anahit  abrahamyan

Ինչպես էր գալիս գարունը

2008 թվականի մարտի 1-ին ես 7-րդ դասարանի աշակերտուհի էի, ու մեր դպրոցում գեղեցիկ ավանդույթ կար՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ մենք ուսուցիչներին ձնծաղիկներ էինք նվիրում (կեսը գնում էինք, կեսը՝ քաղում ու խառնում բոլորը միասին, որ ստացվի՝ ամեն փնջում մենք մեր աշխատանքի մասնիկն ունենք)։ Բայց այդ օրը չնվիրեցինք, որովհետև շաբաթ օրը դասի չէինք, պայմանավորվել էինք, որ պետք է մի քանի աղջիկներով գնայինք շուկայից գնելու։ Առավոտյան սովորականի պես, երբ միացրինք հեռուստացույցը (այդ ժամանակ համացանց չունեինք ու ոչ էլ սմարթֆոն, որ միանգամից լուրերը իմանայինք), չգիտեմ՝ որ ալիքն էր, հաղորդում էր, որ Երևանում լարված դրություն է, ու ես մտածում էի. «Երևի ադրբեջանցինե՞րն են մտել Երևան ու Սևան էլ կգան, հնարավոր կլինի՞ հետները խոսել ու իմանալ, թե պապիկս իրենց մո՞տ է, կամ տեսե՞լ են»։ Բայց մայրս ասաց, որ հայերն են, ու հետո, երբ արդեն կադրերը կային, ու լիքը բաներ էի տեսել, իմ` 7-րդ դասարանցու ուղեղում չէր տեղավորվում, թե հայերը ինչի՞ համար պետք է հայերին սպանեն, էդ սև հագածները հայ չեն հաստատ, մեզ խաբում են, մենք մեզ ինչի՞ համար պիտի ծեծենք, կրակենք, սպանենք մեր կողքի կանգնած մարդկանց՝ թե՛ շարքային քաղաքացուն, թե՛ ոստիկանին։ Կադրերում ծեծվող կանայք ու աղջիկներ էլ կային ու ես, միևնույնն է, չէի հասկանում՝ ինչո՞ւ, թե՛ պարի ժամանակ, թե՛ դասին նստած, թե՛ քայլելիս ինձ այդ «ինչուն» տանջում էր։ Տարիներ հետո ես լիքը «ինչուների» պատասխան ստացա, բայց ոչինչ չփոխվեց։

Այդ տարի մենք մեր ուսուցչուհիներին ձնծաղիկներ չնվիրեցինք, իրենք չժպտացին ու գարնան ավետաբերներին չտարան իրենց տուն։ Այդ տարվանից հետո, բոլոր մարտի 1-երին մեր դպրոցում «տագնապի օր» էր։ Զանգը ժամը 12։40 հնչում էր, ու բոլորս դպրոցից դուրս էինք գալիս, հետո ներս մտնում, չգիտեմ՝ ով էր հեղինակը, բայց կարծես թե այդ զանգը միշտ հնչում էր, որ հիշեցներ 2008-ի մարտի 1-ը ու մեզ զգուշացներ, որ չանենք էդպիսի վայրագություն, չսպանենք մեր դիմացինին, չհարամենք այսքան սիրուն օրը, թողնենք գարունը ծաղիկներով գա, երջանկության ձնծաղիկներով ու հիացական ժպիտների շնորհակալությունով գա։

Տարիներ անցան, ու այդ գեղեցիկ ավանդույթը էլի վերադարձավ, բայց հիմա չեմ հիշում, թե գարնան որ օրն էինք նվիրում։ Բայց մարտի 1-ը չէր հաստատ։