվում տեսածիցս: Հաղթահարեցի վախս ու նստեցի հեռուստացույցի առջև: Սակայն հաղորդման կեսին ինձ զանգահարեց դասընկերս, ում հետ վիճել էի դպրոցում: Վիճաբանությունը շարունակվեց հեռախոսով: Մեր վեճից տրամադրությունս շատ ընկավ, բայց ես գտա լավ կողմ մեր վեճի մեջ. ես չնայեցի «1-02-ը», չվախեցա և չմտածեցի լույսերի անջատվելու մասին:

Մանե Արշակյան, 14 տարեկան

***

Չի կարելի, բայց…

Ես սիրում եմ նայել ֆանտաստիկա: Իսկ ծնողներս նախընտրում են սովետական ֆիլմեր: Ինձ էլ շատ են դուր գալիս սովետական ֆիլմերը, օրինակ՝ «Բաղնիքդ անուշը», «3+2»-ը և այլն: Եթե ֆանտաստիկ ֆիլմը շատ վախենալու է, ինձ վտանգավոր է այն նայել, որովհետև միանգամից «գժվում եմ»: Օրինակ, երբ «Ավատարի» մեջ պայքար էր գնում, ավատարներն էլ վայրենի ձայներ էին հանում, ինձ վարակեցին: Ես տեղիցս վեր թռա, սկսեցի ցատկոտել տեղում և տարօրինակ ձայներ արձակել: Ինձ պետք է տեսնեիք: Երբ իմ սիրած սերիալը՝ «H2O»-ն է սկսվում, տանը պետք է կատարյալ լռություն լինի: Այդպես էլ լինում է: Բայց տասը րոպեից գալիս է մայրիկս և ասում.

-Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ինչպիսի հիմարություն, ո՞նց ես դու սա նայում:

Ես էլ պատասխանում եմ, որ իմ դուրը գալիս է: Իսկ նա ասում է.

-Առաջ դու լավ ճաշակ ունեիր:

Եվ հեռանում է: Ու այդպես ամեն օր:

Ինձ նաև դուր են գալիս ռոմանտիկ ֆիլմեր, բայց դրանք էլ ինձ չի կարելի նայել, որովհետև եթե տխուր տեսարաններ են լինում, երեք րոպեից ես արդեն շրջապատված եմ իմ ծնողներով, որոնք ինձ հանգստացնում են, արցունքներս մաքրում:

Մարիա Զաքարյան, 11 տարեկան

***

Սերիալների օգուտը

Պատկերացրե՛ք, դուք հոգնած-ջարդված մտնում եք տուն, միացնում հեռուստացույցը, իսկ այնտեղ միայն հեռուստասերիալներ են: Ես երբեք դրանց իմաստը չեմ հասկացել: Մինչև այս ամառ: Այս ամռանը՝ օգոստոս ամսին, ես գնացել էի տատիկիս և պապիկիս մոտ՝ ուրիշ քաղաք: Հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի սիրել սերիալները: Չէ՛, ուրիշ բան չմտածեք: Ես սկսեցի սիրել սերիալները, քանի որ տատիկս ու պապիկս ամեն օր սերիալ էին նայում, և ես ինչ ուզում անում էի: Նրանք տեսնում էին, որ սերիալի գլխավոր հերոսուհին գիրացել է, բայց չէին տեսնում, որ ես տուն եմ գալիս կեսգիշերին: Բայց Երևան վերադառնալով՝ ես նորից սկսեցի ատել սերիալները, քանի որ իմ ծնողները սերիալ չեն նայում:

Մերի Շարոյան, 13 տարեկան

***

Պատիժ

«И так, в нашем конкурсе… победил… участник… под номером…»:

-Ջան, լավ ա հասցրի, թե չէ՝ «32 ատամի» ամենահետաքրքիր մասը բաց էի թողնելու,- ուրախ բացականչեցի ես, երբ փոխեցի հեռուստաալիքը՝ չթողնելով, որ քույրս իր ամենասիրած ռուսական մրցույթը նայեր:

-Հա՛յկ, ինչի՞ փոխեցիր ալիքը: Շնորհք գոյություն ունի, չէ՞:

-Հա՛ս, լավ էլի, էդ ռուսական մրցույթներն ո՞ւմ են պետք:

-Ոչ մեկին էլ պետք չեն, բայց որոշ մարդկանց համար հետաքրքիր են: Հա՛յկ, էսօր կռվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հավես ունեմ: Էնպես որ, վահանակը հանձնի՛ ու անցի՛ դասերիդ:

-Հա՛ս ջան, ես իմ դասերը շուտվանից եմ վերջացրել, համ էլ մի՛ խանգարի, թող մի քիչ ծիծաղեմ, կյանքս երկարի:

-Ծիծաղի, ծիծաղի, թե ի՞նչ ես տեսել էդ տափակության մեջ ծիծաղելու, չեմ հասկանում,- հեգնանքով ասաց քույրս:

Իհարկե, երևաց, որ նա չի սիրում հայկական հումորային ծրագրերը և առհասարակ հայկական հեռուստաալիքները:

Ես լավ էի զգում ինձ որոշ ժամանակ, քանի որ քույրս ձայն չէր հանում, այլ լուռ նստել և ոչ թե հեռուստացույց էր նայում, այլ պարզապես հեռուստացույցին էր նայում:

-Լավ, Հա՛յկ, հերիք ա նայես, գնա՛, մի քիչ էլ ես նայեմ:

15-20 րոպե ձայն չեմ հանում, մտածում եմ. «Լավ, թող նայի»: Դե, հիմա տո՛ւր ինձ վահանակը:

-Չէ՛, ինձ հանգիստ թող, հենց կտեսնեմ հեռուստացույցով ոչ մի հետաքրքիր բան չկա, կտամ քեզ վահանակը:

-Հա՛յկ, ասացի՝ տո՛ւր:

-Չեմ տալիս:

-Տո՛ւր:

-Չեմ տալիս:

Քույրս զայրացած վեր կացավ, մոտեցավ հեռուստացույցին, որ անջատի, բայց մինչև նրա անջատելը հեռուստացույցն ինքն իրեն անջատվեց: Եվ ոչ միայն հեռուստացույցը. անջատվեց նաև սենյակի լույսը: Մի քանի վայրկյան լռություն տիրեց, որից հետո լսեցի մայրիկիս ձայնը խոհանոցից.

-Հա՛յկ, լույսերը տարան, մի հատ մոմ բեր, վառենք:

-Ո՞նց թե տարան, բա «32 ատա՞մը» …,- լացակումած ձայնով ասացի ես:

-Էս էլ քեզ պատիժ, դե, գնա՛,- ուրախ-ուրախ ասաց քույրս և, բացելով իր նոթբուքը, մտավ ինտերնետ:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Մեր դասարանի «հեռուստացույցը»

-Երեխե՛ք,- գոռալով դասարան մտավ Անիտան,- երեկ ո՞վ է «Բանակում»-ը նայել:

-Հա, իսկականից, աջակցեց նրան Սերյոժան, ես էլ երեկ չեմ նայել, ի՞նչ եղավ:

Հնչեց չարաբաստիկ զանգը, և, իր սովորության համաձայն, ուղիղ 8:31 ներս մտավ մեր ֆուտբոլասեր աշխարհագրության ուսուցչուհին:

-Ընկե՛ր Յավրյան, երեկ «Մանչեսթեր»- «Չելսի» խաղը նայեցի՞ք:

-Նորից սկսվեց… Հիմա՝ ֆուտբոլ, հետո՝ սերիալ, հետո՝ բոքս: Ու մինչև երեկվա բոլոր ալիքների հաղորդումները չքննարկեն, դաս չենք անի,- մրթմրթաց կողքիս նստող դասընկերս՝ Վահիկը:

-Հա՛, լավ,- դինջ ձայնով ասացի ես,- դասը սովորե՞լ ես:

Պատասխանը բացասական էր:

-Ուրեմն հանգիստ նստի՛… Կամ էլ դու ե՞րբ ես դասին ձեն հանում որ…

Հետո դասարանում Դինջ Վհուկ անունով հայտնի Վահիկը և Կատղաքնած Լուսոն, այսինքն՝ ես, ավելի հարմար տեղավորվեցինք և փակեցինք մեր ականջները, որ չլսենք դասարանի «հեռուստացույցը»:

Լուսինե Համբարձումյան, 14 տարեկան

***

Հեռուստացույցի պատճառով

Երբ տուն եմ գալիս, դաս անելու փոխարեն հեռուստացույց եմ դիտում: Իհարկե, հեռուստացույցի պատճառով դասերս չեմ կարողանում անել, բայց ինձ էլ է կարելի հասկանալ: Հեռուստացույց նայելուց հետո էլ ոչ մի կերպ չեմ կարողանում դաս անել: Մի անգամ գիշերը 11-ին մոտ սկսեցի դիտել մի սարսափ ֆիլմ և վստահ էի, որ ֆիլմից հետո դասերս կանեմ: Ֆիլմի ավարտից հետո գունաթափ եղած, վախեցած, դողդողալով գնացի և մեխանիկորեն պառկեցի անկողնուս մեջ և միագամից սարսափած քնեցի: Մի՞թե այսքանից հետո կարող էի դասերս անել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան

***

Ամեն օր նույնը

-Ժողովուրդ, նայեք, էս ի՞նչ փոշի ա,- ասաց Վարդգեսը դասամիջոցին՝ մատ ցույց տալով,- լավ եմ, չէ՞, հորինել:

-Չես հորինել, «Երևան» կոչեցյալն ես նայում ու կրկնօրինակում ես,- մեջ մտա ես:

-Ի՞նչ ա եղել որ, կարո՞ղ ա լավը չի:

-Չէ՛, ես բան չունեմ ասելու: «Համաշխարհային հայտնագործություն» ա էդ «հումորը»: Դրա համար էլ ժողովրդի մակարդակը շատ «բարձր» ա:

Վարդգեսը, չհասկանալով իմ բարոյախրատական ճառերը, չպատասխանեց և դասարանից դուրս եկավ:

«Քարոզներս միայն ինձ համար եմ կարդում»,- մտածեցի ես՝ հույսս կորցրած, որ ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը:

Երբ դպրոցից տուն եկա, հեռուստացույցը միացրած էր. գովազդ էր:

«Շուտով ելույթ կունենան հայ էստրադայի աստղերը»,- խոսում էր հաղորդավարը, իսկ նրա ասածներին հաջորդում էին «ցերեկային աստղերի» (մուղամի) գեղեցիկ կլկլոցները:

Սակայն այս «մութ ու խավարի» հետ մեկտեղ, ես մեծ հաճույք եմ ստանում, երբ դիտում եմ «Հայ սուպերսթարը», որտեղ վերջապես կարող եմ ասել, որ մասնակիցները առանց չակերտների երգում են: Շատ եմ սիրում «Բարի գիշեր, հայեր» հաղորդաշարը, «Ուրվագիծը», «Օտար ամայի ճամփեքի վրա»-ն և այլն:

Ուղղակի մի քիչ դժգոհ եմ, որ իմ հեռուստատեսության հանդեպ մոտեցումը կիսում են ինձ հետ միայն իմ ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ երբեմն չեմ դիմանում և ավելորդ խոսում եմ:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

***

Հակամարտություն

Ես նստած հեռուստացույց էի դիտում և մտքումս ասացի. «Ըհը, էս մի սերիալն էլ նայեմ ու գնամ դաս անեմ, շատ հետաքրքիր սերիալ է…»:

«Ո՛չ, դու հենց հիմա պիտի գնաս դաս անելու: Դու շատ լավ գիտես, թե ինչ է լինում, երբ մի րոպե ավել ես նստում հեռուստացույցի դիմաց»,- ասաց իմ ամենավատ թշնամին և միաժամանակ լավագույն ընկերը՝ երկրորդ «ես»-ը:

«Լավ, այս անգամ խոսք եմ տալիս, հենց մի սերիալը պրծնի, միանգամից կգնամ,- պատասխանեցի ես:

«Էհ, դե վերջացրու, ես քո «միանգամից»-ը գիտեմ: Արագ դաս անելո՛ւ»:

Ես այդպես էլ չգնացի: Իսկ երբ նայեցի ժամացույցին, տեսա, որ 15 րոպեի փոխարեն արդեն երկու ժամ հեռուստացույցի դիմաց եմ: Տասը րոպեից էլ գալու էին ծնողներս և քույրս, աղմկեին, այսինքն՝ դաս անել հնարավոր չէր լինի…

Եվ այդպես ամեն օր… Հեռուստացույցը ոնց որ թմրանյութ լինի ինձ համար: Որ կպնում եմ, այլևս պոկ չեմ գալիս: Միգուցե ավելի լավ է ընդհանրապես հեռուստացույց չդիտել…

Իննա Ազնաուրյան, 14 տարեկան

***

Անհույս օրերիս հուսալի իմ ընկեր

-Վե՛ն ջան, մենք հիմա գալիս ենք դպրոցից քեզ վերցնենք, ու ես հիվանդանոց պիտի գնամ, քույրիկդ էլ կուշանա: Մի խոսքով, տանը մենակ ես մնում: Խելոք կմնաս, սեղանին ուտելու բան եմ դրել, միանգամից կուտես, որ չսառչի, ու հետո անպայման դաս կանես,- շարունակում էր այսպես խոսել հորաքույրս, բայց այլևս չէի լսում նրան, որովհետև այնքան էի ուրախացել, որ տանը մենակ էի մնալու, որ քիչ էր մնում գնայի ու ֆիզիկայի ուսուցչիս սիրո խոստովանություն անեի:

Ուրախ-ուրախ գնացի տուն. չէ՞ որ որոշել էի հիանալի ժամանակ անցկացնել: Տուն մտա և, հիշելով հորաքրոջս ասածը, որոշեցի մի քիչ լսել նրան: Հաց կերա: Երբ պատրաստվում էի զանգել ընկերուհուս՝ Մարիամին, որ նա հավաքի մեր ընկներներին, ու գան մեր տուն, հնչեց հեռախոսի զանգը:

-Ալո, Վեն ջան, ես հիվանդ եմ, կարո՞ղ ես գալ մեր տուն, երեխեքը մեր տանն են,- խզված ձայնով ասաց Մարիամը: Այդ պահին հիշեցի, որ հորաքույրս արգելել էր տանից դուրս գալ: Ստիպված էի մնալ տանը: Ինչ-որ ուրախ զբաղմունք էի ուզում գտնել: Հասկացա, որ ինձ շտապ ինտերնետ է հարկավոր: Արագ-արագ միացրի համակարգիչը, բայց ավելի տխրեցի, երբ հասկացա, որ կրկին տեխնիկական խափանումների պատճառով ինտերնետ չկա: Կատարյալ հիասթափություն էի ապրում: Տանն ինչ կար, արդեն կերել էի: Հանկարծ հիշեցի, որ մի բան կա, որ դեռ չեմ արել: Հեռուստացույցը: Այդ օրվանից սկսեցի ավելի շատ հեռուստացույց դիտել ու սիրել, քանի որ հասկացել եմ, որ միակ բանը, որ անկախ իմ տրամադրությունից ու ցանկությունից միշտ պատրաստ է ինձ ընկերակցել, հեռուստացույցն է:

Վեներա Գրիշյան, 13 տարեկան

2008թ.