lilit harutyunyan lchshen

Ընկնելով ծուղակը

Ես շատ հետաքրքրասեր եմ: Իմ կարծիքով, դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, քանի որ դրա շնորհիվ կարողանում եմ ավելին իմանալ ու ընդլայնել գիտելիքներիս պաշարը, և վատ, քանի որ հաճախ դրա պատճառով տուժում եմ:

Այ, օրինակ՝ մի անգամ կարդացի 17.am–ի թղթակիցներից մեկի՝ Արտյոմ Ավետիսյանի՝  «Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն» վերնագրով նյութը, որտեղ նա պատմում էր Color Switch խաղի մասին և վերջում հավելել էր, որ ովքեր չգիտեն խաղի մասին՝ ոչ էլ փնտրեն, թե չէ, կրակը կընկնեն: Իսկ ես… Իսկ ես սովորությանս համաձայն՝ փնտրեցի, ներբեռնեցի ու սկսեցի խաղալ: Սկզբում հիմարություն թվաց (ինչպես մյուս բոլոր խաղերը), բայց դա միայն սկիզբն էր, իսկ հետո, երբ խորացա, այլևս չկարողացա կտրվել խաղից: Երբեմն հոգնում եմ այդ խաղից և ուզում եմ ջնջել, բայց հետո հասկանում եմ, որ մեկ է` մի քանի ժամից կրկին ներբեռնելու եմ:

Ես նույնպես խորհուրդ կտամ չփնտրել խաղը, թե չէ, դուք էլ իմ նման՝ կընկնեք այդ խաղի ծուղակը: