arxiv

Ի՞նչն է պակասում իմ կյանքում

Ամենալավ ելքը լռությունն է

Արդեն աստիճանների վրայից լսում էի դասարանցիներիս ձայները, միաժամանակ կողքի դասարանցիների ձայները, երրորդ դասարանցիների բղավոցները, որոնք իրար հետևից վազում էին ու աղմկում: Մտնելով դասարան՝ երեխաների ավելի ուժեղացած ձայներին ավելացավ նաև գնդակի դոփյունը, որն աղմուկ առաջացնելով՝ ցատկում էր Ռաֆիկի և Դերենիկի միջև: Դասամիջոց էր… Հայոց լեզվի ու մնացած մյուս դասերի ընթացքում գնդակը դադարում է ցատկոտել, բայց երեխաների ձայները չեն լռում… Արդեն ամեն ինչից հոգնած՝ հասնում եմ տուն ու… Վերջապե՜ս, իմ սիրելի լռությունը: Այն շարունակվում է այնքան, մինչև քույրս որոշում է երաժշտություն լսել: Հետո մտածում եմ գիշերվա մասին ու հիշում, որ նորից միանալու է ինչ-որ մեքենայի ազդանշանը, դիմացի շենքից մի փոքրիկ շուն սկսելու է վնգստալ, և նրան են միանալու շենքերի բարեկեցիկ կյանք վարող ու փողոցում թափառող շները: Եվ միայն մեկ մխիթարանք կա. լինում են դեպքեր, երբ ես տանը գտնում եմ այդ լռությունը: Առաջին՝ երբ քույրս հասկանում է, որ ես սիրում եմ կատարյալ լռություն, ու անջատում է երաժշտությունը: Երկրորդ՝ երբ քույրս հոգնած է լինում և ուզում է լռության մեջ հանգստանալ:

Մարիամ Նալբանդյան, 12 տ.

***

Ուրիշ ժամանակներ

Չգիտեմ ինչու, բայց ես միշտ շփվելու կարիք եմ զգում: Հատկապես շաբաթ, կիրակի օրերին և արձակուրդներին: Սովորաբար այդ օրերին ես բոլորից շուտ եմ արթնանում և, դեռ աչքերս չբացած, սկսում եմ հերթով արթնացնել իմ ընկերուհիներին: Գիտեմ, որ նրանք քնած են, և ես իմ զանգով արթնացնում եմ նրանց, բայց երբ հարցնում եմ. «Հո քնա՞ծ չէիր», քնաթաթախ ասում են.

-Չէ՛, արդեն ուզում էի վեր կենալ:

Դա արդեն սովորություն է դարձել:

Երբ սկսում է կոկորդս ցավել, հասկանում եմ, որ խոսել էլ չեմ կարող: Նստում եմ համակարգչի դիմաց, ինտերնետ եմ մտնում և սկսում լեզվիս տեղը մատներս աշխատեցնել: Կարող եմ ամբողջ օրն այդպես անցկացնել և չձանձրանալ: Մեկ-մեկ կարոտում եմ այն օրերը, երբ ընկերուհիներս էին ինձ համոզում, որ դուրս գամ զբոսնելու: Ժամերով այնպես էինք ծիծաղում, որ չէինք կարողանում կանգ առնել: Ժամանակն էլ այնքան արագ էր անցնում, որ թվում էր, թե հինգ րոպե ենք իրար հետ անցկացրել, ոչ թե հինգ կամ վեց ժամ:

Մի անգամ կենսաբանության ժամին իմացանք, որ երբ անընդմեջ ծիծաղում ես, և չես կարողանում կանգ առնել, պետք է ականջները պինդ փակել, որպեսզի չուշաթափվես: Ու երբ հերթական անգամ հավաքվել էինք և անընդմեջ ծիծաղում էինք, փորձեցինք իրար ականջներ փակել, բայց դա մեզ ավելի շատ զվարճացրեց:

Իսկ հիմա, ինչքան էլ իրար ինտերնետով գրում ենք և մեկ-մեկ էլ ծիծաղում, չենք լսում ծիծաղի ձայները: Արդեն հեռացել ենք իրարից: Հոգնել եմ նրանց համոզել հանդիպել, դրա համար էլ անում եմ այն, ինչ անում են իրենք: Ինձ էլ ոչինչ չի մնում. համակարգիչն ու հեռախոսը դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը, և արդեն ես եմ մերժում ընկերուհիներիս, երբ դուրս են կանչում…

Լուսինե Ալեքսանյան, 14 տ.

***

Ամեն օր նույնը

Լույսը բացվեց: Ես վեր կացա, լվացվեցի և գնացի դպրոց: Ինչպես միշտ, դպրոցում անցկացրի 7 դասաժամ: Տուն վերադառնալու ճանապարհին ընկերոջս հետ քննարկում էինք տարբեր թեմաներ: Տուն մտնելուց հետո ճաշեցի և նստեցի համակարգչի դիմաց: Մի քանի տնային անելուց հետո մի ֆիլմ դիտեցի և գնացի քնելու: Եվ ամեն օր նույնը. արթնանում եմ, գնում եմ դպրոց, գալիս եմ տուն, տնային եմ անում և քնում եմ: Ինձ պակասում են օրվա մեջ փոփոխությունները, ավել շատ հետաքրքրությունները և կյանքի այլ ընթացքը, թե չէ՝ այս կրկնությունից արդեն հոգնել եմ:

Նորայր Բարոյան, 14 տ.

***

Քնի անհագ ծարավ

Ինձ միշտ տանջել է քնի պակասը: Զարմանալի է, բայց մեր դասարանում ես ամենաշուտը քնողներից եմ, սակայն միշտ առաջին երկու դասաժամն անցկացնում եմ գլուխս գրքերի և տետրերի մի կույտի վրա դրած, երրորդ ժամին մի փոքր արթնանում եմ, սկսում հասկանալ, որ դպրոցում եմ գտնվում, հիշել, որ պետք է դաս պատասխանել: Այդ տրամադրության տակ անցնում է նաև չորրորդ ժամը: Հինգերորդ դասին ես վերջնական եմ արթնանում, ակտիվանում, դաս պատասխանում, բայց գալիս է վեցերորդ ժամը, ակտիվությունս անցնում է, և ես հետ եմ վերադառնում քնիս: Ժամանակ առ ժամանակ իմ հաճելի երազներն ընդհատում են ուսուցիչները. ոմանք ուզում են, որ ես դաս պատասխանեմ, իսկ ոմանք կարծես թե ինձ արթնացնելուց հաճույք են ստանում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ.

***

Նամակ ծնողներիս և եղբայրներիս

Սիրելի՛ ծնողներ և եղբայրներ իմ,

Ո՞նց եք դուք ինձ այսքան տարի դիմանում: Ո՞նց էիք դուք ինձ այդքան խաղալիք գնում, երբ ես փոքր էի, որովհետև ես ջարդում էի դրանք միանգամից, հենց ձեր աչքի առջև: Հետո էլ վերցնում էի ձերը, ի՛մ թանկագին եղբայրներ: Կամ՝ ո՞նց եք այսքան տարի դիմանում իմ առևանգումներին: Ես արդեն քանի տարի է՝ վերցնում եմ ձեր շալվարները: Խե՜ղճ իմ ծնողներ, դեռ ինչքա՞ն եք ինձ զոռով տանելու խանութ՝ աղջկական զգեստներ գնելու: Միևնույնն է, ես միշտ գնում եմ տղայի շալվարներ:

Գևո՛րգ, ի՛մ սիրելի եղբայր, ինչքա՞ն դու դեռ կհանդուրժես այն, որ ուտում եմ ճաշի քո բաժինն էլ և քեզանից ամեն մի գործողությանս համար փող վերցնում:

Կարապե՛տ, դու ինչքա՞ն դեռ կդիմանաս իմ գժություններին և շատ մեծ ականջակալներին, որոնցից դու ամաչում ես, հատկապես, երբ մենք միասին քայլում ենք փողոցում:

Բայց չշարունակեմ այս ցանկը, այն շատ երկար է: Հույս ունեմ՝ ձեր համբերությունը կբավարարի ևս հինգ տարի առանց ինձ ամուսնացնելու մտքի:

Ձեր դուստր և քույր Լուսինե:

Հ. Գ. Հույս ունեմ՝ դուք ինձնից չեք նեղանա, եթե չամուսնանամ: Վերջերս հաճախ եք դրա մասին մտածում:

Լուսինե Համբարձումյան, 15 տ.

***

«Ո՛չ» միանմանությանը

Այնպես է ստացվել, որ ավագ դպրոցում իմ դասարանում տարիքով ամենամեծ աշակերտը ես եմ, մյուսներն ինձանից մեկ-մեկուկես տարով փոքր են: Ուղղակի ես յոթ տարեկանից եմ գնացել դպրոց, իսկ նրանք՝ ավելի շուտ: Թվում է, թե տարբերությունը փոքր է, բայց մեծանալով՝ զգում եմ, որ դա բավականին մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա, հատկապես՝ այս տարի: Առաջ այնքան էլ ցավագին չէի ընդունում այդ փաստը, և թվում էր, թե ինձնից մեծերի հետ անելիք չունեմ: Իսկ հիմա շատ ժամանակ նյարդայնանում և մտածում եմ, որ ես ավելիին եմ ընդունակ և ավելին կարող եմ հասկանալ ու զգալ, քան դասարանցիներս, որոնց համար դասը «ուսուցչի գլխին օյիններ խաղալու և դրանից հաճույք ստանալու ժամանց է»: Օրինակ, ֆիզիկայի ժամին մեկը հազում է, ու բոլորը պայմանավորված սկսում են ծիծաղել՝ ուսուցչուհուն շեղելու և զայրացնելու համար: Նրանք ունեն մի ընդհանուր կարգախոս, որը ես երբեք չեմ ընդունի. «Լինել այնպիսին, ինչպիսին կողքիններս են, և գժվել Ջասթին Բիբերի համար, ինչպես ընդունված է այս տարի»:

Ձանձրալի է լինել միանման:

Նանե Աբելյան, 16 տ.

***

Մանրուքներ

Ես շատ բանի կարիք եմ զգում: Ամենից շատ ուզում եմ պլանշետային համակարգիչ կամ համակարգչային խաղերի սարք: Բայց ավելի հաճախ մտածում եմ մանրուքների մասին: Օրինակ, երբ մայրիկս խանութից տուն է վերադառնում՝ մթերքներով տոպրակները ձեռքին, ես միանգամից վազում եմ նրան ընդառաջ, վերցնում տոպրակները և սկսում դատարկել դրանք՝ հուսով, որ մայրիկս հատուկ ինձ համար էլ մի բան գնած կլինի: Բայց սովորաբար հատուկ ինձ համար ոչինչ էլ չի լինում այնտեղ…

Հետո, ես արձակուրդների կարիք ունեմ: Դրանք այնքան քիչ են: Օրինակ, գարնանային կամ աշնանային արձակուրդներն ընդամենը մեկ շաբաթ են. այդ ընթացքում հազիվ հասցնում եմ տնային աշխատանքներս կատարել: Բա ե՞րբ հանգստանամ: Իսկ ինչ վերաբերում է ամառային արձակուրդներին, չեմ էլ ուզում հիշել, թե ինչքան են հանձնարարում ամռան համար:

Բայց իրականում սրանք մանրուքներ են: Ես աստիճանաբար հարմարվում եմ այս ամենին: Ես ամեն ինչ էլ ունեմ:

Մերի Վարդանյան, 11 տ.

***

Չհասկացվածը

Դասերս ուշ էին վերջացել: Ընկերուհիներով հոգնած դուրս եկանք դպրոցից և որոշեցինք սրճարան մտնել՝ մի բան ուտելու, հետո էլ մի քիչ զբոսնել: Այնքան լավ արևոտ օր էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես երկու ժամ անցավ: Ես լավ տրամադրությամբ տուն գնացի: Ամեն ինչից շատ գոհ էի: Բայց երբ տուն հասա, հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Մայրիկս մի լավ բարկացած էր իմ ուշացման պատճառով: Նա չհասկացավ ինձ, առանց լսելու բացատրություններս, գոռգոռաց վրաս և տնային կալանքի ենթարկեց: Իսկ հետո ասում է, թե ծնողներից լավ ոչ ոք չի հասկանա զավակներին:

Թագուշ Բաղդասարյան, 16 տ.

***

Մարդավարի քուն

MP3 նվագարկիչի երգերն արդեն երկրորդ անգամ կրկնվում են, իսկ լուսնի լույսի տակ գիրք կարդալուց աչքերս հոգնել են: Ցավող աչքերով գիշերն անցկացնելը նույն լարվածությունն ու անհանգստությունն է, ինչ դասի գնալ առանց որևէ բան անելու:

Չգիտեմ ինչու, քունս ինձ միշտ հիշում է առավոտյան ժամը հինգին, ու մինչ ես մուշ-մուշ քնած եմ, ժամը յոթին հնչում է իմ ու քրոջս ամենահարազատ ու ամենաճշգրիտ կարգավորումով զարթուցիչի՝ հորաքրոջս ձայնը: Բայց դա դեռ ինձ համար չէ, քրոջս համար է միայն, չէ՞ որ նա ունի երկար մազեր, որ պիտի հարդարի: Եվ քանի որ ես չեմ հանդուրժում վարսահարդարիչի ձայնը, ստիպված եմ լինում վեր կենալ, հինգ րոպե կռիվ անել քրոջս հետ և ուղարկել նրան ուրիշ սենյակ: Հետո տասը րոպե տանջվում եմ, որ իմ քնելու ցանկությունը նորից հետ գա: Եվ մինչ այն բարեհաճում է այցելել ինձ, դրա հետ գալիս է նաև զարթուցիչի, ավելի շուտ՝ հորաքրոջս ձայնը…

Այդպես էլ չեմ կարողանում մարդավարի քնել:

Վեներա Գրիշյան, 15 տ.

***

Իմ երազածը

-Մա՛մ, նայի` ինչ լավ շոր ա, միշտ ուզում էի էս շորն ունենալ,- ասացի ես՝ ցույց տալով մի գեղեցիկ զգեստ:

-Լավ, գնա՛ փորձի,- հոգոց հանելով՝ ասաց մայրիկս:

-Մա՛մ, վրայովս ա, կառնես, չէ՞:

-Լավ, լավ, բե՛ր դրամարկղի մոտ:

Եվ մայրիկս նորից ինձ համար զգեստ գնեց:

Մենք գնացինք տուն, և ես վերջապես նստեցի դաս անելու:

-Մա՛մ, տես ինչ լավն ա, արի առնենք,- հաջորդ օրը մայրիկիս հետ խանութ մտնելով՝ ասացի ես:

-Չէ՛, Նե՛լ, էս անգամ չեմ կարող գնել:

Ամեն անգամ շատ տխրում ու դժգոհում եմ, երբ լսում եմ այս խոսքերը, մտածում եմ, որ հենց այդ զգեստը միշտ կպակասի իմ կյանքում:

Նելլի Հարությունյան, 10 տ.

***

Ուզում եմ

-Սա էլ չէ, էս մեկն էլ չէ, էս մեկն ինձ չի սազում, հըմ… Էս մեկը մեծ ա… Վա՜յ, ինչ փոքր ա վրաս, չէ՜… Էս մեկի ասեղնագործած ծաղիկը դուրս չի գալիս… Վա՜յ, էլի ոչինչ չկա,- այսպես զգեստապահարանի առջև կանգնած՝ երկար ինձ համար զգեստ էին ընտրում:

Երբ չգտա ինձ դուր եկող ոչինչ, չհանելով քրոջս շապիկը, որը հագել էի փորձելու համար, սակայն վրաս մեծ էր, արագ գնացի հյուրասենյակ՝ մայրիկիս մոտ:

-Մա՛մ,- դժգոհ տոնով ասացի ես,- մա՜մ, մա՜մ, լսո՞ւմ ես,- փորձելով գրավել նրա ուշադրությունը՝ խոսում էի ես:

-Ասա տեսնեմ՝ հիմա՞ փորացավդ որն ա,- հոգոց հանելով՝ ասաց նա:

-Մա՜մ, նոր շոր եմ ուզում,- բացականչեցի ես:

-Բայց քո հագի շապիկն ինչո՞վ ա վատը:

-Սա իմը չի, ու ինձ չի սազում,- մրթմրթացի ես:

-Ի՞նչ տարբերություն՝ քոնն ա, թե քրոջինդ,- ասաց մայրս,- քույրդ ընդամենը մի անգամ ա հագել, հո դեն չե՞մ գցելու:

-Չեմ ուզում: Ես իմն եմ ուզում: Չեմ հասկանում, ուզում եք, որ ամբողջ կյանքում քույրիկիս շորերը հագնե՞մ կամ էլ նրա հին պայուսակը բռնե՞մ: Ես չեմ ուզում հագնել նրա շորերը, նրա շապիկը, չեմ ուզում նրա պայուսակը… Չեմ ուզում: Ուզում եմ ի՛մ շորերը, շապիկները, պայուսակը,- բարկացած պահանջում էի ես:

Մայրիկս ուշադիր ինձ էր լսում: Ես էլ խորամանկորեն շարունակեցի.

-Հա՜, իմիջիայլոց, խանութում նե՜նց սիրուն կոշիկներ եմ տեսել…

Հայաստան Ապրեսյան, 17 տ.

2010թ.