seroj araqelyan1

Զգացե՞լ եք

Զգացե՞լ եք, որ ամեն ինչ նույնն է: Երբ 2017-ին հրաժեշտ էինք տալիս դեկտեմբերի 31-ի գիշերը, մեզ թվում էր՝ վերջ, 2017-ի հետ կապված ամեն ինչ մոռացվեց, բայց չէ, կա հիշողություն ասածը: Մեզ օգնում է մի պահ կտրվել հիշողությունից երկնքում տիրող հրավառությունը, բայց մի պահ: Մի պահ էլ մեկ բաժակ շամպայնը և հյուրերի ելումուտը: Եկեք մի քիչ խորանանք շրջակա միջավայրի մեջ: Էլի նույն մարդիկ և նույն շենքերը՝ նույն բնավորությամբ և ոչ ավել կամ պակաս քանակով:

Օրինակ, ես 2018-ը սկսել եմ քննական շրջանով. ամեն օր դաս, պարապմունք, ստուգարքային գրքույկ և գնահատական: Ունեմ ընդամենը մի քանի ժամ: Դա առավոտյան հանգիստ քունն է: Միակ բանը, որ ուզում ես վայելել, բայց էլի ամեն ինչ նույնն է: Մեր 6-րդ հարկի հարևանուհին այդպես էլ ինձ չհասկացավ և ամեն անգամ իմ հանգիստ քունն ընդհատում է հատակ մաքրելու աղմուկով: Բայց հետո, էսպես ասած, մեղքերը քավում է իր աղջիկը: Ես քնում եմ դաշնամուրի նվագի տակ: Մանավանդ, երբ նվագում է Ed Sheeran – Shape Of You երգը: Դաշնամուր չեմ սիրում, բայց այդ երգը դաշնամուրով հաճելի է լսել:

Ահա և իմ առօրյան: Ամեն ինչ նույնն է, բայց կա մի փոփոխություն: Մեջս կա, էսպես ասած, սպասողական վիճակ, որի անունն է՝ զորահավաք: Երբ դու, ինչքան ել չուզես, բայց մեկ է, ժամանակը մեջքիցդ հրելով տանում է առաջ: Ինչքան էլ հետ նայես, մեկ է, ինքը քեզ հրելով առաջ է տանում:

Հիմա ասում եմ՝ ինչո՞ւ է արագ անցնում, բայց երբ գնամ, ասելու եմ՝ ինչո՞ւ է դանդաղ անցնում: Հա, մեկ էլ մի փոփոխություն կա: Այո, այո, նյութ գրելու մեջ: Զգացե՞լ եք՝ ինչ թե ինչքան բառ ենք գրում մենք ֆեյսբուքում, վայբերում մարդկանց հետ շփվելուց: Մի՞թե չարժի այդ բառերի քանակը հավաքել Word-ում և ուղարկել 17-ին: Անկախ մեզնից մենք նյութ ենք գրում ու չենք ուղարկում: Այ, հիմա ես թողել եմ շփումս ֆեյսբուքով և նամակի փոխարեն նյութ եմ գրում: Մեկ է՝ զրուցելը կա ու կա: Իսկ դու փորձե՞լ ես այդպես անել:

Փորձիր. հանգիստ խղճով կպառկես կքնես, որովհետև նյութ գրելու ժամանակ հավաքել և արտահայտել ես բոլոր քեզ հուզող մտքերը՝ այդ ընթացքում նաև վերլուծելով, խաղաղվելով, մի հարց, մի խնդիր էլ  առաջարկել քո հասակակից ընթերցողներին:

Հաստատ արդեն ոչ մի բան նույնը չէ, ու օրերն էլ նման չեն մեկը մյուսին: