Ինչպես չվախենալ…

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մի քանի օր է՝ ուզում էի գրել… Այնքան շատ բան կար պատմելու, բայց չգիտեի՝ որտեղից սկսել: Գրում էի մի քանի նախադասություն, հետո ջնջում ու որոշում հաջորդ օրը նորից սկսել… Ու հանկարծ Ադելը…

Այսօր ցույցի չգնացի. պիտի գյուղ գայի: Երթուղայինի մեջ էի: Փողոցից լսվում էին ցուցարարների ձայները. «Հայաստանը մերն է, Հայաստանը մերն է»… Երթուղայինը կանգնեց, կանգառից մի կին բարձրացավ՝ իր փոքրիկ աղջկա ձեռքը բռնած: Բարձրանալիս աղջիկը հարցրեց մորը, թե ինչու են մարդիկ փողոցում գոռում:

-Բալե՛ս, մարդիկ դժգոհ են,- լսեցի մոր պատասխանը,- մարդիկ դժգոհ են և իրենց դժգոհությունն արտահայտում են խաղաղ ձևով:

Ինչքա՜ն բան էր ասված այդ մի նախադասության մեջ. «Մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են ԽԱՂԱՂ ՁԵՎՈՎ»: Միանգամից հիշեցի մի կնոջ, որին մի քանի օր առաջ տեսել էի ուրիշ երթուղայինում: Այդ օրը ցուցարարները փակել էին Հաղթանակի կամուրջը, և նա ստիպված էր ոտքով հասնել իր կանգառ:

«Էդ են, էլի: Վախտին տասը հազարները չվերցնեիք»…

Ահա թե ինչ ասաց այդ կինը իրենց իրավունքների համար փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարների մասին:

Ինչքա՜ն մեծ է տարբերությունն այս երկու կանանց միջև:

-Մա՛մ, բա ինչի՞ մենք չենք միանում էդ մարդկանց,- շարունակեց երթուղայինի աղջնակը:

-Սպասի՛ր, երեկոյան մենք էլ կմիանանք,- պատասխանեց մայրը:

Երթուղայինում բոլորը հետաքրքրությամբ թեքվեցին նրանց կողմ:

-Դո՞ւ էլ ես դժգոհ,- հարցնում էին մարդիկ:

-Հա, ես ուզում եմ, որ գործի տեղը մամային չնեղեն…

-Ու մաման հարկեր քիչ վճարի,- շարունակեց մայրը…

Էլ չկարողացա ինձ զսպել, թեքվեցի աղջնակի կողմը, ձեռքս պարզեցի առաջ ու ասացի.

-Թխի՛, թող գա…

Աղջիկը իր փոքրիկ թաթիկը բարձրացրեց ու «թխեց»:

Ժպտում էի, երբեք այդքան ուժեղ չէի ժպտացել. աչքերիցս «կանաչ» սրտիկներ էին թափվում:

-Անունդ ի՞նչ է,- հարցրի:

-Ադել…

Ադե՜լ… Այդ պահին ինձ թվաց, որ դա աշխարհի ամենա-ամենագեղեցիկ անունն է:

-Քանի՞ տարեկան ես,- հարցրեց Ադելի կողքին նստած կինը՝ իմ նման ուժեղ ժպտալով:

Ադելը շրջվեց նրա կողմն ու ձեռքերով ցույց տվեց հինգ: Հի՜նգ տարեկան, Աստված իմ, Ադելը հինգ տարեկան է: Հանկարծ աչքիս առաջ հայտնվեցին բոլոր այն մարդիկ, որոնք այս օրերին անտարբեր գնում են աշխատանքի և տուն վերադառնում, այն մարդիկ, որոնք դուրս չեն գալիս փողոց ու ասում են՝ մեկ ա, ոչ մի բան էլ չի փոխվելու, ամեն ինչ արդեն որոշված ա, այն վարորդները, որոնք դժգոհում են խցանումներից ու պահանջում իրենց առաջ ճանապարհ բացել, այն ոստիկանները, որոնք լրագրողի են ծեծում ու անչափահասների են բերման ենթարկում, այն մարդիկ… Է՜հ, ինչքա՜ն շատ են այդպիսի մարդիկ: Իսկ հինգ տարեկան Ադելը համարձակ նայում էր երթուղայինի մեծահասակներին ու ասում.

-Ես ուզում եմ ուժեղ լինել:

Այո՛, Ադելն ուզում է ուժեղ լինել, Ադելն արել է իր քայլը, նրա մայրն արել է իր քայլը, նրանք գիտեն իրենց իրավունքները, նրանք դժգոհ են ու իրենց դժգոհությունն արտահայտում են ԽԱՂԱՂ ՁԵՎՈՎ:

Երթուղայինը հասավ իմ կանգառ: Ես նայեցի Ադելին ու ասացի.

-Հաջող, Ադե՜լ:

-Հաջող,- լսեցի Ադելի պատասխանն ու վերջին անգամ նայեցի նրա խելացի աչքերին:

Մինչև տուն երկար ճանապարհ ունեի անցնելու: Ամբողջ ճանապարհին նրա մասին մտածեցի: Հասկացա, որ գալու եմ տուն ու սկսելու եմ գրել, սկսելու եմ հենց Ադելից:

Ես միշտ չափից ավելի վախկոտ եմ եղել: Այս օրերին էլ վախենալով էի ցույցերի գնում. վախենում էի, որ ոստիկանները կգան, ինձ բերման կենթարկեն: Մի անգամ նույնիսկ ոստիկաններից փախել ու տուն եմ եկել: Այո՛, ես վախկոտի նման ընկերներիս թողել ու փախել եմ, իսկ հինգ տարեկան Ադելն ուզում է ուժեղ լինել: Ես միշտ ուզեցել եմ չվախենալ, բայց չեմ կարողացել: Իսկ այսօր հանդիպեցի Ադելին ու նրա մայրիկին: Ես հավատում եմ Ադելին և ուզում եմ նրա նման ուժեղ լինել: Այո՛, ես երբեք չեմ իմացել՝ ինչպես չվախենալ, բայց հիմա գիտեմ: Ես տանսինը տարեկան եմ, և հինգ տարեկան Ադելն ինձ սովորեցրեց չվախենալ:

Քա՛յլ արա, մերժի՛ր վախը, եղի՛ր Ադելի նման ուժեղ…