Ընթերցանության օր

Ցուրտ, բուխարի, ականջակալներ, հանգիստ երաժշտություն և գիրք՝ վերջին տասնամյակում մոռացված մի իր կամ պարզապես հասկացություն:

21-րդ դարում քչերն են գրադարակից վերցնելով գիրքը՝ ընկղմվում բազկաթոռի վրա՝ բուխարու կողքին, «ընկնում» գրքի վրա և ըմբոշխնում փոշոտ թերթերի հոտն ու տողերի տակ թաքնված իմաստը:
Այսօր, երբ գիրք էի կարդում՝ բուխարու տաքությունից կարմրած, մտքումս մի հարց ծագեց. ինչքա՞ն կարևոր են գրքերը մեզ համար: Եվ միանգամից դրան հետևեց պատասխանը. դրանք մեզ օգնում են խոսել ճարտար, զարգացնում են բազմակողմանի և, առհասարակ, այն հաճույք է պատճառում: Գիտեի, որ հարցիս պատասխանը կստանամ նաև տատիցս: Այդ պատճառով էլ վեր կացա տեղիցս ու գնացի նրանից փոքրիկ հարցազրույց վերցնելու:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Մինչ այն ներկայացնելը ասեմ, որ երկու տատերս էլ բանիմաց ու կարդացած մարդիկ են: Մորական տատս լավ է ռուսերենից, իսկ հորականը՝ մաթեմատիկայից: Տատս՝ լինելով մաթեմատիկայի նախկին ուսուցչուհի, նաև գրքասեր ու «գրքապաշտ» տիկին է: Նա կարևորում է գրքերի առկայությունը մարդու կյանքում: Իսկ հիմա հարցազրույցից մի հատված:

Աջաջին հարցս.

 -Տա՛տ, ինչպե՞ս դարձար գրքասեր:

-Տանը 4 երեխա էինք: Մայրս միշտ քնելուց առաջ մեզ համար հեքիաթ էր կարդում, և մենք, քննարկելով այն, գտնում էինք չար ու բարի հերոսներին: Ես տան մեծն էի և երբ փոքր ինչ մեծացա, արդեն ես էի կարդում հեքիաթներ քրոջս ու եղբայրներիս համար: Սկզբում այն ինձ համար պարտավորություն էր, բայց հետո դարձավ հաճույք և, նույնիսկ, առօրյայիս անբաժան մասը: Այսպես դարձա գրքասեր:

-Իսկ ո՞ր ժանրն ես սիրում:

-Նախընտրում եմ կենսագրական ու դեդեկտիվ ժանրերը: Քանի որ հետաքրքրված եմ մեծ մարդկանց կյանքով, նշածս ժանրերը ավելի են գերում ինձ:

-Տատ ջան,իսկ երբևէ եղե՞լ է, որ խառնես իրականությունն ու գիրքը:

-Երբ կարդում էի «Խաչուղիներ» գիրքը, ինձ թվում էր, թե ես եմ ապրում ժայռի ծայրին՝ վրանի մեջ:

 -Լավ, իսկ որևէ հերոս կա՞, որ քեզ ես նմանեցնում: 

-Ամեն հերոսից ինչ-որ բանով նմանեցնում եմ ինձ, բայց հստակ որևէ հերոս չկա, որ ամբողջությամբ նմանեցնեմ:

 -Իսկ ինչքա՞ն կարևոր են գրքերը մեր կյանքում: 

-Դրանք, բացի գիտելիքից, զարգացնում են բազմակողմանի ու օգնում են կյանքում կողմնորոշվել: Օրինակ, երբ գրքում ներկայացված որևէ դեպք կյանքում պատահի, գրքից օգտվելով ճիշտ կկողմնորոշվեք՝ իհարկե, եթե ճիշտ եք համարում այն: Ես պարզապես կասեմ, որ կարդաք շա՜տ, ինչ-որ կընկնի ձեռքի տակ, և իմացեք, որ կշահեք:

Դե, վերջ: Ես՝տատիս խորհրդին հետևելով, գնամ շարունակեմ գիրք կարդալս, դու՛ք էլ գնացեք, մի բան վերցրեք ու կարդացեք: Մանավանդ այսօր կիրակի է: