hasmik givargizyan

Կրկնվող խորհուրդ

Չգիտես ինչու, չգիտես ինչպես, բոլորը կարծում են, թե նոր տարին իր հետ նոր կյանք է բերելու: Ու նույն կերպ էլ չես հասկանում, թե ոնց են էն մարդիկ՝ ովքեր բողոքում էին փողի պակասությունից, ամանորյա տրամադրության բացակայությունից ու հավեսից, փռում են լիքը-լիքը սեղաններ՝ որ «եկող տարին էլ էսքան առատ լինի»: Անվերջ սպասումներ են ունենում, որոնք նման են երկուշաբթի օրը անպայման դիետա սկսելուն (հուսամ հասկացաք): Ու այս ամենը համեմված ծանոթ-անծանոթ, սիրելի ու ոչ այնքան, մարդկանց գրկախառնությունների հետ: Իսկ հիմա ուշադրություն, ամենակարևորը. այդ ամենը տեվում է ընդամենը երկու օր: Ու եթե առաջ մարդիկ կերած-խմած «ցմփոր աղաբեկների» նման մի շաբաթ էլ իրենց նվիրում էին սիրելի վերմակին ու սերիալներին, ապա շուտով մեր կառավարության թեթև գրչով չեն կարողանա: Վեր կկենան ու էդպես կերած-խմած, խմիչքի պատճառով Ամանորին կատարվածը դեռ չհիշած, կգնան աշխատանքի: Մարդ չգիտի՝ ուրախանա՞, թե՞ լաց լինի: Իրականում թեմայից մի քիչ շեղվեցի: Ուղղակի ուզում էի ասել, որ Նոր տարուն ամսաթվերից բացի ուրիշ ոչինչ չի փոխվում, ժողովուրդ ջան, (եթե իհարկե նեղություն չքաշեք կշեռքի վրա կանգնել ու հասկանալ, որ մի փոքր խաբեցի, ավել 3 կգ-ներ են հայտնվել ձեր կյանքում): Հարզատներն էլ են նույնը, դպրոցը, համալսարանը, աշխատավայրը, կոլեգաները նույնպես:

Միակ բանը, որ գալիս ու գնում է՝ ժամանակն է, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին, կարծում եմ, ռացիոնալ չենք օգտագործում: Նոր տարուց մի ամիս առաջ սկսում ենք մի տարվա պաշար հավաքել, որ ուտենք 10 օրում, մի ամիս հետո էլ փորձում ենք ծածկել այդ ամենը: Էլ չեմ ասում բողոքների մասին, որ պարտքերը հաստատ ավելի քիչ կլինեին, եթե այդ սեղանը չլիներ:

Ասածս ի՞նչ է: Սիրեք և եղեք սիրված: Ազատեք ձեր խեղճ սեղանի (նաև ձեր) ուսերը ամանորյա ծանր բեռից: