margarita araqelyan

Հեքիաթներն այնտեղ են, որտեղ կան հեքիաթներին հավատացող մարդիկ

Մի քանի տարի առաջ մեր դպրոց Երևանից Ծաղկունք աշխատելու եկավ մի մանկավարժ-հոգեբան, ով հերիք չէր՝ հավատում էր հեքիաթներին, մի բան էլ կարողացավ հավատացնել մեզ՝ աշակերտներիս, մանկավարժներին, գյուղի բնակիչներին, իսկ հեքիաթների իսկական գիտակ տատիկներին դարձրեց իր գործընկերները՝ երեխաներին դաստիարակելու հարցում: Այն, ինչն առաջին հայացքից անհնար էր թվում:

Գրեթե երեք տարի առաջ Վարսենիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ մեր դպրոցում մեկնարկեց ու տարիներ շարունակ իրականություն դարձավ մի ծրագիր՝ «Տատիկի հեքիաթը»: Ամեն շաբաթ՝ չորեքշաբթի օրերին, մեր տարրական դասարանի աշակերտների տատիկներից մեկը հատուկ հրավերով գալիս էր դպրոց, մեր դպրոցի՝ իմ ամենասիրած գրադարանային անկյունում փոքրերի համար կարդում էր հեքիաթներ: Մենք՝ մեծերս, միշտ ժպիտով էինք նայում շարքով գրադարան բարձրացող փոքրիկներին, որոնց աչուկները փայլում էին ուրախությունից: Առանձնահատուկ ուրախությամբ էին դպրոց գալիս նաև տատիկները: Ինչպես ասաց ծրագրի ակտիվ տատիկներից մեկը՝ Կարինե տատիկը. «Մեզ համար շատ կարևոր է այս ամենը, մենք մեր թոռնիկներին հեքիաթների միջոցով մեր փորձն ենք փոխանցում, մասնակիցը դառնում նրանց դպրոցական կյանքի, մեր հոգեբանի ճիշտ ուղղորդմամբ կարողանում ենք քննարկել նրանց հետ շատ նրբին թեմաներ՝ մեծերի նկատմամբ հարգանքի, բարության, արդարության, հայրենասիրության և այլ երևույթների մասին: Մենք ամբողջ օրը ծանրաբեռնված ենք տարբեր հոգսերով և այստեղ գալը մեզ համար ևս դառնում է տոն, մենք էլ ենք ոգևորվում, որ մեր թոռնիկների համար նման լավ բան ենք անում»:

Հեքիաթային հանդիպումները չէին սահմանափակվում միայն հեքիաթների ընթերցմամբ. դասվարի և տատիկի հետ միասին մեր հոգեբանը քննարկում էր ծավալում հեքիաթի շուրջ, բեմադրում էին հեքիաթը, նկարում այն հատվածը, որը երեխային ամենից շատն էր դուր եկել: Երեխաները մեծ ոգևորությամբ սկսեցին կապվել գրքերին, սպասել չորեքշաբթիներին, տատիկներին հրավիրել բոլոր դպրոցական միջոցառումներին, շնորհակալական նամակներ գրել նրանց ու իրենց մանկական հիշողությունների մեջ պահել այդ ջերմ հանդիպումները:

«Տատիկի հեքիաթը» իր հեքիաթային շարունակությունը գտավ մեկ այլ, ոչ պակաս կարևոր ծրագրում՝ «Պատրաստվում ենք դպրոցին», որի նախաձեռնողը կրկին մեր ընկեր Խաչատրյանն էր: Մեր համայնքում չկան մանկապարտեզներ, մանկական ժամանցային կենտրոններ, դպրոցը միակ տեղն է, որտեղ մենք կազմակերպում ենք մեր հետաքրքիր առօրյան: Մեր համայնքի նախադպրոցական տարիքի երեխաները ոչ մի հնարավորություն չունեին նախնական պատրաստվածություն ձեռք բերելու դպրոցի համար, ինչի պատճառով շատերը դժվարությամբ էին հարմարվում ուսումնական գործընթացին: Այս հարցը լուծելու համար էլ ստեղծվեց ծրագիրը, որը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն փոքրերի, այլև մեր մեջ, քանի որ ավագ դպրոցականներս ևս հնարավորություն էինք ստանում մասնակցելու այդ դասերին՝ ուսուցանողների ու փոքրիկների համար ավագ ընկերոջ դերում:

Մենք մի քիչ նախանձով էինք վերաբերվում փոքրերին, քանի որ նրանք ավելի գունավոր ու հեքիաթային մանկություն ունեն, քան մենք ենք ունեցել, բայց միևնույն ժամանակ, հասկացանք, որ հեքիաթներն ինչ-որ տեղ հեռվում չեն, մենք ինքներս էլ կարող ենք ստեղծել մեր հեքիաթը: Ու ինչպես ընկեր Խաչատրյանն է ասում. «Հեքիաթներն այնտեղ են, որտեղ կան հեքիաթներին հավատացող մարդիկ»: Ու քանի որ ես արդեն վարակվել ու ոգեշնչվել եմ այս «հեքիաթով», գնամ իմ հեքիաթը հորինելու, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկն էլ հավատա իմ հեքիաթներին: