arxiv

Ինչ արժե հաղթանակը

Նա վազեց խոհանոց, բացեց սառնարանը, հետո վառարանը, հետո կռացավ, բացեց պահարանը, հուսահատված վազեց դուրս: Գնաց լողասենյակ, նայեց լվացարանի մեջ, տեսավ չկա՝ գնաց ննջասենյակ:

-Կարոտել եմ նրան, քանի օր է՝ պաղպաղակ չեմ կերել, ավազից պալատ չեմ սարքել, ցեխից տորթ չեմ թխել, գնացքս չեմ աշխատացրել, բայց ուղևորները սպասում են, չէ՞: Ո՞ւր է նա, գտեք նրան, հետ բերեք, կարոտել եմ,- տղան լալիս էր, ոտքերը խփում գետնին:

Մեկ էլ ներս մտավ տղայի մայրիկը՝ նրա հետ.

-Առ, վերցրու քո արջուկին, նա բազմոցի տակ էր:

Ժպտո՞ւմ եք: Լավ է, չէ՞: Իսկ հիմա պատկերացրեք մի կնոջ, որը սեղանի առաջ նստած նայում է իր որդու լուսանկարին: Վերջ չկա արցունքներին: Նա չի կարող այս մանկան պես փնտրել ամենուր և գտնել իր որդուն, ով գնացել է ռազմաճակատ և հրացանը ձեռքին սպասում է թշնամու հարձակմանը: Գուցե և՝ վերջին ճակատամարտին: Ինչո՞ւ, որովհետև ինչ-որ նախագահի աչքը մեկի նավթի, կամ բարեբեր հողի վրա է:

Իսկ եթե խեղճ մոր կորցրածն արդեն չկա՞ և անօգնական ընկել է մարտի դաշտո՞ւմ, աչքերը հառած դեպի երկի՞նք.

«Աստված, տեսա՞ր, ես մեռա մի կաթիլ նավթի համար, իսկ մայրս վճարում է միլիոն կաթիլ դառն արցունքով»: Պատերազմի ժամանակ ամեն բան արյան գին ունի:

Հուզվեցի՞ք, այդպես էլ գիտեի:

Անուշ Մուրադյան 14տ., 2003թ.