Լրանում է ուսանողական կյանքիս առաջին ամիսը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Դպրոցական սահմանափակ առօրյայից անցումն ավելի անկաշկանդ ուսանողական կյանքին, բնականաբար, լի է վախերով։ Դեռևս դպրոցի «չի կարելի»-ների ազդեցության տակ վախենում ես համարձակ քայլերից, ակտիվ ապրելաոճից։ Դպրոցում դեպի նոր գաղափարներ գնալու ցանկացած  միտում, ուսման ընթացքում կատարվող անգամ փոքր իմպրովիզներ ճնշվում են ավանդական դասապրոցեսի կառուցման մեթոդների կողմից, շատ անգամ՝ արժանանում են խիստ քննադատության։ Համալսարանում թեմայի ներկայացման ձևի ու աղբյուրների ընտրության հարցում մենք սահմանափակված չենք և կարող ենք ազատ ցուցադրել մեր ընդունակությունները,  ստեղծագործական միտքն ու գեղագիտական ճաշակը։ Դպրոցում մեզ թույլ չէր տրվում շփվել այլ դասարանի աշակերտների հետ, այն ինչ համալսարանում խրախուսվում է կապն ու ակտիվ համագործակցությունը ուսանողների միջև։ Մեր դասախոսներն իրենք էլ առաջարկում են դասերից հետո մնալ համալսարանում, շփվել, ճանաչել իրար, օգտվել գրադարանից ու համացանցից, մշակել համատեղ ծրագրեր ու ձեռնամուխ լինել դրանց կատարմանը. դրա համար տրամադրում են համակարգիչներ, ինտերնետ-կապ, փորձում են օգնել ամեն հնարավոր բանով։ Իսկ դպրոցում, կարծես, ամեն ինչ ստեղծված է ինքնաբացահայտմանը խանգարելու համար։ Դպրոցում անհատականությունները ճնշվում են, դաստիարակվում են միօրինակ սերունդներ նույն կաղապարներում։ Գուցե բնորոշումը խիստ է, բայց, կարծում եմ, կհամաձայնվեն բոլորը, ովքեր հասցրել են համեմատել դպրոցն ու համալսարանը։ Դպրոցը կարծես դետալի պատրաստման կաղապար լինի, համալսարանը՝ ծրագրավորման լեզու. ծրագրավորման լեզվով կարելի է տալ ցանկացած արդյունք, իսկ կաղապարը կարող է պատրաստել միայն խիստ որոշակի ձևի դետալ…

Այս ամենի հետևանքով մենք՝ համալսարանական կյանքի նորեկներս, տևական ժամանակ մոլորված էինք. չկար ուսուցիչների վերահսկողությունը, եկել էր «անիշխանության» ժամանակը։ Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Այս հանգամանքների շարանն էլ հենց հանդես եկավ կարևոր խթան ինքնուրույն կյանքին ընտելանալու և բոլոր խնդիրներն առանց մեծահասակների օգնության լուծելու համար։ Եթե առաջին մի քանի օրերին հետաքրքրվում էինք մեր կուրսղեկի ով լինելով, հիմա չենք էլ փորձում իմանալ՝ ունենք կուրսղեկ, թե ոչ։ Մեզ առավել հանգիստ ու անկաշկանդ ենք զգում այս պարագայում, և ավելի է արմատանում այն գաղափարը, որ մեր ուսանողական կյանքի կազմակերպիչները միայն մենք ենք, որ կուրսին առնչվող յուրաքանչյուր խնդիր պիտի լուծենք մենք ինքներս՝ իրար օգնելով, իրար հետ համախմբված։ Կարծում եմ՝ մեր այս ենթագիտակցական կարգախոսով էլ դարձել ենք ամենալավ կուրսը նորեկների մեջ։

Մեր կյանքի առաջին դասը քաղված է. լինել ազատ և ինքնուրույն ամեն պարագայում։