Լռության երթ

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

Ապրիլի երկուսի երեկոյան Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակից  մեկնարկեց լռության երթ` նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Երթը նախաձեռնել էին Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Արմավիրի  մասնաճյուղի սկաուտները: Այսօր իմ զրուցակիցը երթի կազմակերպիչներից մեկը` Արման Գալստյանն է, ով 2012թ-ից սկսած Արմավիրի մասնաճյուղի Սկաուտական կազմակերպության ակտիվ անդամներից մեկն է:

-Արման, խնդրում եմ պատմես` ինչպես առաջացավ նման երթ կազմակերպելու միտքը:

-Երթն առաջին անգամ անցկացվել է 2018թ-ին: Արմավիրի սկաուտներով որոշեցինք կազմակերպել նման երթ նվիրված Քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին, նպատակն էր` թեկուզ այդ ձևով մեր հարգանքի տուրքը մատուցել մեր հերոսներին, ովքեր այդ օրերին զոհեցին ամենակարևորը` իրենց կյանքը հանուն հայրենիքի: Այս տարի երկրորդ անգամն էր, ու միտք ունենք այն դարձնել ամենամյա:

-Երթի գլխավոր խորագրի  համար հիմք է հադիսացել Սահյանի հայտնի ժողովածուի անվանումը: Ինչո՞վ էր պայմանավորված նման ընտրությունը:

-Երթի խորագիրը հետևյալն էր. «Մեզ բացակա չդնեք»: Ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ թեև իրենք զոհվել են ու ֆիզիկապես մեզ հետ չեն, հոգեպես շարունակում են մնալ մեզ հետ, մեր կողքին ու կմնան միշտ: Ու մեզնից յուրաքանչյուրը զգում է այդ ներկայությունն իր մեջ, իր կողքին, ու երբեք չպետք է նրանց բացակա դնենք:

-Եթե խոսենք երթի ընթացքից, որտեղի՞ց էր սկսվել այն, ու արդյո՞ք մեծ էր քաղաքացիների ներգրավվածությունը:

-Մենք շարժվեցինք Արմավիրի կենտրոնական հրապարակից և ավարտեցինք Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունեցել մոմավառություն: Նախորդ տարվա համեմատ թիվն այս տարի ավելի մեծ էր, ինչը ողջունելի փաստ է: Ներկա էին նաև մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ևս ներկա էր երթին իր աշխատակազմի հետ, ու պետք է նաև նշեմ, որ կազմակերպչական հարցերում ևս օժանդակել է մեզ: Երթի մասնակիցների մեջ էին զոհված հերոսների մայրեր ու նաև անձամբ քառօրյայի մասնակից տղաներից:

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

-Երեք տարի առաջ տեղի ունեցածն ինչ խոսք բոլորիս վրա է իր հետքը թողել, այդ օրերին խաղաղություն, հայրենիք, բանակ հասկացություններն ավելի առարկայական էին դառնում բոլորիս համար: Արդյո՞ք կարելի է ասել, թե այս երթը այն փոխհատուցումն էր, պարտքի զգացումը նրանց առաջ, ովքեր հանուն մեզ զոհեցին իրենց կյանքը:

-Չէի ասի, թե պարտքի զգացում է, ավելի շատ ցանկություն էր ինչ-որ չափով մեր հարգանքն արտահայտել այդ ձևով: Մենք մեզ պարտավորված էինք զգում նախ իրենց առաջ, որ միշտ հիշենք իրենց, երկրորդ` իրենց ծնողների, որ նման հերոսներ են տվել հայրենիքին, և երրորդ` արդեն մեզ համար, մեր քաղաքի համար:

-Ինչ խոսք, բոլորս էլ պարտական ենք մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին, ու նրանց արարքը կա ու միշտ էլ անգնահատելի կմնա, բայց կա՞  արդյոք մի կերպար, ում համարում ես քառօրյայի քո’ հերոսը:

-Դժվար է առանձնացնել մեկին, որովհետև նրանք բոլորն էլ հերոսներ են, իրենց էությամբ, իրենց կոչմամբ, իրենց անկատար մնացած երազներով… Սակայն կուզեի առանձնացնել Գոռ Կիրակոսյանին, հենց Արմավիր քաղաքից, ով կարելի է ասել, պատերազմի անմեղ զոհերից էր: Նա զոհվեց պատերազմի ավարտից օրեր անց, հրադադարից հետո:

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

Լուսանկարը` Կարեն Թորոսյանի

-Շուտով ինքդ էլ ծառայության ես անցնելու բանակում: Ի՞նչ ակնկալիքներ ունես ծառայությունից:

-Սպասում եմ հետաքրքիր ու հանգիստ երկու տարի, խաղաղ ամենակարևորը: Չեմ ասի, թե հարթ ու կանաչ ճանապարհ, որովհետև միապաղաղ է ինչ-որ չափով, իսկ փոսերով ճանապարհը հետաքրքիր է, փորձ ես ձեռք բերում ինչ-որ չափով, հետագայում նաև ճիշտ քայլելու համար: Շնորհակալ եմ բոլոր էն տղերքից, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն խաղաղ կյանքի: Հիմա մեր պարտքն է` շարունակել նրանց կիսատ թողածը, ինչու չէ, նաև ապրենք այն կյանքը, որը իրենք չհասցրին: Ու ապրենք արժանապատիվ, որ հետո պարզ հայացքով կարողանանք նայել մեր հերոսների մայրերի ու երեխաների աչքերին: