lilit khlghatyan portret

Թանկ մարդիկ

Առաջին անգամ, երբ նա մտավ մեր դասարան, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել, այնքան հպարտ էի: Անդադար նայում էի, զննում ծեր, հոգնած մատները: Նա մեզ Մաքսվելի տեսություն էր բացատրում և այնքան ոգևորված էր խոսում, կարծես նոր էր ավարտել համալսարանը, և իր առաջին դասն էր: Առաջինը չէր, բայց վերջինն էր: Ձեռնափայտն էլ չէր խանգարում, որ զգայինք նրա եռանդը, անընդհատ ուզում էր նվիրել իր գիտելիքները, և ստացվեց: Ես նրան տեսա ընդամենը երկու անգամ, բայց հիշելու եմ ողջ կյանքում: Երբ արդեն դպրոցից գնում էր, այլևս չդիմացա և անգամ մի կողմ դնելով ամոթս՝ մոտեցա և ասացի, որ ուզում եմ իր հետ նկարվել: Նրա կողքին մեկ նկար ունենալով՝ ես ինձ հպարտ եմ զգում: Ափսոս, չհասցրի նկարը փոխանցել. կամ ես ուշացա, կամ էլ ինքն էր շտապում: Նրա մասին հոդված կարող եք գտնել նաև 17-ի էջերում, Արտյոմ Ավետիսյանը հարցազրույց է վարել նրա հետ: Խոսքը Գևորգյան Սերգեյի մասին է: Քանի սերնդի հուշերում կա նա, և քանի սերունդ է կրթել…

Իսկ հիմա խոսեմ մեկ ուրիշի մասին, չէ՛, նրան ես շատ եմ տեսել ու շատ եմ գրկել՝ ինչքան կուզեի: Ոչինչ, որ ոսկրոտ այտը՝ տարիքի հետ ծերացած, դժվարությունների մեջ կոպտացած, հպվելով երեսիս կցավեցներ իմ ջահել անհոգ երեսը: Ամեն անգամ ես զգում էի այդ ցավը, բայց ավելի ամուր էի գրկում: Այժմ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, երբ գնամ նրանց տուն, ներս մտնեմ՝ առանց նրա ձայնը լսելու, որ միշտ ասում էր.

-Արի՛, Լիլո ջան, արի՛, ազիզ աղջիկ:

Ես նրան ավելի շատ եմ կարոտում, հուշերն ավելի շատ են: Այդ կինն այնքա՜ն նուրբ էր, այնքա՜ն քնքուշ, որ ժամերով կարելի էր նստել ու նայել շարժումներին, անգամ՝ հաց ուտելիս: Չնայած՝ այնքան չուտող էր, միշտ ասում էին.

-Ռիփսիկը մի ծիտիկի չափ է ուտում:

Նա այն մարդն էր, ում երջանկությունը ծերանում էր, բայց չէր մահանում: Երջանկությունն այսօր էլ ողջ է, նա՝ չկա: Երբ կանգնած էի կողքին, իսկ ինքը պառկած էր՝ աչքերը պինդ փակած, այնպիսի տպավորություն էր, կարծես հրեշտակային քուն էր մտել, ու ճիշտ որ. քնած էր հրեշտակի պես:

-Ո՞ւր է մերդ,- ասաց տատս անկողնում պառկած:

-Հորքուր Ռիփսիկը էլ չկա,- այլևս չկարողացա զպել արցունքներս:

Գիտե՞ք՝ ինչն է լավ, որ մարդիկ իրենցից հետո թողնում են լավ հիշողություններ, երբ հիշում ես, ու հոգիդ պարուրվում է ջերմությամբ, ստիպում է ժպտալ: