vahan chobanyan

Ինչո՞ւ չի փոխվում ոչինչ

Հասկանալու համար, թե ինչ է փոխվել, կամ փոխվե՞լ է արդյոք ինչ-որ բան վերջին մեկ տարվա ընթացքում, մի քիչ քայլենք Երևանի փողոցներում։

Պայմանական երթուղի՝ Շրջանայինից-Երիտասարդական։ Բոլոր խանութները կարծես տեղում են՝ իրենց սովորական անցուդարձով։ Ահա և գրավաճառ պապիկը՝ իր նույն տեղում, և այն կինը, որ միշտ սակարկում է գրքերի գինը։ Մի քիչ ներքև արագ սննդի կետն է՝ ճիշտ նույն տեղում, ճիշտ նույն ճաշացանկով։ Ճիշտ նույն տեղում է և այն երիտասարդը, որ ամեն անգամ ուտելուց հետո հեռանում է լուռ՝ շնորհակալությունն ու ափսեն թողնելով սեղանին, մինչդեռ պետք է երկուսն էլ փոխանցել փոքրիկ պատուհանի մոտ միշտ նույն դեմքով կանգնած մատուցող-գանձապահին։

Ուղիղ առջևում նույն կանգառն է՝ նույն գովազդներով ու նույն երկարության մարդկային պատով։ Անգամ տոմս չստացողներն են նույնը, նույնն են նաև վարորդի՝ նրանց հասցեին հնչող անհասցե խոսքերը։ Ահա և այն երիտասարդը, որ ամեն անգամ անտեսելով սուլիչի ձայնը՝ փողոցն անցնում է նույն անթույլատրելի տեղով։

Քայլենք դեպի այգի։ Այստեղ էլ ամեն ինչ նույնն է. արձանները, նստարանները, սրճարաններից լսվող երգերը։ Ցավալի է, բայց նույն կերպ թարմացված են նստարանի մոտ թափված ծխախոտի մնացորդները ու արևածաղկի կեղևները, քամին նույն ոգով թարմ տոպրակներ է փաթաթել ծառերի վզին։ Աղբամանից բարձրացող ծխի հոտն էլ է նույնը, բայց թարմ։

Մնացած նույնություններին անդրադառնալն անիմաստ է, հավատացեք։

Ես առանձնապես չգիտեմ, թե իշխանափոխությունից հետո ինչեր են փոխվել մեր հաստափոր օրենսգրքերում, ով որ համակարգից որն է տեղափոխվել, բայց մի բան գիտեմ հաստատ։ Չի փոխվել ամենակարևորը` մեր մտածելակերպը։ Մենք շարունակում ենք կարիքավորի օրվա հացի փողի հաշվին գին սակարկել, բայց թեյավճար թողնել սրճարանում, որտեղ չունեն դրա կարիքը, խախտում ենք օրենքը և սրտնեղում, երբ տուգանվում ենք, կամ նույնիսկ երբ հանդիմանում են։

Մենք կեղտոտում ենք մեր շրջակայքը մի ամբողջ օր՝ մոռանալով, որ մարդիկ գիշերը մեզ նման հանգստանալու փոխարեն աշխատելու են` փորձելով մի քանի րոպեում մաքրել ամբողջը։ Դեռ ավելին, առավոտյան արթնանալուն պես մեր պարտքն ենք համարում հիշել բոլոր իշխանական օղակներին, ներքևից վերև, մեղավոր ու անմեղ՝ մեղադրելով գարշահոտությունը չվերացնելու մեջ։

Մենք զլանում ենք շնորհակալություն հայտնել մեր քաղցը հագեցնողին, ու նեղանում ենք, որ հաջորդ անգամ լայն ժպիտով չի դիմավորում մեզ։

Մենք մի քանի քայլ վերև, սահմանված տեղում կանգառ պահանջելուն սովոր չենք։ Էլի ու էլի շատ բաների սովոր չենք, բայց սովոր ենք պահանջելուն։ Մենք պահանջատեր ենք, պահանջատեր ենք բոլորի նկատմամբ, բացի ինքներս մեր։ Ու ով էլ գա իշխանության, ինչ փայտիկ էլ որ ունենա, մեր մտածելակերպը փոխողը մենք ենք։ Ինչ հրաշք էլ որ կատարվի աշխարհում, մենք չենք տեսնելու, քանի դեռ մեր աշխարհը սահմանափակված է մեզանով։

Ու համաձայն եք, թե չէ, բայց այո, աղքատությունը մեր գլխում է, դեռ ավելին, այն նաև մեր հոգում է։