anahit husikyan

Մանկություն տանող ուղի էլ չկա

Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար (Մ․ Մարկոկ)։ Իրոք, մանկության տարիներին ուզում ենք շուտ մեծանալ, բայց միայն մեծանալիս ենք զգում մանկության քաղցր համը։

Իսկ դուք նկատե՞լ եք այսօրվա երեխաների մտածելակերպի փոփոխությունը։ Առաջ, երեխաների համար մայրիկի շրթներկից մի փոքր օգտագործելը ամենամեծ երջանկությունն էր, իսկ բարձրակրունկներով քայլելը՝ ուղղակի երազանք: Ի՞նչն է երջանկացնում այսօրվա երեխաներին՝ նոր արտադրության սմարթֆոնները, սմարթ ժամացույցները և հսկայական զգեստապահարանները․․․ Իհարկե, այս ամենում չենք կարող մեղադրել երեխաներին, քանի որ ժամանակներն են այդպիսին, բայց ինչպես ասում են՝ ամեն բան իր ժամանակն ունի։

Դե, իսկ մանկության ավելի հասուն շրջան է համարվում դպրոցական կյանքը, որը ևս համալրում է կյանքիս լավագույն տարիները։ Որքան հետաքրքիր պահեր եմ անցկացրել դպրոցում ընկերներիս հետ՝ միահամուռ ուժերով կազմակերպված միջոցառումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, սոված անցկացրած պարապմունքներ և իհարկե այդ հոգնեցուցիչ ժամերը սփոփող, ուրախ և անհոգ զրույցներ՝ տուն գնալու ճանապարհին։ Այս ամենի հետ մեկտեղ, իհարկե չեմ կարող հերքել, որ չեն եղել հիասթափություններ, որոնք հաղթահարել եմ մեծ դժվարությամբ։ Երբեք չեմ ցանկանա, որ ինչ-որ դպրոցական երեխա զգա այն ամենը, ինչ ես էի երբեմն զգում՝ բազմաթիվ կեղծ ու շինծու խոսակցություններ, որ ինձ հանում էին հունից, երբեմն-երբեմն ընկերներիս արգահատելի պահվածք և ընդունակություններիս թերագնահատում։ Տարիների հետ հասկացա, որ դրանք լոկ խոսքեր են և չարժե կենտրոնանալ բացասական երևույթների ու մարդկանց վրա։ Այսօր ես զգում եմ իմ կյանքում կատարված բազմաթիվ դրական փոփոխություններ՝ ի հաշիվ այն բանի, որ ինձ հեռու եմ պահում շատերից, իսկ ընկերներիս շրջանակը համալրում են միայն ազնիվ, կենսախինդ և հոգով մաքուր մարդիկ։ Նրանք այն եզակիներն են, ում ես կարող եմ վստահել ցանկացած գաղտնիք, ովքեր պատրաստ են անշահախնդրորեն ինձ օգնել։