mariam barseghyan1

Երևանյան օրեր

Առաջին օրը դասի գնալիս մետրոյի շարժասանդուղքի վրա ոտքերդ կդողան, ու մի պահ կմտածես, թե բարձրությունից վախենում ես: Բայց հաջորդ օրը ժետոն գնելը, անցակետ անցնելը ու շարժասանդուղքի վրա քայլելը սովորական բաներ կլինեն: Մի քանի օրից դու անգիր կիմանաս գետնանցումի բոլոր մուտքերն ու ելքերը և կամաց փողոցները իրենց անուններով կկոչես: Ու չես վախենա մոլորվելուց, որովհետև ուր էլ քեզ տանեն, համալսարան տանող ճանապարհը միշտ կգտնես:

Կամաց կսկսես սիրել այդ ամենօրյա ճանապարհը, ու ականջակալներումդ հնչող երգերը այդ ճանապարհի հետ կկապվեն: Ու կսիրես մի քաղաք, որը քեզ համար անծանոթ է, ու կանհանգստանաս այդ քաղաքի համար՝ որպես հարազատ:

Եթե հիմա արդեն Երևանում ես ու մի քիչ էլ քաղաքականության սիրահար, ապա ամեն օր քաղաքապետի թեկնածուների քարոզարշավներին կհետևես: Բայց անկախ ամեն ինչից՝ անիմաստ պաստառները մետրոյում անխուսափելի կլինեն: Տան պատուհանից կտեսնես, թե ոնց են 5 տարեկանից բարձր տարիքային խմբերը բարձրախոսները ձեռքներին քայլում շենքիդ դիմացով, ու բազում փուչ, մեկ-մեկ էլ իրականությանը մոտ խոստումներ հնչեցնում (5 տարեկան երեխաները չեն խոսում, բայց կուսակցության դրոշը ծածանում են): Կարող է մի քիչ էլ ափսոսաս, որ երևանյան գրանցում չունես և չես կարող ընտրել, կամ առհասարակ, 17 տարեկան ես ու ընտրելու իրավունք ուղղակի դեռ չունես:

Ժամանակի հետ քաղաքում բազում խնդիրներ էլ կգտնես՝ տրանսպորտային միջոցներից մինչև վերելակ, գետնանցումներից մինչև ճանապարհիդ հանդիպած ամեն փոս: Ու ինչքան շատ ժամանակ անցնի, այնքան շատ կսիրես Երևանը, ու այդքան անգամ էլ քաղաքի խնդիրներով մտահոգված կլինես: Ճիշտ այնպես, ինչպես քո հարազատ քաղաքում էիր: