ՀԱՅ ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA” ԾՐԱԳԻՐ. ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Արզական տանող ճանապարհը, Էլադայենց տան դարպասները ու Էլադայի սիրալիր ու անսահման ջերմություն հաղորդող տատիկը շքամուտքում։

Էսպես սկսվեց մեր առաջին օրն Արզականում։ Էլադայենց տան բակում մեր առաջին ժողով-քննարկումը բարեհաջող ավարտելուց հետո, խմբերի բաժանվելով, ուղևորվեցինք դեպի մեզ հյուրընկալող տները։

Բելգիացի ընկերներս անդադար կրկնում էին, որ հիանում են գյուղով։

Գրեթե հասել էինք փողոցի ծայրը, երբ նկատեցինք մեզ ընդառաջ եկող մի բարետես կնոջ, ով բացատրեց, որ ինքն է մեզ հյուրընկալելու։ Նրա ուղեկցությամբ մտանք ներս, ու օրվա մնացած մասն անցավ այնքան արագ, որ այժմ դժվարանում եմ նկարագրել բոլոր մանրամասները, որոնք նպաստում էին էդ տարօրինակ արագությանը։ Ավանդական հաց ու պանիրը, կանաչին, տնական մածունն ու մի քանի հայկական ճաշատեսակներ զարդարում էին սեղանն ու Լենկային ստիպում պարբերաբար կրկնել.

-Էնքան եմ սիրում էս օրը, չեմ ուզում վերջանա։

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Իջանք գյուղամեջ՝ ֆոտոներ անելու։ Վալես պապենց տան ֆանտաստիկ խճանկարները տեսնելուց հետո շարունակեցինք մեր զբոսանքը փողոցներում։ Գյուղի երեխեքը ոգևորված էին։ Անընդհատ պտտվում էին խմբի շուրջ, խնդրում էին, որ իրենց նկարենք, ու տեսախցիկը տեսնելուն պես, ճչալով սլանում փողոցն ի վար, թե բա՝

-Նկարու՜մ են, նկարու՜մ են…

Բելգիացի ընկերներս ոււսումնասիրում էին գյուղի անցուդարձն ու ճանապարհին մոշի թուփ նկատելու դեպքում անպայման համտեսում՝ նախորդի համի հետ համեմատելու համար։

Մութն ընկնելուն պես վերադարձանք տուն։ Տիկին Գայանեն խմորեղենի պատրաստություն էր տեսնում։ Մեծ ոգևորությամբ համաձայնվեցինք հաջորդ առավոտյան միասին խմորեղեն թխել։

Գյուղում ժամանակը կանգնում է, բացահայտումները՝ բազմապատկվում։

Եվա Խեչոյան

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

jitseՀարցազրույց Յիթսը Վան Նյութենի հետ 

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր մինչ Հայաստան գալը:

-Ես շատ սպասելիքներ չունեի, որովհետև չգիտեի շատ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, թե ինչ ենք անելու բացի լուսանկարչությունից, շատ բաներ չգիտեի Հայաստանի մասին:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Սովորե՞լ ես ինչ-որ նոր բան:

-Այո: Սովորել եմ մի քանի հայերեն բառեր`առողջ, առողջություն, փախլավա, լավաշ, ոչ, բարև:

Ես սովորել եմ նաև մշակութային տարբերությունների մասին: Մինչ այս եղել եմ այլ երկներում, և միշտ տարբերությունները լինում են իրոք շատ  բազմազան ու եզակի:

-Իսկ ինչ-որ  նոր բան սովորե՞լ ես լրագրությունից:

-Իհարկե: Դասընթացները, որոնց մասնակցեցի, իրոք օգտակար էին, մինչ այս  լուսանկարելը, պատմություն գրելը լավ չէր ստացվում, իսկ հիմա որոշակի առաջընթաց կա:

-Ի ՞նչ երկարատև ազդեցություն կունենա ծրագիրը քեզ համար:

-Ես մտածում եմ, որ միշտ կսիրեմ Հայաստանը: Հուսամ, որ  ընկերներ կլինենք հայերի հետ ողջ կյանքի ընթացքում: Սրանից հետո ես կնախընտրեմ գնալ անծանոթ երկրներ, և դա ավելի հեշտ կլինի ինձ համար:

-Որո՞նք են  այն էական առանձնահատկությունները, որոնք դու սիրում ես այս ծրագրում:

-Ես սիրում եմ շփվել այլ երկրների մարդկանց հետ: Եվ ինչպես դպրոցում ես ունենում լավ ընկերներ, այդպես էլ այստեղ ես կունենամ լավագույն ընկերներ: Ես նաև հավանում եմ լուսանկարչությունը, Հայաստանը ուսումնասիրելը, սրանք իրոք  հաճելի են ինձ համար:

-Իսկ ի՞նչը չես սիրել Հայաստանում:

-Ես միայն մի բան չեմ սիրում, որը միգուցե տարօրինակ լինի ձեզ համար: Ես չեմ սիրում, երբ տղաները  «ջենթլմենություն» են անում, իմ կարծիքով, դա սխալ  է, որովհետև յուրաքանչյուրս ունակություններ ունենք, և հատկապես  տղաները չպետք է անեն ինչ-որ բաներ մեր փոխարեն:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ո ՞րն է քո ամենամեծ  տպավորությունը այս օրերից:

-Լեռները, բնությունը: Երբ ես օդանավակայանում էի, հենց այդ

պահից հավանեցի օդը: Հայաստանը նման չէ Եվրոպային, այստեղ կա այն, ինչը ես շատ եմ սիրում:

Հարցազրույց  Եվա Խեչոյանի հետ

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր ծրագրին հայտ ներկայացնելուց առաջ:

-Ծրագրին դիմելուց առաջ առաջին սպասելիքներս բելգիական մշակույթն ավելի խորքից ճանաչելու, աշխարհի մասշտաբով ծանոթություններ ունենալու հետ էին կապված:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ինչպե ՞ս ես իմացել «Մանանա»-յի մասին:

-«Մանանա»-յում» ունեի ընկերներ, ովքեր ինձ պատմել էին կենտրոնի գործունեության մասին: Հետո մասնակցել եմ դասընթացի, որը ոգևորել է ինձ՝ շարունակել իմ մասնակցությունը, դառնալ 17-ի թղթակից:

-Որքանո՞վ արդարացան ակնկալիքներդ այս վեց օրերի ընթացքում:

-Կարծում եմ սպասելիքներս իրականացան, որովհետև արդեն ծանոթացել և մտերմացել եմ բոլոր բելգիացի մասնակիցների հետ, կարծում եմ կապը կպահպանվի, և հաշվի առնելով մասնագիտական հետաքրքրվածությունները, կարծում եմ, որ կշարունակվի գործնական համագործակցությունը:

-Ծրագրի մեջ կա՞ն արդյոք առանձնահատկություններ, որոնք դու կարևորում ես:

-Ըստ ինձ, մեզ տրված ինքնաարտահայտման հնարավորությունը շատ կարևոր է և  յուրահատուկ, որովհետև մեր երկրի մասին իրենց պատմելով, ներկայացնելով ինքներս ենք ինքնաբացահայտվում, և դա շատ կարևոր է:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք շարունակական բնույթ կկրեն բելգիացի մասնակիցների հետ կապերը, եթե այո` ինչպե՞ս:

-Նախ, սոցիալական ցանցերով կապ կպահենք, որովհետև այս օրերի ընթացքում արդեն  ընկերության հարցումներ ենք ուղարկել, որպեսզի շփումը շարունակական լինի: Մտածում եմ նաև, որ ավելի կմտերմանանք մեր «մասնագիտական կողմնորոշման» պատճառով:

-Ի՞նչն է ամենից շատ քեզ դուր եկել այս վեց օրերի ընթացքում:

-Ինձ ամենաշատը դուր է եկել այն փաստը, որ ոչ միայն բելգիացիների համար է բացահայտվում Հայաստանը, այլև ինքս ինձ համար եմ բացահայտում: Հասկանում ես, որ կային լիքը բաներ, որ մինչ այս ծրագիրը չէիր նկատել ու չէիր մտածել դրանց մասին, հիմա Հայաստանը ճանաչում եմ ավելի խորքային մակարդակով:

-Ի՞նչ սպասումներ ունես առաջիկա օրերից:

-Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում պետք է ավելի մեծ եռանդով աշխատենք, պետք է անենք ավելի մեծ ծրագիր այս խմբի հետ և առաջընթաց գրանցենք, և համոզված եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհասնենք դրան:

-Ի՞նչ տպավորություններ ունես քո  բելգիացի  հասակակիցներից:

-Կարծում եմ, որ իրենք շատ հետաքրքրասեր, նորությունների համար շատ բաց ու պատրաստակամ են, և դա հեշտացնում է մեր շփումը, որովհետև նրանք տրամադրում են մեզ, որ իրենց ավելի շատ գիտելիք ու հնարավորություններ տանք:

-Իսկ առհասարակ  ի՞նչ ես մտածում  միջազգային շփումների մասին:

-Ինձ թվում է միջազգային շփումը շատ կարևոր երևույթ է: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի հետ դա այլ կերպ է ստացվում, և երբեք մեկը մյուսին նման չի լինում, ամեն անգամ օտարերկրացու հետ շփվելով, դու մի նոր աշխարհ ես բացահայտում, ինչ-որ նոր հարթակի վրա շփվում ես տարբեր արժեքներ ու մշակույթ կրող մարդկանց հետ:

Ինեսա Զոհրաբյան