Angelina Karapetyan

Մայրենի լեզվի միջազգային օր

Գիրք նվիրելու, Բարության տոներին հաջորդում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Նկատեցի՞ք, որ այդ երեք տոների միջև կապ կա: Քանի որ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, ցանկանում եմ հայոց գրերը ստեղծելու մասին գիտելիքներս հանձնել ձեզ:

Լեզուն մեր կյանքի, ինքնահաստատման առաջնային պայմանն է։ Մարդն օգտագործում է մայրենի լեզուն իր իսկ ծծնդյան առաջին ճիչի վայրկյաններից: Դեռևս վաղ ժամանակներում ստեղծվել է հայոց լեզուն, որը պատկանում էր ինքնուրույն լեզուների շարքին: Սակայն հայերեն կայուն գիր չունենալը վնաս էր հասցնում եկեղեցուն, նրա դիրքի ամրապնդման և ինքնուրույնության պահպանման համար պահանջվում էր, որ եկեղեցին հոգևոր արարողություններն իրականացնի ազգային լեզվով:

Մինչ Մաշտոցյան գրի ստեղծումը գոյություն ունեին նախամաշտոցյան` դանիելյան գրերը, որոնք գտնվում էին անմշակ վիճակում: Ըստ Մովսես Խորենացու` Վռամշապուհ արքան տեղյակ էր դանիելյան գրերի գոյության մասին: Այդ լուրը նա հայտնում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Նրանց ուրախությունը անսահման է լինում։ Փորձում են մշակել և դարձնել ազգային գիր: Սակայն դանիելյան այբուբենի տառերն ունակ չէին վանկ առ վանկ արտահայտելու հայերեն բառերի հնչյունները, այդ իսկ պատճառով երկու ուսուցիչները համախմբվեցին և նպատակ դրեցին ստեղծել նորը:

Մաշտոցը տառերը ստեղծում է Եդեսիայում: Ըստ իր աշակերտ Կորյունի` Մաշտոցին «Աստծուց շնորհվեց գրեր ստեղծելու բախտը և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին», որոնք 405 թվականին են ստեղծվել: Մաշտոցը հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ․․․

Մեծ ջանքերով մեր առաջին ուսուցիչները ստեղծեցին հայոց պետականությունը, մշակույթը, եկեղեցին և հայոց ազգը պահպանող մի հարստություն`գիրը, որից սերմանվեց նաև գրականությունը: Հայերենը համարվում է ամենագեղեցիկ, բարդ և իր մեջ բազում նրբություններ պարունակող լեզու:

Մեծագույն ցանկությունս է, որ մեր լեզուն մնա հայոց ազգին պահպանող շարժիչ ուժը: Կցանկանայի նաև, որ օտարերկրյա դպրոցներում նույնպես դասավանդեին հայոց լեզուն, որ մեր լեզուն էլ դառնար միջազգային։ Մեծ ակնկալիքներ ունեմ այս հարցի շուրջ: