Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. Օր 4

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այսօր սովորկանից շուտ արթնացանք, քանի որ ծրագրով նախատեսված էին մի քանի զեկույցներ տարբեր հետաքրքիր թեմաներով, որոնցից առաջինն էր՝ «European Youth Press»-ի անդամ Մարտին Մաշկայի պրեզենտացիան մեդիա գրագիտության և կեղծ լուրերի մասին: Մարտինը ներկայացրեց մեդիա գրագիտության կարևորությունը և լրագրողի, և ընթերցողի համար: Լրագրողը պետք է կարողանա ճիշտ կերպով փոխանցել ինֆորմացիան հոդվածի միջոցով, իսկ ընթերցողը իր հերթին պետք է գտնի և հասկանա այն թաքնված հաղորդագրությունը, որը փորձել է փոխանցել լրագրողը: Մեդիա գրագիտության լայն թեմայից հետո Մարտինը բարձրացրեց մեկ այլ` իմ կարծիքով կարևոր հարց` ինչպես բացահայտել կեղծ լուրերը, վիզուալ օրինակների վրա մեզ հետ քննարկեց նմանատիպ դեպքեր, որոնք ժամանակին հրատարակվել կամ ցուցադրվել են հեռուստացույցով: Նմանատիպ զեկույցները շատ հետաքրքիր և ուսուցողական են այն առումով, որ մենք ոչ միայն լսում ենք զեկուցողի պատրաստած խոսքը, այլև ինքներս այն վերլուծում և ուղղում ենք սխալները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հաջորդ զեկույցը վերաբերում էր հարցազրույց վարելուն, որը մեզ ներկայացրեց նույն կազմակերպության մեկ այլ անդամ՝ Մարիել Ռաիսման: Զեկույցը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներ: Մարիելը բացատրեց հարցազրույցին պատրաստվելու գործընթացը, թեմայի ընտրությունը, հարցեր կազմելը և այլն: Այս ամենը իհարկե, մասնակիցների մեծամասնության համար նոր բան չէր, սակայն սրանք այն հիմնական կետերն են, որ պետք է իմանա յուրաքանչյուր լրագրող:

Մարիելի ուսուցողական զեկույցից ստացած գիտելիքների հիման վրա նախորդ օրը կազմավորված խմբերը պետք է այսօր սկսեին պատրաստվել ծրագրավորողներից հարցազրույց վերցնելուն: Ամեն մեկս որոշեցինք հարցերը, հերթականությունը, թեման և հետո, երբ եկան ծրագրավորողները, ամեն խումբ սկսեց իր հարցազրույցը: Գործընթացը բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք`լրագրողներս,  կատարելագործեցինք մեր գործնական գիտելիքները, իսկ ծրագրավորողները ունեցան հնարավորություն՝ ընթերցողին տեղեկացնելու իրենց ստեղծած հավելվածների մասին:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այս ամենը տևեց 45 րոպե, և աշխատանքն ավարտելուց հետո մեզ տարան «Salzburger nachrichten» («Զալցբուրգյան պատմություններ») թերթի տպարան: Սակայն մինչ տպարան գնալը մասնակիցների և ծրագրավորողների թիմերը հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել թերթի լրագրող Անգելիկա Վյեննեռոյթերին (Angelika Wiennerroither), պրոֆեսոր Պիտեր Բրուկին, Ուեյս Ջանին և Մարիել Ռաիսմային:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հնչեցին տարաբնույթ հարցեր` սկսած կեղծ լուրերից և վերջացրած լրագրողների դերով ժամանակակից մեդիա ոլորտում: Անգելիկան իր անձնական օրինակով պատմեց, որ «Պատմություն գրելիս պետք է ինքդ քեզ հարց տաս` իսկ ի՞նչ է այն նշանակում ինձ համար»:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Իսկ Ուեյսը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, նշեց, որ իր հանդիպած «ամենալավ» կեղծ լուրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակահատվածում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի` բազմակնությունը պաշտոնապես թույլատրելու մասին սոցցանցերում տարածված  լուրն էր:

Հարց ու պատասխանի ավարտից հետո գնացինք տպարան` տեսնելու հաջորդ օրվա թերթի տպագրության գործընթացը, որն սկսվում էր յուրաքանչյուր էջի համար բարակ թիթեղյա ձևանմուշ պատրաստելով, որը այնուհետև տեղադրվում էր տպող մեքենայի մեջ, որից հետո հազարավոր տպված թերթեր ուղարկվում էին երկրի տարբեր քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներ: Տեսանք նաև թերթի արխիվը, որտեղ պահպանված էր թերթի ստեղծման պահից տպագրված յուրաքանչյուր օրինակ, և անհավատալի էր կարդալ 1945 թվականի դեպքերը ներկայացնող հոդվածներն ու անհայտ կորածների անունները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Օրը լի էր հետաքրքիր զեկույցներով, հարց ու պատասխանով, միջմշակութային շփումով և իհարկե տեղական թերթի տպագրատանը անմոռանալի շրջայցով: