anna qocharyan lori

Հարցական նշան

-Ան, պատահե՞լ ա, որ էնքան հոգնած լինես հոգեպես, որ ուղեղդ սկսի չաշխատել ու չընկալել ոչ մի բան:

-Դե չգիտեմ, երևի: Բոլորիս մոտ էլ լինում են նման պահեր, երբ հոգնում ենք կյանքից: Մեր ուղեղին բացասականը տալով՝ մոռանում ենք մեկ-մեկ ջրել այնտեղ աճած ծաղիկները:

-Մի բան ասեմ, բայց չսկսես ջղայնանալ: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչի եմ էսքան անհանգիստ ու նյարդային: Ուղղակի մտքումս անիմաստ հարցեր են: Հա, ես իրոք մոռացել եմ, որ այդ ծաղիկները խնամքի կարիք ունեն: Բայց էնքան մտածելու բան կա, որ խնամելու ժամանակ չունեմ:

-Չունե՞ս: Ժամանակ միշտ էլ կա: Այ, օրինակ՝ հենց հիմա, հենց այս պահին մի ուրախ բան պատմիր ինձ: Պատմիր ու կտեսնես, որ ծաղիկները սկսում են բարձրացնել իրենց գլուխները՝ թափ տանով իրենց վրա հարցական նշաններից բաղկացած փոշին:

Էսպիսի խոսակցություններն իմ կյանքում շատ են: Ես ինձ հոգեբան եմ զգում, որովհետև բոլորին համոզում եմ, ապացուցում ու օգնում հասկանալ, որ իրականում ոչ մի բարդ բան էլ չկա, ուղղակի պետք է սպասել ու համոզվել, որ բոլոր հարցերն էլ վերջ ի վերջո գտնում են իրենց պատասխանները: Ուղղակի մենք՝ հայերս, շատ ենք շտապում ու համբերել ընդհանրապես չենք սիրում: Մեզ անընդհատ տանջում են որոշակի մտքեր, ու մեր գլխում բազում հարցեր կան: Իսկ ի՞նչ կլինի, եթե մոռանանք մեզ տանջող բոլոր հարցերի մասին ու սկսենք ապրել՝ առանց ամեն ինչ բարդացնելու: Այ, հենց նոր ես էլ ինքս ինձ հարց տվեցի: Երևի դա էլ այն հարցերից մեկն է, որ ինձ է տանջում: Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ:

Երբ մենք անհանգիստ ենք, մեզ խորհուրդ են տալիս հանգստանալ՝ ասելով, որ չգիտենք, թե վաղն ինչ կլինի: Իսկ մի՞թե արժե անհանգստանալ մի բանի համար, որն անորոշ է: Մի՞թե պետք է հազարավոր հարցերով լցնել մեր միտքը: Հարցերը բնակություն են հաստատում մեր ուղեղում ու սկսում կրծել մեր գեղեցիկ ու դրական մտքերը:

Մեր ուղեղը մի շատ սովորական սպիտակ թուղթ է, որն սպասում է, որ գրեն իր վրա, որ լցնեն հիշողություններով, երգի բառերով, հետաքրքիր տեղեկություններով: Իսկ մե՞նք, իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք այն լցնում ենք սևով գրված հարցերով: Ու էլ ոչ մի բանի համար տեղ չի մնում: «Հիասքանչ է կյանքը» դառնում է «հիասքա՞նչ է կյանքը», «կգաս»-ը՝ «կգա՞ս»։ Ու այ այս նշանը ամեն մի հստակ բան անհստակ է դարձնում ու անորոշ:

Բայց այդ հարցական նշանները երբեմն օգնում են: Օգնում են դիմացինի կարծիքն իմանալ: Այդ նշանը «սիրում ես ինձ»-ը վեր է ածում «սիրո՞ւմ ես ինձ»-ի, ու հնարավորություն է տալիս դիմացինին՝ կարծիքն արտահայտելու ու ստիպված չհամաձայնելու:

Ու իմ եզրակացությունը միայն մեկն է: Պետք է հիշել հարցական նշանների ու այդ բազում հարցերի մասին, բայց պետք է պահել դրանք ուղեղում կառուցած դարակներից մեկում: Դարակներում, որ հեշտ չլինի դրանք օգտագործելը, որ ամեն անգամ դրանք դուրս չգան այդ դարակներից ու չսկսեն կրծել մեր ուղեղները: Այլ լինեն մի փոքր անհասանելի ու թողնեն, որ ես, հարցերից հոգնած իմ ընկերը ու մնացած բոլորն ապրեն հստակ ու առանց տատանվելու: