hripsegh

Կյանքը հատակում

Նախ սկսեմ այնտեղից, որ վերջերս մեծ հետաքրքրություն ներկայացնող ֆիլմ եմ դիտել և կցանկանայի կիսվել իմ տպավորություններով: Երևի թե մինչ այժմ դիտած բոլոր դոկումենտալ ֆիլմերից ամենալավը: Մի ֆիլմ, որի մեջ կար ամեն ինչ: Գուցե ավելին, քան ամենահայտնի սցենարիստների և ռեժիսորների` միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ արժեցող ֆիլմերում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և 2004 թվականին արժանացել է Օսկարի` լավագույն դոկումենտալ ֆիլմ անվանակարգում: Զանա Բրիսկին` լուսանկարչուհի և ռեժիսոր, մեկնել էր Հնդկաստան՝ վավերագրել «Կարմիր լապտերների» փողոցների կյանքը, որտեղ տիրում էր անօրինականությունն ու քաոսը, զրուցել այդ փողոցներում ծնված և ապրող երեխաների հետ, այդ կյանքը ներկայացրել նրանց աչքերով: Ծրագրի հիմնական նպատակը այնտեղ ապրող երեխաներին այդ վիճակից լուսանկարչության միջոցով դուրս բերելն ու նրանց մտածելակերպը փոխելն էր, որպեսզի նրանք չկրկնեին իրենց ծնողների սխալները:

Գիտեք. ֆիլմը դիտելիս հերոսներից ամեն մեկի հետ ցավ ես ապրում` տեսնելով, թե նրանք իրենց մանկությունն ինչպիսի միջավայրում են անցկացնում, և թե ինչպիսի կյանք է նրանց սպասվում: Ախր, նրանցից յուրաքանչյուրն այնքան տաղանդավոր է, այնքան լավ ապագա կարող էր ունենալ… Ախ, միայն թե սխալ տեղում և սխալ միջավայրում ծնված չլինեին, ախ, եթե նրանք, այդ կեղտոտ միջավայրի պայծառ լուսարձակող մարգարիտները, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում ծնվեին, ինչ բարձունքների կարող էին հասնել: Նրանց լուսանկարներն այնքան հետաքրքիր են և աչքի ընկնող, որ շատ լուսանկարիչներ նման արդյունքի կարող են հասնել միայն երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Գուցե դա նրանից է, որ երեխաներն ավելի պարզ են մտածում ու շատ չեն ընկնում մանրուքների հետևից: Նրանց համար կարևորը պահը որսալն է, իսկ մնացած բաներն արդեն կարծես ինքնըստինքյան ստացվում են (սա կարող է օրինակ ծառայել նրանց համար, ովքեր ցանկանում են լուսանկարչությամբ զբաղվել): Առաջին անգամն էր, որ նրանք տեսնում էին լուսանկարչական ապարատներ և մեծ ոգևորությամբ փորձում էին լուսանկարել ամեն հետաքրքիրը և շատ մարդկանց համար անհետաքրիր թվացողը: Իսկ նախաձեռնության հեղինակ Զանա Բրիսկին մեծ համբերատարությամբ բացատրում էր նրանց ամեն ինչ: Ու գիտեք, այդ պահին իմ մեջ արթնացան իմ առաջին լուսանկարչական դասի հիշողությունները, որից արդեն անցել է 4 տարի: Երբ ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես ճիշտ բռնել ֆոտոապարատը, թե ինչպես էին բացատրում լուսանկարչության ոսկե կանոնը, ինչպես գտնել լույսը և շատ ուրիշ բաներ, այն դեպքում, երբ ես երկնքից ու ամպերից բացի ոչինչ չէի նկարել: Չգիտեմ, երևի «Մանանայի» ծրագիրն ու առաքելությունն էլ ոչ այնքան պարզապես իրենց ամենօրյա աշխատանք-պարտականությունը կատարելու մեջ է, որքան լուսանկարչության և լրագրության միջոցով երեխաներին, իսկ հետո երեխաների միջոցով հասարակությունը փոխելու, նրանց ապագան ավելի լավը դարձնելու և, այն երեխաներին օգնելու մեջ է, որոնք իրոք դրա կարիքն ունեն:

Հ.Գ. Անպայման դիտեք և սովորեք Born into Brothels ֆիլմից, որը ինձ համար դեռևս լավագույնն է իր ժանրում: