Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լավ օրերից մեկը

Հերթական անգամ գնում էի ընկերուհուս տուն: Այս անգամ դաս անելու համար: Ինչ վատ է, չէ՞, երբ ամեն անգամ պետք է ոտքով երկար ճանապարհ կտրես անցնես, որ հասնես ընկերուհուդ տուն ինչ-որ դասի համար, որը մենակ էլ կարող ես տանը հանգիստ նստած անել: Է՛հ, ինչ էլ լինի, եղածը չես փոխի՝ ես արդեն նրանց տանն էի: Դասեր, դասեր, դասեր…
Մենք հոգնել էինք դասերից և որոշեցինք երաժշտություն միացնել:
-Արի գնանք պատշգամբ, որ դիսկ վերցնենք,- ասաց ընկերուհիս:
-Արի,- ասացի ես և հետևեցի նրան, մի փոքր էլ հոգոց հանելով, որ պետք է այդքան հարմար տեղից դուրս գալ և հյուրասենյակի միջով անցնելով հասնել պատշգամբ: Մենք արդեն շրջանցել էինք միջանցքը և մտանք հյուրասենյակ…
Ահա և հասանք դեպքի վայրը: Հյուրասենյակում միացրած էր բարձր ձայնով հեռուստացույց, և մենք չէինք կարող առանց հեռուստացույցին նայելու անցնել այդ կողմով:
-Կարո՞ղ եք լուծել առաջադրանքը,- ասաց ընկերուհուս պապիկը:
-Փորձենք,- ասացինք մենք և նայեցինք առաջադրանքին.
2+6+9+1=1
Գրված էր հեռուստացույցի վրա, լուցկիներով: Պետք է լուցկիներից մեկն այնպես տեղափոխեինք, որ ստացվեր 1: Եթե գտնեինք և զանգահարեինք տրված համարով, ապա մենք 34 000 ռուբլի կստանայինք (ծրագիրը ռուսական էր, բայց նաև կար հայերի համար հեռախոսահամար, որպեսզի Հայաստանից էլ կարողանային զանգահարել): Ես երկար ժամանակ փորձում էի, բայց ոչ մի օգուտ:
-Իսկ, եթե 9-ի կողքի փայտիկը տեղափոխենք 9-ի մոտ,- ասացի ես,- չէ, չի ստացվում:
Մի քանի րոպե անց այդ նույն բանը ասաց ընկերուհիս, և ճիշտ ստացվեց.
2+6-8+1=1
Բայց ինչո՞ւ ես ճիշտ չմտածեցի, նույն բանն էի ասում:
Դա հիմա կարևոր չէ, ես արդեն իմ ասածը ասել էի, իսկ իմ ընկերուհին իր ասածն էր ասել: Այժմ մենք մի քանի անգամ ստուգեցինք` ճի՞շտ է, թե՞ ոչ, և սկսեցինք զանգահարելու փորձեր անել: Չէր ստացվում, զանգը չէր գնում: Միշտ էլ այդպես է լինում. դու ես ճիշտ հասկացողներից մեկը, բայց չես կարողանում ստանալ արդար շահած գումարդ: Այդպիսին է այս աշխարհը: Շատերն էին զանգահարում իրենց սխալ տարբերակներով, իսկ մենք ճիշտ էինք հասկացել առաջադրանքը: Քիչ անց 34000-ը դարձավ 15000:
-Դու հրաժարվո՞ւմ ես փողից,- ասում էի ես՝ իմ հեռախոսը լարված բռնած ընկերուհուն:
Նա ոչինչ չէր կարող անել, բայց այդ ժամանակ ես միայն նրան էի մեղադրում իմ միտքը գողանալու և սխալ համարներ հավաքելու համար:
-Լա՛վ, վե՛րջ, մենք գնում ենք դիսկը վերցնենք,- ասացինք ես և ընկերուհիս 30 րոպե անց:
Մի քանի րոպե անց մայրիկս ինձ զանգահարեց և ասաց, որ տուն գնամ: Հագնվելու ժամանակ իմացա, որ մի տղամարդ իմացել է իմ գուշակած տարբերակը:
Դուրս եկա ընկերուհուս շենքից, մտածելով, որ ես կարող էի դուրս գալ այդ շենքից հարստացած, միգուցե մի փոքր… Բայց ոչ:
-Մամ, իսկ գիտե՞ս իմ ու Վալերիայի հետ ինչ պատահեց, չես հավատա…,- ասացի ես մայրիկիս և սկսեցի պատմել կատարվածը։