Հողը, արմատը, մարդը…

Ներածության փոխարեն

Իմ մանկական ամենավառ ու ամենազվարճալի հիշողություններից շատերը կապված են տատիս հեռախոսագրքի հետ: Դա մի մեծ նոթատետր էր, որի մեջ տատս տարիներ շարունակ հավաքել էր գյուղի բոլոր մարդկանց հեռախոսահամարները՝ սկսած այն պահից, երբ հեռախոսի գյուտը առաջին անգամ մտավ իրենց գյուղ: Նա հատուկ խնամքով էր վերաբերվում այդ նոթատետրին, և գուցե հենց դա էր պատճառը, որ մենք՝ թոռնիկներս, երբ նեղանում էինք նրանից, թաքուն գողանում էինք տատիս «աստվածաշունչը» և նկարում դրա էջերին: Հետո մի օր տատս հայտնաբերում էր մեր խզբզոցները և ստիպված նստում ու նորից սկսում էր նոր տետրի մեջ արտագրել: Կամ պատահում էր, որ մեծերից մեկը, չիմանալով տատիս այդ հատուկ պաշտամունքի մասին, պատահմամբ դրանից մի էջ պոկում էր՝ ինչ-որ հեռախոսահամար կամ հասցե գրելու նպատակով: Եվ տատս նորից ու նորից ստիպված սկսում էր արտագրել: Ու այդպես նա երևի մի հարյուր անգամ արտագրել է այդ հեռախոսագիրքը: Բայց այն, ինչ առանձնահատուկ էր դարձնում մեզ համար այդ տետրը, միայն տատիս պաշտամունքը չէր դրա նկատմամբ, այլ նաև այն, որ դա մի իսկական բանահավաքչական գործ էր՝ իսկական դասակարգում գյուղի բոլոր անհայտ ու հայտնի անունների: Այն ժամանակ մեզ այդ անունները մեռնելու աստիճան ծիծաղելի էին թվում (Է՜հ, սիրելի՛ ընթերցող, մի՛ մեղադրիր մեզ, մենք երեսառած ու անդաստիարակ երեխաներ չէինք): Էլ ի՞նչ իմանայինք, որ տարիներ հետո՝ այսօր, տատիս հեռախոսագրքի տարօրինակ անունները (oրինակ՝ Ճիճոյ Ռոզը, Ճլմոյ Էդոն, մորքյուր Վարդոն, Խլսուկը, Բլոճը, Դողկոն, Բուզիկի Մանվելը, Գոդոլի Սեդան, Բոմբիկ Արշոն, Ծռզուկը, Թարմ Ճոլոն, Լուլուխի Հայկազը, Շտուկի Մամիկոնը, Կռիս Մանվելը, Կազարած Սերոժը, Բլոյ Ադիկը, Շունլծողի Վազգենը, Կուռուղչի Ջանոն, Փութիկ Վենեռը…) պիտի դառնային մեր՝ մեծերի համար նախատեսված հեքիաթների վերնագրերը: Ու ամեն անգամ, երբ մութը իր վրձիններով սև է ներկում մեր տան պատուհանի ապակին, ես բացում եմ իմ նորօրյա հեքիաթի գիրքը ու մատս դնում պատահական «վերնագրի» վրա.

-Տա՛տ, Պեդեյ Սերոժն ո՞վ ա…

Ու այդ պահին հեքիաթը սկսվում է՝ իրական կյանքի հեքիաթը՝ իրական կյանքի հերոսներով: Կամ երբեմն պատահում է, որ ես անձամբ ականատեսն եմ դառնում հեքիաթի ստեղծման, երբ մեր տուն են գալիս տատիս ու պապիս սերնդակիցներից ոմանք:

Սի՛րելի ընթերցող, ստորև ուզում եմ քեզ պատմել իմ լսած զվարճալի պատմություններից մի քանիսը, որոնք լիքն են անսահման երևակայությամբ, գրոտեսկի հասնող պարզությամբ և աբսուրդով: Դե ինչ, պատմություն առաջին.

Կյող Պատոն

-«Կյող» ի՞նչ ա նշանակում, ժողովու՛րդ,-հարցրեցի ես մի անգամ, երբ էլի թերթում էի հեռախոսագրքի էջերը:

-Գող, ձեռից թույլ,- բացատրեց Երեմ պապիկը, և պատմությունը գնաց:-Էն էլ ի՜նչ գող էր… Էլ ասելու չի: Ինչ տեսներ կթռցներ…

Իրար հետ կաշխատեինք հանքում: Էն ժամանակ, որ պիտի հանքը պայթեցնեինք, ասում էինք ժողովրդին, որ տնից դուրս գային ու դուռ, լուսամուտ բաց թողեին, որ պայթյունի հարվածից չջարդվեն: Դե, ես իրանց բրիգադիրն էի: Ասեցի.  «Պատո՛ ջան, գնա ասա մարդկանց, թո՛ղ դուրս գան»: Ըտենց էտ անգամ Պատոյին ուղարկեցի: Մեկ էլ հաջորդ օրը մի հատ պառավ կնիկ էկել ա, հո՛ չի անիծում, հո չի անիծում, ասում ա. «Վայ, թաղեմ արևդ, էդ ինչ բերիք մեր գլխին»: Ասեցի. «Մայրի՛կ ջան, ի՞նչ ա էղել, հո ապակի բան չի՞ ջարդվել, մենք փողը կտանք»:  Ասեց. «Ի՞նչ ապակի, սաղ շենքի ժողովրդի կոշիկները չկան: Գործի չենք կարում էթանք. էտ ո՞ւմ էիր ուղարկել: Կգնամ ռայկոմի քարտուղարի մոտ բողոք…»:

Դե, էն ժամանակ սաղ կոշիկները մուտքում էին հանում: Պատոն էլ գնացել էր, որ ասի` տնից դուրս էկեք ու ձեռի հետ էլ սաղի կոշիկները հավաքել լցրել էր մի հատ մեշոկի մեջ ու տարել տուն: Գնացի ասեցի. «Պատո՛ ջան, ոնց գողացել ես, տար դիր տեղը: Թե  չէ հա՛մ ես պրեմիայից կզրկվեմ, հա՛մ դու, որ բողոքեցին լավ բան չի ըլնի»: Ըտենց մի կերպ համոզեցի, գնաց բերեց: Հիմա մի մեշոկ կոշիկ ա: Չգիտենք՝ որը ումն ա, որ տանենք տեղը դնենք: Ես էլ կանչեցի շենքի ժողովրդին ասեցի՝ էս դուք, էս էլ ձեր կոշիկները. ոնց կուզեք ջոկեք…

Է՜հ, Պատո՛, Պատո՛,-խորը շունչ քաշեց Երեմ պապիկը, ապա շարունակեց:- Հա՛, շատ գող էր, բայց մի անգամ իրա պատիժը ստացավ: Պերերիվի ժամն էր: Էս Պատոն գնաց, կալբասը բերեց, դրեց քարին, գնաց լվացվի, հացն առնի՝ գա: Մեկ էլ.

-Պատո՜, Պատո՜, շունը կալբասը տարավ,- գոռացինք մենք:

-Տար, տար, ես քու ըսենց ընենցըն, տար տենամ առանց խաց ո՞նց ա կուտես,- հայհոյել էր Պատոն շանը՝ հանգիստ լվանալով ձեռքերը:

Ու այստեղ հեքիաթն ավարտվեց: Երկնքից երեք խնձոր ընկավ՝ ինչպես միշտ, մեկը՝ Կյող Պատոյին, մեկը՝ Երեմ պապիկին, որ պատմեց հեքիաթը, մեկն էլ՝ քեզ, սիրելի՛ ընթերցող:

Մորքյուր Վարդոն

-Մորքյուր Վարդոյ Խաչիկըն կսիրեր հաշվապախ Հրանուշին,- սկսեց տատիկս իրեն բնորոշ հետաքրքիր ոճով,- մորքյուր Վարդոն էլ չէր խավնե ըտուն. կասեր. «էտի իմ տուն խարս չըպտի կյա: Ես Կռասիվոյ Գրետին կուզեմ, վերջ»: Ըտենց մի օր մորքյուր Վարդոն կջղայնանա Խաչիկի վրեն, մե պոլ (կես լիտրի կեսը) արաղ կառնի, կեթա ըտոնց տուն: Կասեն. «Բարով էկար, մորքյու՛ր Վարդո: Խե՛ր ըլնի»: Էս էլ կվերու կասի. «Խեր ա, բա ի՞նչ պըտի ըլնի: Էկեր եմ ձեր աղջկան տանեմ ընձի խարս, բայց հենց հմի պըտի շորերը խագցնեմ, տանեմ»: Կասի մե պոլ արաղըն ջեբից կխանի, կլցեն բաժակներըն. կլնի իրեք բաժակ: Կշնախավորեն, ըտուն կառնի կկյա: Իրիկուն Խաչիկն կկյա գործից, ըտուն կտենա: Կասի. «Ա՛յ մեր, էս ո՞վն ա»: Կասի. «Քու կնիկն ա: Կուզես՝ ուզի, չես ուզե՝ էսա: Վերջ»: Ըտենց, կամուսնանան, յոթը խատ էլ էրեխա կունենան: Բա՛…

 

Վա՜շ, ինչ ա կասի

 

Հարցնում ես՝ սիրու՞մ եմ կինո նայել: է՜հ…Այդ ի՞նչ հարց է. բա ոնց: Գիտե՞ս որն է սիրածս կինոն: Հոլիվուդի ֆիլմերից էլ լավն է՝ հավատա: Չէ՛, էդ կինոն հեռուստացույցով ցույց չեն տալիս, ո՛չ էլ համացանցում կարող ես գտնել: Դա այն ֆիլմերից է, որ ամեն անգամ սկսվում է, երբ ֆիլմի գլխավոր հերոսները՝ պապիկիս եղբայրը և նրա կինը, մեր տուն են գալիս: Ու այդ ժամանակ ամեն ինչ պատրաստ է ֆիլմը նկարելու համար. բոլորս սեղանի շուրջ ենք, գինին, բաժակները, արտաքին ու ներքին բոլոր դեկորացիաները…

Ուշադրություն, առաջին կադրը գնաց…

Իիիիիիի…Էս ինչի՞ չի սկսվում: էհ՜, հասկացա, ռեժիսոր ա պետք երևի: Բայց ո՞վ կդառնա էս կինոյի ռեժիսորը: Իիիիիի…..Էտ ինչի՞ եք բոլորդ այդպես վրաս նայում: Ո՞վ՝ ես: Հա, բայց ես անփորձ եմ, համ էլ…Հա, լավ համոզեցիք: Բայց ի՞նչ են անում ռեժիսորները կինոների մեջ…էհ՜, որ ասում եմ անտաղանդ ռեժիսոր եմ, չեք հավատում…Հա, հիշեցի…Պիտի երևի դերասաններին խնդիր տամ (այդպես էին ասում, չէ՞ ), բայց ո՞նց: Չէ, ավելի լավ է` ես ընդամենը հարց տամ: Համ էլ ինձ ներելի է. սկսնակ եմ, չէ՞: Լավ, անցանք «նկարահանումներին». թե չէ առանց կինո կմնամ:

Կադր1 (մի քիչ ռոմանտիկ). -Ժենի՛կ տատի, կպատմե՞ս՝ ո՞նց ամուսնացաք դու ու Սպարտակ պապիկը:

-Բալա՛ ջան, Սպոն սիրահարվել էր ընձի. ըտենց ամուսնացանք,- կարճ ու կոնկրետ պատասխանեց Ժենիկ տատիկը՝ մի քիչ ամաչելով:

-Աղչի, ի՞նչ ա կասի,- զարմացավ Սպարտակ պապիկը,- տո, դու էիր ընձի սիրահարվե:

-Վա՜շ, ի՞նչ ա կասի, ճժեր,- կրկնեց Ժենիկ տատիկը իր ամենահայտնի արտահայտությունը, որի մեջ և՛ ժխտում կա, և՛ զարմանք:

-Բա, որ չիր սիրահարվե, էտ ընչի՞ էիր գալիս մեր աղբյուրից սաղ օր ջուր տանում,- Ժենիկ տատիկը, կարծես թե, վատ իրավիճակի մեջ ընկավ:

-Իմ մեղքըն ո՞րն էր, որ գեղի միակ աղպուրըն ձեր տո՞ւնն էր,- տակից դուրս էկավ նա:

-Բա իմ մեղքըն ո՞րն էր, որ գեղի միակ աղպուրըն մեր յա՞նն էր: Սաղ գեղի աղջիկներըն պըտի ընձի սիրահարվեին,- պարծեցավ  Փնոյ Սպարտակը:

-Իմալ ա ըտենց սուտ կխոսաս …,-կռիվը թեժացրեց սիրահար տատիկը:

-Աղջի՛ Ժենո, էտ դու չէի՞ր գնացե մորդ ասե` սիրահարվեր եմ Սպոյին:

-Ես ըտենց պան չեմ ասե: Ես ուղղակի ասեր եմ . «Մամա՛, Վարազի ախպերըն պանակից էկեր էր, մեզի սաղիս ծեռով պարեվավ…Ծեռն էլ ընենց սիպտա՜կ էր, ընենց փափու՜կ». Էդքան պան…,- վերջացրեց  «չսիրահարված»  տատիկը…

-Վերջ: Իմ ուզած «կադրը» ստացա,- ուրախությունից վեր թռա ես,- Տաղանդ եմ, է, տաղանդ (Ինչ մեղքս թաքցնեմ,  շատ գլուխգովանն եմ,  ախր ): Լավ է՜, գնամ նոր նյութ գրեմ, ուղարկեմ «Մանանա»:

-Լալա՛, Էս ի՞նչ սատանա մտավ էս էրեխու մեջ,- ասաց Ժենիկ տատը իմ տատիկին, որ շատ է հավատում նման բաների:

-Սատանա չի, Ժենո, ժուռնալիստական պաներ են, կխասկընա՞ս,- հանգստացրեց նրան տատս, իսկ ես, իմ հայտնագործությունից ոգևորված, դուրս եկա սենյակից՝ թուղթ ու գրիչ փնտրելու:

 Հ.Գ. Քիչ անց ես արդեն բաց դռնից տեսա, թե ինչպես էին իրար մեջքով հենվել այդ երկու նահապետական կյանքի ներկայացուցիչները: Դա իրենից ներկայացնում է մի մեծ ընտանեկան լուսանկար, որում և՛ սեր կար, և՛ հարգանք, և՛ կորուստ ու ցավ, և՛ հաղթահարում ու դժվարություն, բայց ամենակարևորը` տարիների հավատարմությունն ու հոգատարությունն էր, որ շրջանակում էր այդ հրաշք լուսանկարը:

 

 

Վերջաբանի փոխարեն

Սիրելի՛ ընթերցող, թու՛յլ տուր, այս հոդվածում այսքանով ավարտել տատիս հեռախոսագրքում «ապրող» մարդկանց մասին զվարճալի պատմությունները: Դրանք անչափ շատ են ու հետաքրքիր: Հույս ունեմ, որ նյութս քեզ դուր եկավ. չէ՞ որ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կենցաղով էին ապրում մեր տատիկ-պապիկները և ինչ էին մտածում կյանքի այս կամ այն հարցի շուրջ: Հույս ունեմ, ու համամիտ ես, որ մենք շատ բան ունենք նրանց պարզ ու հասարակ կենցաղից վերցնելու: Այս նյութով ես ուզում եմ, քեզ և ինձ տանել դեպի արմատը. այնտեղ, որտեղից մենք սկսել ենք և  որտեղ էլ կվերջանանք: