mane antonyan

Ծովիկ

Մայիսն էր, դեռ չէին ավարտվել դասերը։ Մի օր դասերից հետո ընկերուհիներիս հետ նստեցինք դպրոցին կից շենքի բակում։ Ես միանգամից նկատեցի այդ շենքում ապրող երեխաներից մեկին։ Նրան մենք վաղուց էինք ճանաչում. 5 տարեկան տղա էր՝ մարդամոտ, շփվող ու հյուրընկալ: Միշտ մոտենում էր մեզ ու առաջարկում իր խաղալիք մեքենաներով խաղալ, հրավիրում էր իրենց տուն՝ սուրճ խմելու։ Ինչքան էլ որ անսովոր էր այդ տարիքի երեխայից նման առաջարկ ստանալը, մենք ծիծաղում էինք ու խոստանում հաջորդ անգամ անպայման ընդունել սուրճի հրավերը։ Նրա աչուկները նմանեցնելով ծովի կապույտին՝ նրան ուզում եմ կոչել Ծովիկ։

Ծովիկը այդ պահին ծանոթանում էր իրեն տարեկից մի տղայի հետ, որն իր հոր և իրենց շան հետ դուրս էր եկել զբոսնելու։ Նրանք նստել էին մեզնից ոչ հեռու այնպես, որ լսելի էր նրանց խոսակցությունը։ Մեր Ծովիկն անընդհատ հարցեր էր տալիս տղային ու անընդհատ խոսելու թեմա էր փնտրում, իսկ տղան համառում էր ու չէր ուզում պատասխանել նրան։ Հայրը, տեսնելով, որ իր տղան աննրբանկատորեն չի ուզում ծանոթանալ Ծովիկի հետ նույնիսկ իր հորդորներից հետո, սկսեց ինքը խոսել։ Սկսեց հարցուփորձ անել ընտանիքի մասին, Ծովիկին իրենց շան մասին պատմել: Ծովիկի դեմքի ժպիտը նոր էր վերադարձել, երբ հանկարծ մյուս տղան կանգնեց, գրկեց հոր ոտքն ու ասաց.

-Իմ պապան ա, դու գնա, իմն ա… Պա՛պ, մի խոսա իրա հետ:

Ծովիկը գլուխը կախեց։ Նա նոր էր պատմել, որ իր հայրն արդեն մի քանի տարի է՝ արտերկրում է աշխատում, ու որ ինքը շատ է կարոտել նրան։

Տղայի հայրը կատակի տվեց.

-Որ քո հայրն եմ, իրավունք չունե՞մ ուրիշ երեխաների հետ խոսելու։

-Չէ, մի խոսա,- ասաց փոքրիկն ու ավելի ամուր գրկեց հորը։

Ծովիկը մի կողմ քաշվեց, սկսեց շոյել շանը։ Բայց տղան դա էլ թույլ չտվեց։ Նա բաց թողեց հորն ու հիմա էլ շնիկին գրկեց։

-Իմ շնիկն ա, գնա,- ասաց ու թեթև հրեց Ծովիկին։

-Դե, մենք գնանք, դուք իրար հետ խաղացեք,- ծիծաղելով ասաց հայրը, շոյեց երկուսի գլուխն էլ ու շան հետ տուն գնաց։

Մի քանի րոպե անց երեխաներն արդեն լավ խաղընկերներ էին դարձել, իսկ մյուս տղան այնքան էր տարվել խաղով, որ մոռացել էր թե՛ իր հոր, թե՛ շան մասին։

Մենք գնացինք, բայց իմ մտքում դեռ պտտվում էր այն հարցը, թե որտեղից մի երեխայի մեջ այդքան վառ արտահայտված սեփականատիրական բնավորություն, իսկ մյուսի՝ այդքան պարզություն ու անհիշաչարություն։