anush davtyan

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 7

Ջոկատ-ջոկատավար հարաբերություններր կարգավորելու համար էս օրը լրիվ տրամադրեցինք երեխեքին։

Ջոկատի ներսում ընտրել էինք նոր ավագներ, ջոկատավարներ ու ճամբարի պետեր. ամեն ջոկատ առանձին ճամբարի տեսքով էր հանդես գալիս։ Իրական ջոկատավարներն էլ ուղղակի լուռ հետևում էին։
Դերերը փոխելուց հինգ րոպե հետո ջոկատիս նորակոչ ջոկատավարը հրաժարական էր տալիս.
-Թող ընկեր Անուշը գա` նոր ես կդառնամ ավագ։
-Մի հատ շա՜րք կանգնեք։ Տենց դժվա՞ր ա ուղիղ գիծ պահելը։
Էս հարցը ես ինձ տալիս եմ ԱՄԵՆ ՕՐ…
Մյուս ջոկատներում լսել եմ, որ ասեն.
-Վայ, մամա՛ ջան, էս ո՞ւր եմ ընկել։
Կողքից շատ հետաքրքիր էր էս ամեն ինչին հետևելը։ Երեխեքը հասկանում էին, որ թեկուզ մի ջոկատ շարք կանգնեցնելը անտանելի դժվար է, երբ քեզ չեն լսում, ուր մնաց՝ մի ճամբար։
Բացի դրանից՝ շաշկիի մրցույթ ենք անցկացրել։ Ամեն ջոկատից նշել ենք լավ խաղացողներին, հետո ներջոկատային մրցումներ ենք արել։ Մյուս օրն էլ երևի երկրորդ փուլն անենք արդեն հաղթողների հետ։
Նոր կանոններից չշեղվելով՝ հավաքվեցինք, որ գնանք արշավի։ Գնում էինք Վիշապաքար։
Վիշապարաքրը, պարզվեց, մի ցից կանգնած քար է գետի ափին, որի իմաստը կամ խորհուրդը ինձ էդպես էլ չբացատրեցին։
Բայց երեխեքը շատ ուրախացան։ Դե, գետի ափին էին, վազվզում էին, ջրում էին իրար։ Ընկեր Անուշին կենդանի վահանի տեղ էին դրել, հետևս էին մտնում, որ չջրեն իրենց։ Լավ էր, ես չոր մնացի։
Էդ արշավի ղեկավարը մեր նորակոչ ճամբարի պետն էր, որովհետև մենակ ինքը գիտեր ճանապարհը։ Աշխատում էր համախմբված պահել բոլորին, ջոկատավար էր «խառնում», որ ուղիղ գծով կանգնեն, բայց էս երեխեքի հեչ պետքն էլ չէր։ Ամեն մեկն իր գործին էր մնում։
Էս օրվանից գոնե մի բան պիտի մնա իրենց մեջ, գոնե մի տեղ մի բան փոխվի։ Կարող է՝ սկսեն հասկանալ մեզ, թե ինչու ենք գոռում տեղ-տեղ, ինչու ենք տանջված դեմքերով նայում իրենց։ Ինչո՞ւ ենք քամվել յոթ օրում։