anush davtyan

Խմող չենք, խմում ենք

Քյավառի մասին խոսելիս երևի առաջին բանը, որ բոլորի մտքին գալիս է, խմիչքն է։ Ավելի կոնկրետ՝ խմելը։ Իսկ եթե էլ ավելի կոնկրետացնեմ, քյավառցիների հարբած լինելը ամեն օր ու ամեն ժամի։

Տարածված կարծիքին համաձայն՝ Քյավառի փողոցներում մարդ չկա, որովհետև տանը նստած խմում են, մի բան են տոնում (առիթն արդեն կարևոր չէ) կամ էլ գերեզմանոցներում հանգուցյալի հետ են կիսում իրենց կերածն ու խմածը։ Եթե փողոցում մեկին տեսնես, երևի մի տնից մյուսն է գնում՝ քեֆը շարունակելու։

Մի անգամ կանգառում կանգնած սպասում էի տրանսպորտիս, Երևանում էի, իհարկե։ Պատահաբար լսեցի, թե կողքիս կանգնածները ինչ են խոսում։ Պարզվեց, որ մեկը նկարիչ է, մյուսն էլ հավանաբար նրա հին ծանոթը, ու նրանք պատահաբար հանդիպել էին այդ կանգառում։ Նկարիչը իր նորություններից էր պատմում, ասաց, որ վերջին անգամ Քյավառ էր գնացել՝ գործերը վաճառելու։ Նրա զրուցակիցն էլ զարմացավ, ասաց․

-Արաղի շշե՞ր էիր նկարել, որ ծախվի։

Զրույցի շարունակությանը ես չմասնակցեցի․ երթուղայինս եկավ։ Բայց էդ դեպքը դեռ երկար կմնա մեջս։

Ես քյավառցի եմ, բայց չեմ խմում։ Դե, առիթից առիթ, միայն եթե հաճելի միջավայրում եմ։ Բայց «տնական արաղ» չեմ խմում, գինի եմ նախընտրում։

Ես Քյավառից եմ, բայց ներկայանալիս ասում եմ՝ Գավառից եմ։ Միշտ մտածում եմ, որ էդպես ավելի հեշտ կպատկերացնեն։ Իսկ իրականում «Քյավառ» անունն ավելի տարածված է։

Ծնվել ու մեծացել եմ Քյավառում, բայց դժվարանում եմ մեր բարբառով խոսել, որովհետև տանեցիները Հայաստանի տարբեր ծայրերից են, ու մենք բարբառով չենք խոսել երբեք տանը։

Կյանքիս գրեթե ամբողջ մասը Քյավառում եմ եղել, բայց երևի հարկ եղած չափով չեմ գնահատում դա։ Ու էս ամենի արդյունքում ես լրիվ պատկերացում չունեմ իմ Քյավառի մասին։

Բայց մի բան հաստատ եմ ասում։ Մենք բարի լույս ասելիս կենաց չենք խմում ամեն առավոտ, ոչ էլ երեկոյան բարի գիշերին։ Մեր տներից օղու դատարկ շշեր նույն քանակով են դուրս գալիս, որքան մնացած տներից։ Իսկ առիթից առիթ բոլորս էլ խմում ենք։