Ani avetisyan

Կժպտաս, չէ՞…

Պատկերացրու՝ նստած ես իրականի ու անիրականի սահմանին, կամ, թեկուզ ձեր բակում, աստիճաններին, տանիքին կամ խոտերի վրա:

Պատկերացրու՝ ականջներումդ, իսկ եթե մի քիչ ավելի զգայուն ես` սրտումդ սիրելի երգիդ երաժշտությունն է, իսկ բառերը շուրթերիդ են, և ինչ կապ ունի՝ երգել գիտես, թե չէ: Կապ չունի՝ երգը հայերեն է, անգլերեն, թե ֆրանսերեն, ուրախ է, թե տխուր, կարևորն այն է, թե դու ինչպես կերգես: Հա, փորձիր. երբ ուրախ ես, տխուր երգերն էլ են պոզիտիվ դառնում քեզ համար: Իսկ երբ տխուր ես, պարզապես գտիր քեզ համար այն, ինչը կօգնի ժպտալ: Իսկ ժպտալու առիթներ հաստատ կգտնես, եթե մի րոպե չմտածես, որ «էս երկիրը երկիր չի», կամ «կյանքը կյանք չի», իսկ եթե միշտ այդպես ես մտածել ու դեռ շարունակելու ես, ուրեմն այդ դու դու չես. մի քիչ ռոք լսիր, կամ մի ուրիշ բան

Գիտե՞ս, ուղղակի ուզում էի ասել, որ քո ժպտալ-չժպտալը և դրանից նաև՝ հանգիստ լինելը միայն քեզանից է կախված: Նրանից, ինչ դու կմտածես: Աշխարհն էլ միայն այն է, ինչ մենք ենք մտածում, տեսնում կամ ուզում տեսնել: Մեկի աշխարհը գունավոր է, մյուսինը՝ վարդագույն, իսկ մեկ ուրիշինն էլ սև ու սպիտակ, բայց իրական աշխարհի գույները ես ու դու էլ գիտենք, ուղղակի չենք ուզում տեսնել

Հիմա պատկերացրու՝ գրում ես շատ կարևոր մի թեստ, քննություն, օլիմպիադա կամ մեկ ուրիշ բան, իսկ պայման-պահանջների ամենավերջում, երբ մի բարդ բան ես սպասում, ուղղակի գրված է «Չմոռանաս ժպտալ»: Կժպտաս, չէ՞: Կժպտաս: Ես էլ ժպտացի: Հետո ավելի հանգիստ ես լինում: Հոգեբանները կասեն, որ ժպիտը բացասական էներգիան վանում է: Ճիշտ է, բայց երբ հաճախ ես ժպտում՝բացասական էներգիա չի էլ մնում, իսկ դու մոռանում ես, թե որքան շատ ես մտածել, տանջվել ու չարչարվել, չես էլ մտածում, թե դեռ ինչքան ես չարչարվելու, ուղղակի ուզում ես կատարել վերջին պայմանը, ու խնդրել, որ նույնից ամենաառաջին տողում էլ գրեն:Ավելի լավ կլինի

Կյանքում էլ այդպես է: Երբ խոհանոցում կամ սրճարանում թեյ, սուրճ կամ հյութ ես խմում, կամ էլ ուղղակի նստած ես՝ մտածո՞ւմ ես ժպտալու մասին: Գիտեմ՝ չէ: Չնայած ինչ եմ ասում: Ի՞նչ կասեն մարդիկ ինքն իրեն ժպտացողի մասին. խենթ է, երևի, էլի: Իսկ եթե այդ խոհանոցի կամ սրճարանի պատին մեծ տառերով գրված լինի՝ ԺՊՏԱ՛, կամ «ժպիտիկ» նկարված լինի, կժպտաս, չէ՞:

Հիմա մի բան խնդրեմ: Վերցրու կավիճ, մատիտ կամ գրիչ, մի խոսքով՝ մի բան, որով կարող ես գրել և աչքիդ երևացող ցանկացած վայրում գրիր՝ Ժպտա՛ կամ «ժպիտիկ» նկարիր, որ չմոռանաս ժպտալ, իսկ հետո, երբ կնայես դրանց, անկախ քեզանից դեմքիդ մկանները կշարժվեն, ու աշխարհի ամենագեղեցիկ երևույթը կնկարվի քո դեմքին, հետո՝ աչքերիդ մեջ: Ու դրանից հետո՝ ով էլ տեսնի քեզ, աչքերումդ այն «ժպիտիկը» կտեսնի, ու ինքն էլ կժպտա: Հոգեբաններն էլ շատ բան չեն ունենա անելու

Հ.Գ. Մանավանդ այսօր ծանր օր է՝ երկուշաբթի: