amalya harutyunyan

Խառը, ցաքուցրիվ, խառը…

Խառը, ցաքուցրիվ, խառը…

Մեկն ունեի, ասում էր` եթե իրոք սիրում ես, ուրեմն, պետք է անպատճառ սիրես, պետք է չիմանաս` ինչու ես սիրում:
Սկզբում ասածները չէի հասկանում, հետևաբար, չէի էլ ընդունում: Իսկ հիմա հարց է ծագել: Ինչո՞ւ ենք մենք սիրում:

Երբևէ պատահե՞լ է, որ քեզ թողնեն, կամ դու որոշես թողնել որևէ մեկին:
Դու հիմա զարմանում ու հարցնում ես, թե թողնելը ի՞նչ կապ ունի: Իսկ ես ժպտում եմ ու պատասխանում, որ դրանք հարաբերական են և իրար ուղիղ համեմատական:
Ահ, կրկին չես հասկանում, լավ մեկ ուրիշ բան ասեմ:
Դու, այ հենց դու, որ հիմա այդ էլեկտրոնային անզգա համակարգչի կամ սմարթֆոնի դիմաց փորձում ես ամենազգացմունքային բառերս կարդալ, երբևէ բաժակ կոտրե՞լ  ես, այն էլ սիրածդ բաժակը:  Լավ մեկ-երկուսը կասեն, որ ոչ (ում ունեի, ասում էր` բացառություններ միշտ կան), բայց մյուսները վստահ եմ, կոտրած կլինեք, ու չփորձեք խաբել` ասելով, որ չեք կարոտել, ձեր մեջ դատարկություն չի եղել ու ձեզ չի թվացել, որ էլի մի շատ կարևոր իր թողեց ձեզ: Այսինքն, դուք սիրում եք բաժակը, սիրում եք անպատճառ, նույնսիկ կոտրված վիճակում:
Կամ երբ ձեր տետրը վերջանում է, դուք այն դեն եք գցում, ու երբևէ նրա մասին չե՞ք մտածում, չե՞ք կարոտում այն մեկին, ում հետ ամիսներ եք անցկացրել, ովքեր ձեր հազարավոր տառերն ու բառերը իրենց ուսերին են վերցրել: Իսկ ես կարոտում եմ, ու ինչքան էլ որ վերջացրած լինեմ տետրը, մեկ է, սիրում եմ այն, սիրում եմ առանց սպասելու, որ նրա թերթերը ավելանալու են:
Դու չես հասկանում, իսկ ես ժպտում եմ:
Չգիտեմ` հասկացե՞լ ես, թե` ոչ, բայց եթե դպրոցում բացատրելու դասեր լինեին, հաստատ անբավարար կստանայի:
Հա, ինչ էի ասում, հետևաբար, եթե մենք սիրում ենք, մենք չենք կարող թողնել, եթե չենք կարող թողնել, ապա սիրում ենք անպատճառ, առանց պահանջների:
Չեղա՞վ ուղիղ համեմատական: Եղավ, եկանք ասածիս:
Իսկ երբևէ մտածե՞լ ես` ինչքան երջանիկ կլինեին մարդիկ և աշխարհը, եթե բոլորը, թեկուզ մի հոգու, բայց իրոք սիրեին: Այնպես սիրեին, որ չմտածեին նրա կոտրվելու կամ սպառվելու մասին:

Ինչքան մարդիկ են տխուր, որ իրենց` «կոտրված բաժակ» համարելով, լքում են, կամ էլ ուղղակի չեն սիրում: Մարդիկ երևի կարոտում են իրար, կարոտում են` լինելով իրար կողքի, նույն բակին ու նստարանին գտնվելով, կարոտում են, որովհետև սիրում են, որովհետև ինչ-որ տեղ ինչ-որ մեկը թողնում է մյուսին, կամ ինչու չէ, մեկը հասկանում է, որ չափից շատ է առանց պատճառի մյուսին սիրել:
Դե գոնե մի քիչ փորձիր հասկանալ: Դու հիմա խառնաշփոթ մտքերիցս անչափ նյարդայնանում ես, իսկ ես նորից ժպտում եմ:
Մտածում եմ, որ ես նույնիսկ քեզ եմ սիրում, նույնիսկ այն երեխային, որ հենց նոր լաց էր լինում, նույնիսկ այն մարդկանց, ում հայացքները մի քիչ վատն են:
Սիրում եմ բոլորին, բայց ինձ հաճախ են «կոտրում» ու անպիտան բաժակ դարձնում: Իսկ կոտրված բաժակը դեն են նետում…
Բայց արի չկարոտենք, հա՞: Արի` ամեն օր այցելենք մեր սիրած մարդուն, վայրը, գրկենք իրար ու չկարոտենք, արի` ամեն անգամ տեսնելիս, ասենք, որ իրար շատ ենք սիրում ու կարոտներս առնենք: Արի` չթողնենք, հա՞: Արի` չհիշենք իրար այն ժամանակ, երբ պիտանի ենք, այլ միշտ մեր սրտում պահենք նրանց գոյությունը, արի` առանց սիրվել ցանկանալու, առանց պատճառի, առանց սպասելիքի ու առանց խնդրանքի սիրենք իրար, շատ-շատ սիրենք:
Դու ասում ես, որ առանց պատճառի սիրել հնարավոր չէ, իսկ ես պատասխանում եմ` հնարավոր է, ու ժպտում:
Այն մեկին, որ ունեի, ասում էր` իսկ եթե չգիտես, թե ինչու ես մեկին սիրում, ուրեմն ձեր մեջ ինչ-որ տեղ ինչ-որ բան համընկել է…