marine yeremyan- aragacotn

Իմ ամենաԱնին

Մեկ տարի առաջ՝ մոտավորապես այս օրերին, միգուցե մի փոքր ուշ, Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ գնացի Վանաձորի ծերանոց․ առաջին անգամն էր։

Երբ ցանկություն հայտնեցի մաս կազմել այդ բարի գործի, երբ եկավ գնալու օրը, երբ արդեն ճանապարհին էինք, երբ տեղ հասանք, երբ օգնում էի բարեկարգել ծերանոցի շրջակայքը, դեռևս չգիտեի՝ ինչ եմ անում և ինչու։ Միայն գիտեի՝ անբացատրելի հաճելի էր։

Ծերանոցի ետնամասն էինք մաքրում մի խումբ երիտասարդներով, երբ ես սկսեցի ճանաչել իր տեսակի մեջ քիչ պատահող, պատահական թվացող էակին, ով նույնպես ՀՕՖ-ի շահառու էր եղել և տեղեկանալով, որ ծերանոց պիտի գնանք, միացել էր մեզ։ Ընթացքում հասկացա՝ առաջին անգամ չէր այնտեղ։ Հենց մտանք շենք, սկսեց մեկին փնտրել․ մի պապիկի անուն էր տալիս ու նրանից հարցնում։ Նրա այդ փնտրտուքի մեջ ես վախ տեսա, կորուստի վախ։

Այս ամենը ես հիմա եմ նկատում միայն, այդ օրը ուշադրություն չեմ էլ դարձրել։ Երբ բակում հեռացնում էինք անպիտան խոտն ու մաքրում տարածքը, սկսեց հետաքրքրվել ինձնով․ ավտոբուսում մի քանի բառ էինք միայն փոխանակել։ Հարցնում էր՝ որտեղ եմ սովորում, ինչով եմ զբաղվում, ինչ երազանքներ ունեմ։ Նրա հարցերն սկզբում ինձ «վախեցրին»՝ հստակ պատասխաններ չունեի։ Կայուն չէինք ո՛չ ես, ո՛չ էլ ունեցածս պատկերացումները։

Նա էլ հանկարծ սկսեց հանդիմանել ինձ․ այդ պահին ես այդպես էի մտածում, հիմա եմ հասկանում՝ հանդիմանանք չէր, այլ ինձ՝ աշխարհը ճանաչել տալու մի անկեղծ ցանկություն։

Հետո կապը շարունակեցինք պահել ֆեյսբուքյան հարթակում։ Գրում էի, երբ մի փոքր թեկուզ հետ էի կանգնում ընտրածս ինքնաճանաչման ուղուց։ Մինչ օրս էլ նա կա իմ կյանքում։ Յուրաքանչյուր հաղթանակի հասնելիս միշտ հիշում եմ նրան։ Ընկերներիս խորհուրդներ տալիս նրա խոսքերն եմ կրկնում։ Ասես կյանքի ուղեցույց լինի, որ իր ժպիտով լուսավորում է շուրջը։

Ընդամենը երկու անգամ եմ դեմ առ դեմ հանդիպել նրան, բայց այնքան հեշտ ու միևնույն ժամանակ պարտավորեցնող է ինձ համար գրել իմ կյանքի ամենաԱնիի մասին։ Մինչև նրան հանդիպելը, Անիները շատ սովորական մարդիկ էին ինձ համար, նրան ճանաչելուց հետո ինձ համար մի Անի գոյություն ունի։

Ես ուզում եմ, որ բոլորը իրենց կյանքում կարողանան գտնել պատահական թվացող ու քիչ պատահող այն էակներին, ովքեր սովորեցնում են սիրել այն, ինչ կա, անել ամեն բան՝ զգալու, տեսնելու այն, ինչը պիտի սիրվի։ Անիի շնորհիվ ես կարևորում եմ ինձ տրված ամեն հնարավորություն, հենց նա ինձ սովորեցրեց սիրել ամեն գունավոր բան։

Մոտենում է մայիսը։ Այս տարի նույնպես պիտի գնանք Վանաձոր։ Անհամբեր սպասում եմ։ Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, զգում ու տեսնում․ ինձ սովորեցրել է նա, իսկ ես սովորել եմ։