Լսեք երաժշտություն 

Հիմա բոլորիս օրը դժվար է պատկերացնել առանց երաժշտության, այն կարծես մեր կյանքի մի մասն է դարձել: Հատկապես հիմա` 21-րդ դարում, այն դարձել է ավելի հասանելի: Ամեն վայրկյան կարող ենք լսել մեր ցանկացած երգը, մեր ցանկացած երգչի կատարումը: Նախնադարում մարդիկ հավատացել են, որ երաժշտությունը ազդում է մարմնի վրա: Նախկինում ևս երաժշտությունը շատ կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում: Այ օրինակ` Չինաստանում մահապատժի են ենթարկել այն երգահաններին, որոնք իրենց երգի հնչյունների ներդաշնակությունը խախտել են:
Ըստ իմ տվյալների, երաժշտություն լսողների քանակը ավելի է մեծացել 20-րդ դարում, որովհետև այդ ժամանակ նոր տարածում է գտել ռադիոն, և մարդիկ սկսել են դառնալ ռադիոյի մշտական ունկնդիրները: Փաստ է, որ ոչ մի ժամանակաշրջան աչքի չի ընկել այնքան երաժշտական ոճերով, որքան այսօր է: Հնում բժիշկները երաժշտության միջոցով փորձել են բուժել հիվանդներին, գտնելով, որ յուրաքանչյուր օրգանին համապատասխանում է իր հնչյունը կամ հնչյունային միացությունը:
Շատ մարդիկ գիտեն, որ երաժշտությունը օգտակար է, բայց քչերը գիտեն, որ այն բացի հաճույք և ուրախություն պատճառելուց, կարող է առողջարար լինել և հաջողությունների բերել կյանքում: Օրինակ` դասական երաժշտությունը նպաստում է առողջ քնին: Սիրելի երաժշտության երկար լսումը օգնում է ձերբազատվել սթրեսից: Պայքարում է տխրության դեմ: Բարելավում է արյունատար անոթների աշխատանքը:
Երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ և, միաժամանակ, ամենագեղեցիկ ոլորտներից մեկը, և ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց երաժշտության, և անգամ նյութը պատրաստելիս եմ երաժշտություն լսել: