arxiv

Երբ ես փոքր էի. մաս 2

Որտե՞ղ ես, հայրի՛կ

Երբ ես շատ փոքր էի, առավոտյան ամենավերջինն էի արթնանում: Աչքերս բացելուն պես տեսնում էի հայրիկիս, ով միշտ բարձր տրամադրությամբ գալիս էր, ինձ բարի լույս ասում ու բարձրացնում անկողնուց: Դա ինձ շատ էր դուր գալիս: Մի օր էլ, երբ քնած էի, հանկարծ աչքերս բացվեցին, և նկատելով, որ հայրիկս կողքիս չէ, ես առանց երկար-բարակ մտածելու բարձր բղավելով կանչեցի նրան.

-Պա՜պ:

Ու աչքերս նորից փակեցի: Մի վայրկյան անց լսվեց հայրիկիս շշնջացող ձայնը.

-Ի՞նչ ա եղել:

Ես աչքերս բացեցի, տեսա հայրիկիս՝ քնաթաթախ աչքերով, հոնքերը կիտած, մի փոքր խառնված մազերով ու ամենակարևորը՝ գիշերային հագուստով: Խառնված շուրջս նայեցի ու տեսա, որ դեռ մութ գիշեր է: Հայրիկս սպասում էր իմ պատասխանին, որը պետք է, որ շատ կարևոր բան լիներ, բայց իրականում ոչինչ էր:

-Լավ, հեչ,- շվարած պատասխանեցի ես ու անմիջապես փակեցի աչքերս:

Երևի խեղճ հայրիկս այդպես էլ չկարողացավ նորից քնել:

Եվա Հախվերդյան, 15 տարեկան, 2010

***

Չարաճճին

Երբ ես փոքր էի, շա՜տ-շա՜տ չարաճճի էի, բայց, միևնույն ժամանակ, շատ բախտավոր էի: Օրինակ, մի անգամ ես մեր հեռուստացույցի սեղանին էի խփում իմ խաղալիք ավտոմեքենայով: Հանկարծ սեղանի ոտքերը ջարդվեցին, հեռուստացույցը թռավ իմ գլխավերևով սեղանին, հետո ընկավ ինձնից մի միլիմետր հեռու՝ գորգի վրա, ննջարանի ծաղկամանն էլ եկավ հասավ հյուրասենյակ իմ մեջքի հետևից: Բայց ինձ բան չեղավ: Եվ, իհարկե, ես ոչ մի բանում մեղավոր չէի:

Կամ՝ մի անգամ մենք ընտանիքով մեկնել էինք Ֆրանսիայի ծովափնյա քաղաքներից մեկը՝ Լա Սիոտա: Մայրիկս մտավ ծովը՝ լողալու: Արդեն քանի օր էր՝ հանգստանում էինք այնտեղ, իսկ մայրիկս առաջին անգամ էր ջուրը մտնում, որովհետև նրա ձեռքը միշտ շղթայված էր լինում իմ ձեռքին, թե չէ՝ ինձ բռնել չէր լինի: Ինձ դեռ տասն ամսեկանից չէին կարողանում բռնել: Իմ կողքին էին հայրս, քույրս, հորեղբայրս, երեք հորաքույրներս  և նրանց հինգ տղաներն ու մեկ աղջիկը: Մայրիկս դեռ նոր էր խորացել ծովի մեջ, արդեն բարձրախոսով հայտարարում էին. «Գտնվել է մի երեխա, թող ծնողները ներկայանան»: Բայց մայրիկս ուշադրություն չդարձրեց՝ մտածելով, թե ես բարեկամներիս հետ եմ: Իսկ այն «ամբոխը», որն իմ կողքին էր, չէր նկատել, որ ես չկամ: Ջրից դուրս գալով՝ մայրիկս նկատեց իմ բացակայությունը և հասկացավ, որ հենց իմ մասին էին հայտարարում բարձրախոսով:

Ահա թե ինչպիսին էի, երբ փոքր էի:

Նաիրի Արեգ Հացպանյան, 9 տարեկան, 2010

***

Արդարության պաշտպանը

Ես մանկությունս անցկացրել եմ քեռուս տղայի՝ Արամի հետ, ով ինձնից վեց ամիս մեծ է: Ի տարբերություն ինձ, Արամը շատ խելոք և հանգիստ երեխա էր:

Մի օր, երբ ես երեք տարեկան էի, Հասմիկ մորաքույրս ինձ և Արամին տարել էր իր ընկերուհու տուն, ով ուներ ինձանից երեք տարով մեծ տղա: Տղայի անունը Խաչիկ էր: Խաչիկը գնում-գալիս էր՝ Արամին նեղացնում էր, իսկ Արամը նվնվում էր: Երբ Խաչիկը հյուրասենյակից դուրս եկավ, ես վազեցի նրա հետևից և ձեռքիս հովանոցով սկսեցի հարվածել Խաչիկին՝ ասելով.

-Դե, լացի՛, դե, լացի՛…

Մի կերպ Խաչիկին փրկեցին իմ ձեռքից, և մենք գնացինք տուն:

Վերջերս հանդիպեցի Խաչիկին, և բարևից առաջ նա ինձ հարցրեց.

-Դու դեռ այդքան չա՞ր ես…

Գայանե Մարտիրոսյան, 15 տարեկան, 2010

***

Շատ ուրախանալու արդյունքը

Եբ ես փոքր էի, շատ էի սիրում իմ ծննդյան օրերը: Հինգ տարեկան դառնալուս նախօրյակն էր: Շատ էի ուրախացել, որ հաջորդ օրը ստանալու եմ շա՜տ նվերներ: Արդեն կեսգիշեր էր, սակայն ես չէի էլ պատրաստվում քնել, որովհետև շա՜տ էի ուրախացել և ուրախությունից վազվզում էի տնով մեկ: Հանկարծ գլուխս հարվածեցի մեծ սեղանին, իսկ հետևանքները… Ես հայտնվեցի հիվանդանոցում: Ինձ վիրահատեցին: Հետո պարզվեց, որ իմ ծննդյան օրը բժշկիս ծննդյան օրն էլ էր: Եվ մենք սկսեցինք բողոքել: Նա բողոքում էր, որ իր ծննդյան օրը պետք է հերթապահի գիշերը, իսկ ես բողոքում էի, որ իմ ծննդյան օրը անցկացնելու եմ վիրակապած ճակատով:

Լուսինե Ղազարյան, 14 տարեկան, 2010

***

 «Ո՛չ» ուտելուն

Երբ ես փոքր էի, ուտել ընդհանրապես չէի սիրում: Մայրիկս ասում է, որ ես անգամ սովի զգացում չունեի:

Մի անգամ ինձ զոռով տոլմա էին կերակրում: Վերջապես վերջին կտորը զոռով բերանս դնելուց հետո ուղարկեցին քնելու: Ես այդ ժամանակ չորս տարեկան էի: Երբ զարթնեցի, տատիկս նկատեց, որ բերանիս մեջ ինչ-որ բան կա: Տոլման էր, որ մինչև այդ պահը բերանումս էր մնացել:

Հետո, փոքր ժամանակ ես շատ համառ էի: Եթե երեխաների մեծ մասի առաջին բառը եղել է «մամա», իմը եղել է ռուսերենով «ո՛չ» բառը: Դրա համար էլ իմ անունը դրել էին «девочка-неточка»:

Իննա Ազնաուրյան, 15 տարեկան, 2010

***

Տրամաբանություն

Փոքր ժամանակ շատ էի սիրում քիթս մտցնել մեծերի գործերի մեջ: Երբ մեծերը սուրճ էին խմում, գնում էի մայրիկիս մոտ և ասում.

-Ես էլ եմ ուզում:

Մայրիկս ասում էր.

-Ո՛չ, եթե երեխաները փոքր հասակից սուրճ են խմում, նրանց մաշկը սևանում է:

Մի անգամ մայրիկիս հետ զբոսնում էինք, և ես նկատեցի մի սևամորթ կնոջ: Սկսեցի մատով ցույց տալ նրան և ասել.

-Մա՛մ, մա՛մ, նայի՛, էս մորաքույրը շատ ա սուրճ խմել:

Իսկ այդ կինը, չհասկանալով, թե  ինչ եմ ասում, պարզապես նայում էր ինձ և ձեռքով անում: Տեսնես ի՞նչ էր մտածում:

Քրիստինա Սարյան, 15 տարեկան, 2010

***

Վեճերի պատճառը

Փոքր ժամանակ ես եղել եմ շատ քնկոտ և ցերեկային ժամերին հինգից յոթ ժամ քնել եմ: Շատ անգամ մայրս մոտենում էր և կամաց մատը մոտեցնում քթիկիս՝ համոզվելու համար, որ շնչում եմ:

Երբ փոքր էի, նաև սիրում էի լինել շատ մարդկանց շրջապատում: Ինձ ավտոբուսում տեսնելով՝ մարդիկ միշտ ասում էին.

-Վա՜յ, ի՜նչ համով բալիկ է…

Եվ ես ոգևորված սկսում էի ծայրից ծայր  «Մկների ժողովն» արտասանել մինչև մեր իջնելու կանգառը:

Հիմա, երբ մայրիկս էլի ինչ-որ բաներ է պատմում իմ մանկությունից, անպայման վերջում ավելացնում է.

-Տե՛ս, է, փոքր ժամանակ ինչ խելոք երեխա ես եղել, իսկ հիմա…

Հենց այդպես են ամեն անգամ սկսվում իմ ու մայրիկիս միջև վեճերը:

Տաթև Հակոբյան, 15 տարեկան, 2010

***

Ո՞վ կհասնի առաջինը

Առաջ մայրիկիս ոչ մի կերպ չէի թողնում առանց ինձ ինչ-որ տեղ գնալ: Ամեն անգամ, երբ լսում էի, որ մայրս պետք է տանից դուրս գա, արագ հագնվում էի և պատրաստ սպասում նրան, անկախ նրանից, թե նա պատաստվում էր ինձ տանել իր հետ, թե՝ ոչ: Մի օր, երբ դեռ հինգ տարեկան էի, մայրիկս պետք է գնար ընկերուհու տուն: Ես նրան հարցրեցի.

-Մա՛մ, կլինի՞ ես էլ գամ:

Նա ասաց.

-Ո՛չ:

-Մա՛մ, գոնե իջնեմ բակ խաղալու, հա՞,- համարյա լաց լինելով ասացի ես:

Մայրս թույլ տվեց: Ես արագ-արագ հագնվեցի և դուրս եկա բակ, բայց ոչ թե խաղալու, այլ մայրիկից շուտ նրա ընկերուհու տուն հասնելու:

Երբ հասա, տիկին Անահիտն ասաց.

-Բարև, Շուշա՛ն ջան: Բա մաման ո՞ւր է:

-Հիմա կգա,- պատասխանեցի ես:

Երբ մայրիկս եկավ, կարծում էի՝ կբարկանա, բայց նա ինձ տեսնելուն պես սկսեց ծիծաղել:

Շուշան Աբրահամյան, 15 տարեկան, 2010