anahit aperyan

Ինչո՞ւ․ չգիտեմ, կամ թե գիտեմ, բայց․․․

-Կանգնեք այստեղ, շնորհակալություն:

Երկար, ուղիղ և անտարբեր ճանապարհ: Քայլում էր՝ աչքերը հառած անծայրածիր ճանապարհին։ Քայլո՞ւմ, ոչ ուղղակի ոտքերը բնազդաբար շարժվում էին: Անաղմուկ, ոչ մի խանգարող բան չկար, թեև անհեթեթություն էր․ մի՞թե հնարավոր է քայլել առանց դժվարությունների:

-Կա՛նգ առ․․․

Մեղմ քամին կտրուկ փոխվեց սարսափազդու փոթորկի:

-Չե՞ս լսում․․․

Զարմանալի էր, քամին ոռնում է ականջներիդ մեջ, բայց ծառերը չեն ուզում շարժվել:

-Քեզ հետ եմ, ո՞ւր ես գնում, ճանապարհը քո՞նն է, համոզվա՞ծ ես, որ չես շեղվել, կա՛նգ առ:

Լսո՞ւմ էր արդյոք, չգիտեմ։ Անարձագանք էր։ Միայն քամին էր խոսում, ճչում հազար բառերի փոխարեն: Քայլ արեց, սեղմեց ձեռքերը, ուզում էր հետ նայել, բայց չհամարձակվեց։

-Ա՞յդ է քո որոշումն ուրեմն, փախչե՞լ, մոռանա՞լ, ո՞ւր ես փախչում, ումի՞ց, կարծում ես՝ դա կփրկի՞ քեզ, սխալվում ես:

Դադարեցրեց քայլերը, չէ՛, կանգ չառավ, սկսեց վազել, վազել այնպիսի արագությամբ, որ հենց կանգ առավ, զարմացավ՝ մի՞թե վիրավորանքն էլ այդպիսի ընդունակություններ է առաջացնում: Կանգ առավ, ծնկեց և ամուր բռնեց ականջները։ Այլևս ունակ չէր լացելու, գոռալ էր ուզում:

-Ինչո՞ւ չես ուզում հասկանալ ինձ։

Ակնթարթի մեջ մի ստվեր անցավ թիկունքով և շշնջաց այս ամենը:

-Կարծում ես՝ միշտ կարող ես փախչե՞լ, ո՞ւր, ինչի՞ համար։

Լուռ էր, գունատ դեմքով, դուրս ընկած աչքերով և կիսաբաց շուրթերով: Զգում էր, թե ինչպես է շոյում գլուխը, ուզում էր կանգնել․ չկարողացավ: Ուզում էր խոսել․ լռեց:

-Ես․․․ Ես ուզում եմ լսել քեզ։

Լռություն:

-Խոսիր, խնդրում եմ, խոսիր։

Գոռաց։ Գոռաց այնպես, որ ձայնը հավասարվեց սուլացող քամուն: Բնությունը սկսեց զարթնել և շարժել թևերը, գետինը ցնցվեց։ Մեկ ակնթարթ, և նա շրջվեց:

Ոչ ոք չկար:

Նույն ճանապարհը, անձրևն արդեն դադարեցնում էր իր ողբը: Նա նստած էր ճանապարհի եզրին՝ աջ ձեռքը սեղմած քարին, լացակումած աչքերով և գզգզված մազերով:

-Նայիր, համոզվեցի՞ր, իսկ դու ասում էիր՝ չգիտեմ, հիմա հասկացար՝ ինչու՞, հասկացար, թե որն է քո ճանապարհը, շարժվիր, դե՛, ես քեզ հետ եմ։

Բարձրացրեց գլուխը: Նայեց երկնքին, միմյանցից հեռացան ամպերը, արևի ճառագայթ ընկավ դեմքին: Մշուշի հետ կորան թախծոտ աչքերը, կանգնեց, խորը շունչ քաշեց, նայեց իր ճանապարհին և գլուխն առանց խոնարհելու քայլեց։